
Հայաստանում և սփյուռքում շարունակվում են տարբեր դրամահավաքները, ինչպես նաև սննդի, դեղորայքի հավաքումը պատերազմի պատճառով ծանր կացության մեջ հայտնված սիրիահայերի համար:
Հայ հեղափոխական դաշնակցության ջանքերով Հայաստանում ստեղծված «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը այս շաբաթ երկրորդ օդանավն է Սիրիա ուղարկել: «Սիրիական ավիաուղիների» մարդատար օդանավով Հալեպ է ուղարկվել 2 տ բեռ` կաթի փոշի և դեղորայք:
Նախաձեռնությունը, որ Հայաստանում մոտ երկու ամսում ավելի քան 45 տոննա սննդամթերք է հավաքել, մեկ շաբաթ առաջ էլ բեռնատար օդանավով էր Հալեպ 14 տ մարդասիրական օգնություն ուղարկել:
Քաղաքացիական նախաձեռնությունը համակարգող Լիլիթ Գալստյանն ասում է, որ դիտարկում են բեռները միայն մարդատար օդանավով տեղափոխելու ճանապարհը, քանի որ այլ ճանապարհ չկա («Սիրիական ավիաուղիների» օդանավը Սիրիա է հասնում Իրաքի և Իրանի օդային տարածքով):
«Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիայի համար, «Արմավիան» դադարեցրել է թռիչքներ իրականացնել դեպի Սիրիա, այնպես որ, միայն այս ճանապարհն է մնում: Ինթնաթիռը մարդատար է, և ուղևորների բեռներից հետո մենք ուղարկում ենք այնքան, որքան կտեղավորվի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Գալստյանը:
Գալստյանը տեղեկացնում է, որ բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ շարունակում են միանալ սիրիահայերին օգնելու գործին: Բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում գործում է նաև sms նվիրատվությունների ակցիա, որով 6300-ից ավելի բաժանորդներ 200-ական դրամ (մոտ 50 սենթ) են նվիրաբերել սիրիահայերի համար: Գալստյանն ասում է, որ այսուհետ նախաձեռնությունը բարեգործական ծրագրեր կիրականացնի նաև Հայաստանում և Ղարաբաղում հաստատված սիրիահայերի համար:
Սիրիայի հայկական կուռ համայնքը սկսեց լքել քաղաքացիական պատերազմից ավերվող երկիրը այս տարվա սկզբից, երբ կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև մարտերը տեղափոխվեցին հայաշատ Հալեպ: Սփյուռքի նախարարության տվյալներով` Հայաստանում այս պահին 3000 սիրիահայ կա, իսկ հակամարտության սկզբից մինչ օրը հայ զոհերի թիվը հասնում է մոտ 3 տասնյակի: Հայաստանում հաստատված սիրիահայերի մեծ մասը մտադիր է խաղաղություն հաստատվելուց հետո վերադառնալ Սիրիա: Իսկ Սիրիայում այժմ մնացած հայերի թվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան:
Սիրիահայերին օգնելու պատրաստակամության մասին են հայտարարել նաև հայկական բարեգործական երկու մեծ կազմակերպություններ` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
ՀԲԸՄ-ն չորեքշաբթի հայտարարեց, որ Հայաստանում միության ընդհանուր ժողովի ավարտին միության պատվիրակները և հյուրերը 250 հազար դոլար են հանգանակել սիրիահայերի համար: Ավելի վաղ միությունը 1 միլիոն դոլար էր հատկացրել սիրիահայության կարիքների համար:
Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշել է սիրիահայերի կարիքներին հատկացնել այս տարվա նվիրատվությունների 10 տոկոսը: