
Անցյալ շաբաթ Ադրբեջանը համակած բողոքի ալիքը կարող է Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմական արկածախնդրության դետոնատոր դառնալ:
Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանում միջադեպը նման է «արաբական գարնան» սկզբին, համարում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ստեղծված իրավիճակում, քաղաքագետի կարծիքով, չի բացառվում, որ պաշտոնական Բաքուն կփորձի բնակչության դժգոհությունն ուղղել ղարաբաղյան հարցի դեմ և հասարակության մեջ դժգոհությունը փոխարինել ազգայնամոլությամբ: «Հնարավոր է, ադրբեջանական կողմը փորձի շիկացնել իրավիճակը ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում»,- համարում է քաղաքագետը:
ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը նույնպես մտածում է, որ Ադրբեջանի իշխանությունների շրջանում աճում է գայթակղությունը` հասարակության զայրույթն ուղղել Ղարաբաղի կողմը. «Իշխանությունները ժողովրդի մեջ կսրեն «հայրենասիրական» զգացումները` բնակչության ուշադրությունը ներքաղաքական հիմնախնդիրներից «թշնամիների» վրա տեղափոխելու համար, ինչպիսիք այնտեղ համարում են հայերին և Ղարաբաղը»:
Հիշեցնենք, որ Իսմայիլլիի շրջկենտրոնում բնակչությունը, դժգոհ Ալեքպերովների կլանի խանական կառավարումից, որոնցից մեկը ղեկավարում է շրջանը, իսկ մյուսը Ադրբեջանի կառավարությունում նախարար է, այրել է կլանին պատկանող մեքենան և հյուրանոցը: Սա երկրում հարուցեց բողոքի ալիք. Բաքվում ակտիվացան քաղաքացիական նախաձեռնությունները և ընդդիմադիր կուսակցությունները:
Ուշագրավ է, որ դա տեղի ունեցավ նույն օրը, երբ Մեխիկոյում ապամոնտաժվեց ներկայիս նախագահի հոր, Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևի արձանը: Սա ոչ միայն ուժգին հարված էր Ալիևի վարչակարգի հեղինակությանը, այլև նշան, որ Արևմուտքը դեմ չէ նաև երկրում վարչակարգի ապամոնտաժմանը:
Աշնանը Ադրբեջանում կանցկացվեն նախագահի ընտրություններ, և չի բացառվում, որ այս անգամ Արևմուտքին և տեղական ընդդիմությանը կհաջողվի փոխել վարչակարգը, որի հետ արդեն դժվարանում են աշխատել նույնիսկ նավթային ընկերությունները: Անցյալ տարին նշանավորվեց Ալիևի և բրիտանական «Բրիթիշ փեթրոլիումի» միջև բախումով, որը նավթային Ադրբեջանի գլխավոր ներդրողն է: Հայտարարվեց, որ երկրում նավթի պաշարները սպառվում են, և սա նույնպես հարված էր վարչակարգին:
Ուշագրավ է, որ հունվարի 27-ին ոստիկանությունն արգելել է «Մուսավաթ» հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարին մտնել Ադրբեջանի հարավում գտնվող Լենքորան քաղաք: Երկու շաբաթ առաջ Ղամբարի ավտոշարասյունը նույնպես հարձակման էր ենթարկվել Լենքորան մտնելիս, որոնց հատուկ սովորեցրել էին պաշտոնատար անձինք:
Լենքորանը Ադրբեջանի լեզգիաբնակ շրջան է, ինչպես Ղուբան և Իսմայիլլին, որտեղ տեղի են ունեցել բողոքի իրադարձությունները: Փորձագետները խոսում են Ադրբեջանում լեզգիների ազգային շարժման ակտիվացման մասին և, հավանաբար, հենց դա է ամենաշատն անհանգստացնում Ալիևի վարչակարգին: Երկիրը կարող է քայքայվել լեզգիների և թալիշների (իրանցի ժողովուրդներ, որոնք 1918-ին հայտնվեցին իրենց թուրքական համարող Ադրբեջանի կազմում) ազգային շարժման դեպքում: Հենց այս սպառնալիքը կարող է ստիպել Ալիևին ռազմական արկածախնդրություն սկսել Ղարաբաղում: Բառացիորեն օրերս տարածվեց տեղեկատվություն, որ Ադրբեջանը Թուրքիայում գնել է 300 մմ տրամագծի Т-300 Qasırqa հրթիռային համակարգեր, որոնք նախատեսված են 100 կմ-ից ավելի հեռավորության վրա հակառակորդի թիրախներ ոչնչացնելու համար:
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության գծով փորձագետ, քաղաքագիտության թեկնածու Անժելա Էլիբեգովան, անդրադառնալով ներքին քաղաքականության գործոններին, նշում է նաև քրդական հարցը. «Այն, որ Ադրբեջանում քրդերը «հատուկ» իրավունքներ ունեն, պարբերաբար գրում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները: Նախիջևանում` Հեյդար Ալիևի պայմանական հայրենիքում, այսօր բնակչության մեծ մասը կազմում են քրդերը, սակայն Ալիևների կառավարման տարիներին նրանք բնակություն են հաստատել թալիշների և լեզգիների պատմական հողերում»,- նկատել է Անժելա Էլիբեգովան:
Իր հերթին էթնիկ և կրոնական հակամարտությունների գծով ամերիկացի մեկնաբան Ջեյմս Դորսին հայտարարել է, որ Կովկասը, ներառյալ Ադրբեջանը, ապահովագրված չէ այն կարգի ցնցումներից, որոնք եղել են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: