Ըստ այս շաբաթ Freedom House-ի հրապարակած վերջին զեկույցի` Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը արդեն դասվում են «մասամբ ազատ» երկրների (և տարածքների) շարքը:
Freedom House կազմակերպության 2013-ի զեկույցում ներկայացվում է աշխարհի 195 երկրներում և 14 «վիճելի տարածքներում» ժողովրդավարության, քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: Ուսումնասիրությունը ներկայացված է մի քանի կատեգորիաներով՝ ազատ, մասամբ ազատ, ոչ ազատ:
Ըստ զեկույցի հեղինակների` Հայաստանի քաղաքական իրավունքների վարկանիշը զգալիորեն բարելավվել է մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո բռնությունների բացակայության պատճառով, երբ ընդդիմադիր կուսակցությունները մտան օրենսդիր մարմին:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ըստ զեկույցի` «վիճելի տարածքներ» կատեգորիայում նրա կարգավիճակը զգալիորեն բարելավվել է` «ոչ ազատից» «մասամբ ազատի», որը պայմանավորված է հուլիսին նախագահական ընտրություններում ընդդիմության առաջին անգամ մասնակցությամբ: