Պտույտ Ստամբուլում

Պտույտ Ստամբուլում

Հայաստանցի երեխաները Ստամբուլի աշխատաշուկայում

13-ամյա Մամուկան ստիպված է ամեն օր համոզել ինքն իրեն, որ իր թուրք «շեֆին» ավելի շատ է սիրում, քան սեփական հորը։ Ծանր սոցիալական պայմաններն սկսել են ազդել նույնիսկ Հայաստանի անչափահաս քաղաքացիների զգացմունքների եւ աշխարհայացքի վրա։

Մամուկան աշխատում է Ստամբուլի Կումկափի թաղամասի կոշիկի արտադրամասերից մեկում։ Հրազդանից Ստամբուլ է տեղափոխվել մոր՝ Կարինեի եւ փոքր եղբոր` Ռոբերտի հետ։ Տատն ու ամենափոքր եղբայրը` Սամվելը, մնացել են Հայաստանում, իսկ հոր մասին տեղեկություն չունի. «Չգիտեմ՝ ուր ա, էստեղ էր, բայց գնացել ա»,- ասում է Մամուկան՝ մի տեսակ ամաչելով իր ընտանիքի կարգավիճակից։

Մամուկան ու մայրը` աշխատավայրի մուտքի մոտ` հանգստի ժամին

Մամուկան ու մայրը` աշխատավայրի մուտքի մոտ` հանգստի ժամին

Արդեն 4 տարի է, ինչ ամեն օր առավոտյան 7-ին Մամուկան աշխատանքի է գնում, ամբողջ օրն անցկացնում աշխատավայրում, իսկ երեկոյան 8-ից հետո վերադառնում է «շեֆի» վարձած բնակարանն ու փորձում հանգստանալ՝ մինչ հաջորդ առավոտ։ Մամուկան աշխատավայրում ամենասիրվածն է. բոլոր մանր-մունր գործերը նրան են բաժին ընկնում։

Մամուկան բացատրում է, թե ինչպես են կաշվից պատրաստում կոշիկները

Մամուկան բացատրում է, թե ինչպես են կաշվից պատրաստում կոշիկները

Հարցին, թե արդյոք չի՞ կարոտել Հայաստանը, չի՞ ուզում վերադառնալ, պատասխանում է. «Չէ, հեչ։ Ստեղ լավ ա, լավ ընկերներ ունեմ, լավ մեջք ունեմ…»: Մամուկան թուրքերեն վարժ է խոսում, իսկ դպրոց վաղուց է` չի հաճախում: Նրա մայրն արդեն հստակ բացատրել է, որ իր ապագան կոշիկ կարելն է, իսկ լավագույն դեպքում` փոքրիկ արտադրամաս ունենալը:

Մամուկայի մայրը` Կարինեն

Մամուկայի մայրը` Կարինեն

«Հիմա ես չէ՞ի ուզենա իմ Հայաստանում լինեի, իմ ընտանիքում, իմ էրեխու մոտ լինեի` ամենակարեւորը: Չէի ուզի` իմ էրեխեն ստեղ աշխատեր, կուզեի՝ սովորեր: Բայց էստեղ իրենց ապագան էս ա` պիտի աշխատեն, իրենց պահեն»,- հուզմունքով, բայց եւ իրականության գիտակցումով խոսում է Կարինեն:

Բանկերից վերցված բազմաթիվ պարտքերն են Կարինեին ստիպել վերցնել իր միակ հույսը` երեխաներին եւ հասնել Թուրքիա: Երրորդ երեխային Ստամբուլ չի բերել, քանի որ աշխատել չէր կարողանա. ֆիզիկական խնդիրներ ուներ: Պարտքերը մարելուց եւ Ստամբուլում հարմար տեղավորվելուց հետո` միակ միտքը, որ Կարինեին հանգիստ չի տալիս, Հայաստանում թողած երեխայի կարոտն է. «Երեխաս 2 տարեկան էր, երբ թողեցի, եկա Թուրքիա: Հետեւիցս լացում էր, չպտտվեցի, որ չտեսնեմ` ոնց ա լացում… Ինչի՞, ինչի՞ պիտի ես իմ էրեխու կողքին չլինեի, երբ սեպտեմբերի մեկին առաջին դասարան էր գնում, ինչի՞ ա մեր Հայաստանը մեզ էն օրը գցում, որ ստիպված տուն-տեղ թողնում, հասնում ենք Թուրքիա»,- բողոքում է Կարինեն:

Մամուկան ու մայրը

Մամուկան ու մայրը

4 տարիների ընթացքում Կարինեն մեկ-երկու անգամ է կարողացել այցելել մորն ու երեխային, իսկ վերջին տարիներին ամսական 100-200 դոլար է ուղարկել նրանց:

Մամուկան ու գործընկերը

Մամուկան ու գործընկերը

«Արդեն Հայաստան ոչ մեկն էլ չի ուզում գնա: Էնտեղ ոչ մեկն էլ չի ապրի: Եթե պետությունն ինձ բավարարեր, իմ երկու տարեկան էրեխուն կթողնեի, կգայի՞: Իմ էրեխեն հաց էր ուզում, ես հաց չունեի, որ տայի: Հայաստանն իմ ինչի՞ն ա»,- ասում է Կարինեն:

Մամուկան ու ալեւի վարպետը

Մամուկան ու ալեւի վարպետը

Հ.Գ. Մամուկայի, Կարինեի եւ Ստամբուլում աշխատող այլ հայերի մասին «Հետքը» 2012-ի ամռանը ֆիլմ է նկարահանել, որը ընթերցողներին կներկայացնենք «Պտույտ Ստամբուլում» պատմությունների շարքի ավարտից հետո:

Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

Leave a Reply

css.php