Սիրիահայ տնտեսագետ. «Ես ուզում եմ մենակ՝ մեզ էն աչքով նայեն, որ մենք հայաստանցի ենք, սիրիահայ չենք»

Harout Paloulyan
Harout Paloulyan

Սիրիահայ տնտեսագետ Հարութ Փալուլյանը առաջին անգամ Հայաստան էր եկել 2008-ին՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու և արձակուրդն անցկացնելու, երկրորդ անգամ՝ 2010-ին՝ եղբոր հարսանիքին, իսկ այս հուլիսին Հայաստան է եկել արդեն վերջնական մնալու:

Հարութը կարողացել է Երևանում աշխատանք գտնել այստեղ գալուց մեկ շաբաթ անց: Հայաստան գալու 3-րդ օրը նա տվել է մամուլի ասուլիս, որը տեսել է ֆինանսական կառավարման համակարգերի մշակումով զբաղվող «Հայկական ծրագրեր» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը:

Ընկերությունից զանգահարել են Հարութին ու խնդրել ուղարկել ինքնակենսագրականը, հետո առաջարկել են հարցազրույց անել աշխատանքի ընդունվելու համար: Ընկերությունում Հարութին սովորեցրել են հաշվապահության հայերեն տերմինները և աշխատանքի ընդունել տեխնիկական սպասարկման բաժնում:

Սիրիայում Հարութն աշխատել է երկու մեծ կազմակերպությունում՝ մեկում գլխավոր հաշվապահ, մյուսում՝ հաշվապահ: Նա Հայաստան է եկել մոր, քրոջ և քեռու աղջկա հետ: Իսկ եղբայրը Հայաստանում է ապրում արդեն 10 տարի:

Հարութի քույրն էլ է տնտեսագետ և մինչ պատերազմը Հալեպում պետական կառույցում բաժնի պետ է եղել: Այժմ այդ կառույցի աշխատողները հետապնդվում են: Հարութի քույրն ուզում է Սիրիա վերադառնալ, սակայն ընտանիքը թույլ չի տալիս և շարունակում է աշխատանք փնտրել նրա համար, բայց դեռ առանց արդյունքի: Հարութի քույրը մի քանի սիրիահայի հետ «Հայկական ծրագրերում» մասնակցում է հաշվապահության հայերեն տերմինների դասընթացի:

Հարութը չի վերադառնալու Հալեպ, նույնիսկ երբ իրավիճակը հանդարտվի: Եթե քույրը աշխատանք գտնի Հայաստանում, նույնպես չի վերադառնա Հալեպում ապրելու: Միայն մայրն է, որ կարող է ժամանակ առ ժամանակ գնալ-գալ: Հարութը դեռ չի պատրաստվում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, բայց մայրն ու քույրն արդեն դիմել են:

Ընտանիքի բարեկամները շարունակում են Հալեպում մնալ: Հարութ Փալուլյանի խոսքով՝ նրանց հետ ամեն օր կապվում են: Բարեկամները կանխատեսում են, որ Հալեպում վիճակն օրեցօր վատանալու է:

Սիրիայում զոհված հայերի մեջ կան Հարութի ընկերները: «Առաջին զոհը՝ Վիգենը, իմ մոտիկ ընկեր է: Զինվորական էր և իր արդեն վերջին մի շաբաթն էր, պիտի ծառայությունից արձակեին»,- պատմում է Հարութը:

Իրավիճակը Հալեպի հայկական թաղամասի այն հատվածում, որտեղ Փալուլյանները ապրում էին, հանդարտ է: Բայց միևնույն է՝ փողոց դուրս գալիս զոհվելու հավանականություն կա: Նոյեմբերի սկզբին հարևան թաղամասում պատահական գնդակից զոհվեց Վարդան Խաչատրյանը, ով աշխատում էր մոտակայքի խանութներից մեկում: «Հարևան էր, ամեն օր՝ գործի գնալու ժամանակ, կտեսնեի»,- ասում է Հարութը:

Փալուլյանների տունը Հալեպում չի վնասվել ռազմական գործողություններից: Երբ արդեն վերջնական Հայաստանում հաստատվեն, Հալեպի տունը կվաճառեն և այստեղ տուն կգնեն, իսկ այժմ նրանք Երևանում վարձով են ապրում: Հարութի խոսքով՝ իրենց տան տերը շատ լավ մարդ է. չի օգտվել առիթից և սիրիահայերի համար հավելյալ վարձավճար չի սահմանել: Բայց Հարութը ճանաչում է բազմաթիվ հայաստանցիների, ովքեր, հենց սիրիահայերը սկսեցին Հայաստան գալ, բարձրացրին տների վարձավճարները՝ փոխանակ իջեցնելու: Հարութի խոսքով՝ այդ հայաստանցիները մոռանում են, որ սիրիահայերը «պատերազմից են փախել»:

«Ես ուզում եմ մենակ՝ մեզ էն աչքով նայեն, որ մենք հայաստանցի ենք, սիրիահայ չենք, սփյուռքահայ չենք: Ցավոք սրտի, շատ-շատ նայում են, որ մենք սփյուռքահայ ենք»,- ասում է Հարութ Փալուլյանը:

Նա հավելում է, որ եթե որևէ մեկը պատերազմից փախչի ու գնա Հալեպ, ապա բոլոր հայերը կբացեն իրենց դռները և կասեն՝ «հրամմեցեք»՝ անկախ նրանից այդ մարդը հա՞յ է, քրիստոնյա արա՞բ, թե՞ մահմեդական:

«Հոմսի մեջ որ սկսվեց պատերազմը, Հալեպ փախան ժողովուրդը՝ մուսուլմաններ: Մեր քրիստոնեական շրջաններին չեկան, բայց մուսուլմանների շրջաններին եկել են: Մուսուլմանները իրենց դուռերը բացել են, ասել են՝ «եկեք մեզ հետ մնացեք, մինչև Հոմսը հանդարտի»: Շատ քրիստոնյաներ կային, որ եկել են Հալեպ, քրիստոնյաների դուռերը զարկել են, քրիստոնյաները ասել են՝ «հրամմեցեք»: Մենք էդպես ենք վարժվել: Կարող է՝ դրա համար մի քիչ ծանր ենք զգում, որ, կոպիտ ասած, կողոպտում են»,- ասում է Հարութը:

Նրա խոսքով՝ սիրիացիների ստացած աշխատավարձերը հնարավոր չէ համեմատել հայաստանցիների աշխատավարձերի հետ:

«Սիրիա, օրինակ, որ 250 դոլար առնես, կարող ես ամիսը դու թագավոր ապրել: Էստեղ 250 դոլարը ի՞նչ է: Չես կարող բաղդատություն անել: Հայաստանյան դրամը բարձր է. հայաստանյան դրամը 400 է մի դոլարը, Սիրիայում 70 է»,- ասում է նա:

Վերջին 1,5 տարում Սիրիայում ապրանքների գները բարձրացել են՝ գրեթե հավասարվելով հայաստանյան գներին: Իսկ մինչ պատերազմը Սիրիայում ապրանքները շատ ավելի էժան էին: Հարութի խոսքով՝ Սիրիայում հացը մի քանի անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Սիրիայում 300 դրամին համաժեք հացը մոտ 7 կգ է: Հագուստը ևս Սիրիայում ավելի էժան է, հիմնականում չինական արտադրության է, բայց կա նաև տեղական արտադրության: Չինաստանից Սիրիա ապրանք ներմուծելն ավելի էժան է, քանի որ մաքս չի գանձվում: Սիրիայում կոմունալ վարձերը, տարբեր հարկատեսակներ ցածր են և վճարվում են տարին մեկ անգամ:

Հարութի խոսքով՝ այժմ ամբողջ աշխարհը Սիրիայի դեմ է, և բազմաթիվ երկրներ թույլ չեն տալիս Սիրիայի քաղաքացիներին հատել իրենց սահմանը: Սիրիահայը շատ կարևորում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները ռազմական գործողությունների պայմաններում էլ շարունակում են աշխատել Սիրիայում, և այդ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել սիրիացիներին:

«Մենակ վիզա տալը արդեն մեծ բան է: Որ հիմա ես գնամ ամերիկյան դեսպանատուն, ասեմ՝ «ես ամերիկյան վիզա եմ ուզում», կասեն՝ «դու սուրիացի ես, դուրս արի»: Էն աստիճան հասավ սիրիացիներու պարագան»,- ասում է Հարութը: Նա նաև դրական է համարում Հայաստանում իրականացվող «Օգնիր եղբորդ» ծրագիրը:

Հարութի խոսքով՝ Հալեպում շատ քիչ են հայերը, ովքեր արաբական դպրոցներ են հաճախում: Հարութն ավարտել է Քարէն Եփփէ ազգային ճեմարանը և Հալեպի համալսարանը: «Ես մի քիչ արևելահայերենը սովորել եմ: Որ արևմտահայերեն խոսեմ, հաստատ-հաստատ արաբերեն բառեր կասեմ»,- ասում է նա:

Հարութը նաև գիտի անգլերեն ու շատ քիչ՝ թուրքերեն, որը լսել է տանը արևմտահայ տատից ու պապից: Այժմ մտածում է թուրքերենի իմացությունը խորացնելու և ռուսերեն սովորելու մասին: Հարութը չի հասկանում հայաստանցիների խոսակցական հայերենում գործածվող ռուսերեն բառերը և հաճախ հարցնում է դրանց նշանակությունը: Նման ռուսերեն բառերից միայն մի քանիսի նշանակությունը գիտի (привет – բարև, вообще – ընդհանրապես, просто – պարզապես):

«Սփյուռքահայը ընդհանուր առմամբ իր հայ մշակույթը ավելի գիտի, քան հայաստանցին: Հայաստանցիի մեղքը չի, որովհետև հայաստանցին ինքը իր մշակույթի մեջ է ապրում: Մենք օտար երկիրներու, օտարներու մեջ ենք ապրում: Դրա համար մենք՝ սփյուռքի հայերը, միշտ իրար բռնում ենք, որ մեր մշակույթը, մեր լեզուն պահպանենք: Մենք փոքր տարիքից սովորում ենք, որ չմոռանանք, որ մենք հայ ենք: Մեկ էլ մեզ ստիպում են, որ հայերեն կարդանք, որ չմոռանանք մեր հայ լեզուն: Մենք գիտենք՝ սասունցին ոնց է հագնվում, մարաշցին ոնց է մտածում, քիլիսցին… Դե, պապենական որ եկել է»,- պատմում է Հարութը:

Նրա հավաստիացմամբ՝ Սիրիայի հայկական դպրոցներում երեխաներին սովորեցնում են, թե Հայաստանում ինչ սարեր, եկեղեցիներ, քաղաքներ ու գյուղեր կան:

«Մենք պուճուր տարիքից մտածում ենք՝ Հայաստան գնանք, էդինչ լեռը գնանք, էդինչ քաղաքը գնանք, Երևանը տեսնենք, Հրապարակը տեսնենք, Օպերան տեսնենք: Դե, դուք տեսնում եք, բայց մենք չենք տեսնում դա, դրա համար միշտ երազանքով ենք ապրում՝ գնանք, տեսնենք, սարերը բարձրանանք»,- ասում է Հարութը:

Նա Հայաստանում այցելել է բավականին շատ վայրեր. եղել է Օձունում, Դսեղում, Շուշիում, Ստեփանակերտում, Սարդարապատում, Խոր վիրապում, Զվարթնոցում: Երբեմն արշավների է գնում Երևան եկած սիրիահայ ընկերների հետ: Հարութի ընկերների մի մասը ուզում է հաստատվել Հայաստանում, մի մասը՝ գնալ Եվրոպա, մի մասն էլ մտադիր է պատերազմի ավարտից հետո վերադառնալ Սիրիա:

Leave a Reply

css.php