
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նամակով դիմել է ՄԱԿ-ին` Ստեփանակերտի օդակայանի վերագործարկման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչով:
Օդակայանը, որը գործում էր 1990-ականների սկզբին, վերակառուցվել է և պատրաստ է թռիչքներ իրականացնելու, սակայն Ադրբեջանի իշխանությունները սպառնում են հարվածել դեպի Ղարաբաղ թռչող բոլոր քաղաքացիական օդանավերին, որոնք կխախտեն Ադրբեջանի օդային տարածքը:
Նամակում Միրզոյանը մեղադրում է Ադրբեջանին, որը ստահոդ քարոզարշավ է ծավալել Ստեփանակերտի օդակայանի վերագործարկման վերաբերյալ` նպատակ ունենալով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և «արդարացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման` Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը»:
Նախարարը կոչ է արել ՄԱԿ գլխավոր քարտուղարին, Միավորված ազգերի կազմակերպությանը և նրա մասնագիտացված գործակալություններին, ինչպես նաև բոլոր խաղաղասեր անդամ-պետություններին Ստեփանակերտի օդակայանի վերագործարկման հարցում աջակցություն ցուցաբերել, որպեսզի ԼՂՀ ժողովուրդը կարողանա իրացնել իր հիմնարար իրավունքները և ազատությունները:
Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ստեփանակերտի օդակայանի վերագործարկումը կնպաստի միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին դաշնագրի նպատակների և խնդիրների իրականացմանը և կարող է ծառայել որպես վստահության ամրապնդման միջոց` նպաստելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում առաջընթացի ապահովմանը: