
Քայլ առ քայլ տեխնոլոգիան, որը կիրառվել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում, սկսում է հաջողությամբ օգտագործվել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործում:
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և երկուշաբթի երեկոյան հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը նշել է. «Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում: Քննարկվեցին երկու պետությունների փոխգործակցության հարցեր»:
Հանդիպումից հետո Դավիթ Բաբայանը նշել է, որ սա Ղարաբաղի արտաքին քաղաքականությունում նոր փուլի մեկնարկ է: «Մենք շահագրգռված ենք տարբեր երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և դա չենք պայմանավորում այլ հարցերով, մասնավորապես, ճանաչման հետ կապված: Ճանաչումը Ղարաբաղի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցն է, սակայն դա իդեա ֆիքս չէ»,- ասել է Բաբայանը:
Ըստ էության, Ղարաբաղը ձեռնամուխ է եղել այլ երկրների հետ հարաբերությունները կարգավորելուն` նրանցից չպահանջելով պաշտոնական ճանաչում: Թեև լավ հարաբերություններն ու տնտեսական կապերը ճանաչման լավագույն միջոցն է: Եվ Ուրուգվայի` նման բարձրաստիճան պաշտոնյայի այցն արդեն նշանակում է ճանաչում: Հայկական երկու պետությունների արտգործնախարարություններում կարծում են, որ օտարերկրյա պետությունների հետ բարեկամական հարաբերությունները կնպաստեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծմանը և պատերազմի կանխմանը:
Դավիթ Բաբայանի խոսքով`ԼՂՀ նախագահը նշել է, որ ամենատարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունները պետք է որակական նոր մակարդակ բարձրացնել:
Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպեց արտաքին քաղաքականության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն և հայ-ուրուգվայական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ անցյալ տարի Ուրուգվայում անցկացվեց սեմինար, որի ընթացքում արտգործնախարար Լուիս Ալմագրոն կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը կարող է բնական հուն մտնել: «Սա մի գործընթաց է, որ պետք է իրականացվի քայլ առ քայլ: Այս այցը և հանդիպումը առաջին քայլերն են, որոնք պետք է շարունակություն ունենան»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
«Արցախ այցելությունն առանձնակի համարձակություն չի պահանջում, սա սոսկ քայլ է: Մենք հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ ունենք»,- նշել է Ռուբեն Մարտինես Ուելմոն:
Ուրուգվայը 1965 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է: Այն հարցին, թե հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, պարոն Ուելմոն պատասխանել է. «Տեսականորեն` այո: Սակայն սա քաղաքական գործընթաց է, որը պետք է իրականացվի քայլ առ քայլ: Պետք է հավաքել բոլոր քայլերը և քաղաքական ուժերին ներկայացնել փաստարկները»:
Այս տարբա մայիսին Երևան ժամանեց արտգործնախարար Լուիս Ալմագրոն: Երևանում Ալմագրոն հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղը սերտորեն շաղկապված է Հայաստանի հետ, և սա Ղարաբաղի ապագան է, որը նա կարող է ընտրել` օգտագործելով ինքնորոշման իրավունքը»: Տեղեկատվություն էր հայտնվել, որ նա կայցելի Ղարաբաղ, սակայն այցն այդպես էլ չկայացավ: Սակայն ճանաչման գործընթացը գործարկված է: ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգի Ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին բանաձև ընդունեց, որում կոչ էր արվում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատը օգոստոսի 6-ին բանաձև ընդունեց` կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին սատարելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը և ժողովրդավարական անկախությունը:
Հոկտեմբերին ԼՂՀ-ն ճանաչելու կոչով դաշնային իշխանություններին դիմեց Ավստրալիայի ամենամեծ` Նոր Հարավային Ուելսի նահանգի օրենսդիր ժողովը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ-ն ճանաչելու և այլ երկրների հետ կապեր հաստատելու ակտիվ աշխատանք են կատարում ՀՅԴ-ն և Հայ դատի հանձնախմբերը: Ավանդական հայկական կուսակցության ջանքերով այս տարի Ղարաբաղ են այցելել Ֆրանսիայի, Շվեյցարիայի, այլ երկրների խորհրդարանականներ: