
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանը խուսափեց նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց: Երդմնակալությանը չեն մասնակցի նաև Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունները` «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը և Հայ հեղափոխական դաշնակցությունը:
Ծառուկյանի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ նախօրեին ԲՀԿ խմբակցության ղեկավարը մասնավոր այցով մեկնել է արտերկիր: Արտերկիր կատարած մասնավոր այցը գերադասելով նախագահի երդմնակալության արարողությունից` Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարը իր այս քայլով առավել թեժացրեց Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ նախկին կոալիցիոն գործընկերներ Հանրապետականի և ԲՀԿ-ի հակամարտության վերաբերյալ խոսակցությունները: ԲՀԿ խմբակցության մյուս պատգամավորները չեն բացահայտում, թե մասնակելո՞ւ են երեքշաբթի կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստին, որի ընթացքում տեղի կունենա երդմնակալության հանդիսավոր արարողությունը, թե՞ ոչ:
Եթե ԲՀԿ խմբակցությունը որոշի նիստին չմասնակցել, ապա փաստորեն նախագահի երդմնակալությանը ներկա կլինեն միայն երկու կոալիցիոն խմբակցությունները` ՀՀԿ-ն և «Օրինաց երկիրը»:
Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը, որն անցյալ տարի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարվեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց, չի թաքցնում, որ ցանկանում է Երևանում իշխանությունն իր ձեռքը վերցնել: Մինչդեռ հանրապետականները վստահ են, որ մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում կհաղթի իրենց` ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած թիմը:
Նախագահի երդմնակալությանը մասնակցել-չմասնակցելու հարցը այս օրերին դարձել է կարևոր քաղաքական ինդիկատոր, որով էլ հնարավոր կլինի որոշել հետագա ներքաղաքական միտումները:
Նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, ապրիլի 9-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակում իր համակիրներին հրավիրել է մասնակցելու այլընտրանքային` «նոր Հայաստանի» երդմնակալությանը: Ավելի ուշ ընդդիմությունը երթ կանցկացնի: Երևանի քաղաքային իշխանությունները արգելել են երթը անցկացնել Բաղրամյան պողոտայով, որտեղ գտնվում է նախագահի նստավայրը: Ժառանգականները թեև համաձայն չեն քաղաքապետարանի առաջարկած երթուղուն, սակայն դեռ չեն մանրամասնում` կշրջանցե՞ն քաղաքապետարանի որոշումը, թե՞ ոչ:
ՀԱԿ-ն իր չմասնակցելը բացատրել է կեղծված ընտրությունների հանգամանքով: Իսկ Դաշնակցությունն այսօր հայտարարություն է տարածել` ասելով, թե իշխանությունները անհողդողդ են մնում երկրի առջև ծառացած մի շարք լրջագույն խնդիրների լուծմանը` արդարության հաստատմանը, ահագնացող աղքատությանն ու սոցիալական բևեռացմանը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթին և այլն: Այդ պատճառով Դաշնակցությունը նպատակահարմար է գտել չմասնակցել նախագահի երդմնակալությանը` միևնույն ժամանակ կոչ անելով «իշխանություն-ընդդիմություն քաղաքական միասնական օրակարգով արմատական և խորքային բարեփոխումներ» նախաձեռնել:
Միաժամանակ այսօր մամուլում երկու մտահոգիչ տեղեկություններ են տարածվել` առավել լարելով առանց այդ էլ լարված իրավիճակը նախագահի պաշտոնական և այլընտրանքային երդմնակալություններին ընդառաջ: Մասնավորապես, Yerkir.am-ը տեղեկություն տարածեց, որ բանակի մարտական հերթապահություն չիրականացնող զորամասերը բերվել են մարտական` առաջին պատրաստականության վիճակի: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է այդ տեղեկությունը` ասելով, որ պետք չէ այդ հարցը քաղաքականացնել: Հովհաննիսյանն ասել է, որ մարտական վիճակի են բերվել ոչ միայն Երևանում ու դրան մոտ տեղակայված, այլ ՊՆ մարտական հերթապահություն չիրականացնող բոլոր զորամասերը։ Նա ասել է, որ դա պայմանավորված է նախագահի երդմնակալության արարողությամբ, սակայն, ըստ ՊՆ խոսնակի` զինված ուժերը «նման պատրաստվածության են բերվում բոլոր տոնական օրերին, երբ արտաքին վտանգ կա»:
Իսկ ոստիկանությունը հանդես է եկել ընդդիմության վաղվա հանրահավաքի վերաբերյալ հայտարարություն-զգուշացմամբ` չբացառելով, որ կարող է ցրել ընդդիմության հավաքը:
«Նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը: Նման պարագայում ՀՀ ոստիկանությունը պետք է ձեռնամուխ լինի օրենքով սահմանված իր այլ պարտականությունների կատարմանը,- ասում է ոստիկանությունը և զգուշացնում,- Ակնհայտ է, որ եթե հավաքի կազմակերպիչը կամ առանձին մասնակիցներ, «այլընտրանքային եղանակով իբրև թե ստանձնելով Հանրապետության նախագահի լիազորությունները» փորձելու են կոնկրետ գործողություններով ձեռնամուխ լինել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով Հանրապետության նախագահին վերապահված լիազորություններ ու դրանից բխող այլ գործողություններ իրականացնելուն, ապա նման հանրորեն վտանգավոր արարքներ կատարողներին ՀՀ ոստիկանությունը հեռացնելու է հավաքի վայրից, իսկ եթե դա անհնարին լինի հավաքի մասնակիցների մեծ մասի կողմից նման գործողություններին միանալու կամ դրանց հավանություն տալու դեպքում, ապա ոստիկանությունը, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, պետք է դադարեցնի հավաքը, քանի որ այլ կերպ չի կարող արգելափակել հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»:
Ոստիկանությունը նաև հորդորում է անշեղորեն հետևել երթի անցկացման երթուղուն, որը բացառում է նախագահի նստավայրի մոտով անցնելը` ոստիկանության «անխուսափելի և համարժեք միջամտությունից և հնարավոր բախումներից խուսափելու համար»: