
Հայաստանում իրականացվող «ՔԵՆԴԼ» գիտական ծրագրի ղեկավարներն ասում են, որ այն առաջիկա տարիներին մեծ խթան կհանդիսանա տնտեսության ու գիտության զարգացման համար և կունենա ռազմավարական մեծ նշանակություն:
CANDLE (Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission, թարգմանաբար` սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն) ծրագրի շրջանակներում Հայաստանում մինչև 2017 թվականը կկառուցվեն երրորդ սերնդի երկու սինքրոտրոնային լույսի արագացուցիչներ, որոնցից առաջինի` AREAL լազերային գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցումը կավարտվի 2013-ի մայիսին:
Գիտնականներն ասում են, որ այս արագացուցիչներն հնարավորություն են տալիս ուսումնասիրելու ցանկացած տեսակի նյութի կառուցվածք` բջջից մինչև ատոմային մակարդակը: Արագացուցիչների շնորհիվ հնարավոր է ժամանակակից գիտական հետազոտություններ կատարել հիմնարար և կիրառական ուսումնասիրությունների ողջ տիրույթում` ֆիզիայի, քիմիայի, կենսաբանության, բժշկության, շրջակա միջավայրի, նյութագիտության, դեղագործության, նանոէլեկտրոնիկայի և միկրոարտադրության բնագավառներում: Էլեկտրոնիկայի, քիմիայի, դեղագործության բնագավառների աշխարհի բոլոր խոշոր ընկերություններն իրենց մշակումներն իրականացնում են սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ: Նման արագացուցիչներ ունեն միայն աշխարհի զարգացած երկրները` ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Անգլիան: Տարածաշրջանում, ինչպես նաև Միջին Արևելքում Հայաստանն առայժմ միակն է, որ նման արագացուցիչ կունենա:
Ծրագրի կառավարումն իրականացնում է Գիտության պետական կոմիտեն: Կոմիտեի նախագահ, ֆիզիկոս Սամվել Հարությունյանը ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ ծրագիրն ընդհանուր առմամբ կարժենա 60 միլիոն եվրո, որի 25 տոկոսը տրամադրում է Հայաստանի կառավարությունը: Ֆինանսավորման մյուս մասը տրամադրում են ծրագրի միջազգային գործընկերները` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Չինաստանի համանման միջազգային գիտական կենտրոնները:
«ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար Վասիլի Ցականովն էլ ասաց, որ մայիսին շահագործվելիք AREAL-ը կարևոր գիտական և կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար: Ցականովը այս սարքի կառուցումը կարևորում է երկրորդ` «ՔԵՆԴԼ» հիմնական արագացուցչի կառուցման համատեքստում:
«Այս արագացուցչի կառուցմամբ Հայաստանում կստեղծվի էլեկտրոնային արագացուցիչների և դրանց կիրառման ժամանակակից գիտահետազոտական փորձարարական լաբորատորիա, միջազգային մակարդակով մասնագետներ կպատրաստվեն Հայաստանում, կձևավորվի «ՔԵՆԴԼ» հիմնական արագացուցչի կառուցմանը պատրաստ գիտնականների և ինժեներների անձնակազմ, կփորձարկվեն «ՔԵՆԴԼ» հիմնական արագացուցչի հիմնական համակարգերի տեխնիկական լուծումները, կզարգանա միջազգային համագործակցությունը»,- ասաց Ցականովը:
Գիտնականներն ասացին, որ «ՔԵՆԴԼ» հիմնական արագացուցիչը հավանաբար կտեղադրվի Երևանի մերձակա Աբովյան քաղաքում: Իսկ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը Երևանի Ավան վարչական շրջանում է:
Հարությունյանը թեև խուսափեց նշելուց, թե «ՔԵՆԴԼ»-ը ստույգ որքան օգուտ կբերի Հայաստանի տնտեսությանը, սակայն ասաց, որ որոշ ոլորտներ «թռիչքաձև զարգացում» կունենան, բացի այդ, Հայաստանում կվերականգնվի գիտության վարկանիշը: