
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը հերքում է այն տեղեկությունը, թե Տիգրան Սարգսյանին առաջարկվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը` ասելով, թե «նման բան գոյություն չունի»:
«Վարչապետը շարունակում է պաշտոնավարել, նման բան գոյություն չունի, ես հերքում եմ այդ տեղեկությունը»,- «ԱրմենիաՆաուին» այսօր փոխանցեց վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը:
Այս մասին այսօր գրել է «Առավոտ» օրաթերթը` պնդելով, թե իր ունեցած տեղեկություններով Տիգրան Սարգսյանի (վարչապետի պաշտոնը 2008-ին ստանձնելուց առաջ նա տաս տարի ղեկավարել է Հայաստանի կենտրոնական բանկը) համար լոբբիստական աշխատանքներ Ռուսաստանում իրականացնում են մի շարք խոշոր բանկիրներ, գործարարներ, որոնց թվում են վարչապետի համակուրսեցի, «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միլլեր, ԱՊՀ ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը և այլոք:
«Մեր տեղեկությունների համաձայն` նման առաջարկով վարչապետ Սարգսյանին դիմել է անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը` Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»,- գրել է թերթը:
Այս տեղեկությունը բավականին տարօրինակ է թվում հատկապես այլ կոնտեքստում, որ Հայաստանի վարչապետը` որպես ավելի շատ եվրոպական կողմնորոշում ունեցող գործիչ, վերջին մեկ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ դեմ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրասիական միությանը անդամակցելու գաղափարին: Իսկ վերջերս էլ նա հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունը փակում է Ռուսաստանի կողմից իրականացվող «Համերկրացիներ» միգրացիոն ծրագիրը` արժանանալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի քննադատությանը, թե հայերին «ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում», և «երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել»:
Բացի այդ` մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում վարչապետի պաշտոնանկության հետ կապված: Մասնավորապես, վարչապետի պաշտոնանկության պահանջ է ներկայացրել իշխող Հանրապետականի հետ ընտրություններից հետո կոալիցիա չկազմած «Բարգավաճ Հայաստանը»: Նախքան ընտրությունները մամուլում բազմաթիվ հրապարակումներ կային այն մասին, որ ԲՀԿ-ն կոալիցիա մտնելու համար ՀՀԿ-ից պահանջել էր վարչապետի պաշտոնը, և քանի որ դա տեղի չունեցավ, հրաժարվեց մտնել կոալիցա: Այժմ նույն տեղեկությունը շրջանառվում է նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու հետ կապված:
Ինքը` վարչապետը, անցյալ շաբաթ խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում այդպես էլ հստակ չպատասխանեց թե իր հրաժարականի, թե իր պաշտոնանկության մասին հնչած բազմաթիվ հարցերին: Տիգրան Սարգսյանը միայն ասաց, որ առաջիկայում կարող են նախաձեռնվել սահմանադրական փոփոխություններ` ավելացնելու փոխվարչապետների թիվը` հիմք տալով ենթադրությունների, որ այսպիսով նա կփորձի պահպանել իր պաշտոնը, իսկ փոխվարչապետերից մեկն էլ կարող է լինել ռուսամետ ԲՀԿ-ի ներկայացուցիչը:
Եվ չնայած այս ամենին, հայ վերլուծաբանները խուսափում են գնահատականներ հնչեցնել «Առավոտում» այսօր հրապարակված տեղեկության հետ կապված` ասելով, թե չեն ուզում մեկնաբանել խոսակցությունների մակարդակի վրա գտնվող տեղեկությունը: Քաղաքապետ Երվանդ Բոզոյանը միայն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ Հայաստանի նման հասարակություններում վարչապետի` այլ երկրում ոչ քաղաքական պաշտոնի անցնելու լուրերը «նորմալ են ընդունվում»:
«Ցավոք սրտի, սովորաբար նախկին գաղութային երկրներում, երբ մետրոպոլիաներից բավականին շատ կախվածություն են ունենում, նմանապիտ պատկերացումները համահունչ են հասարակության պատկերացումներին: Տեսականորեն հնարավոր է, որ այդպիսի բան լինի, և մարդիկ ըմբռնումով են վերաբերվում դրան»,- «ԱրմենիաՆաուին» փոխանցեց Բոզոյանը:
Վարչապետի Ռուսաստանում պաշտոնի անցնելու հավանականությունը «անհնարին» չի համարում նաև ռուսական «Ռեգնում» գործակալությունը, որն այսօրվա իր հրապարակման մեջ բերում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրինակը, ով անցյալ տարի սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից` որոշ ժամանակ անց ստանձնելով ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը: