
Փորձագետներն սկսել են խոսել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության վերանայման հավանականության մասին: Հայաստանը Հարավային Կովկասում միակ հանրապետությունն է, որտեղ Ռուսաստանը ռազմակայան ունի: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց Ադրբեջանում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումից: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Վրաստանի իշխանությունները հասան Ախալքալաքից ռազմակայանի դուրսբերմանը:
Հայաստանն իր անվտանգությունը կապում է Ռուսաստանի հետ, Գյումրում տեղակայված է ռուսական ռազմակայանը, Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանների պաշտպանությունն իրականացնում են նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը, բացի այդ, Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ հիմնված ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամն է:
Սակայն բազմաթիվ արևմտյան քաղաքական գործիչներ տարակուսում են, թե ինչպես Ռուսաստանի հետ նման սերտ ռազմական կապեր ունեցող Հայաստանը մտադիր է ինտեգրվելու Եվրոպական միությանը: Եվ արդեն իսկ խոսվում է Հայաստանում Արևմուտքի և Ռուսաստանի համագործակցության նոր սխեմայի մասին. Մոսկվան ստանձնում է անվտանգությունը, իսկ Արևմուտքը` ժողովրդավարությունը և էկոնոմիկան:
Այնուամենայնիվ, այս սխեմայի կենսունակությունը կասկածներ է հարուցում, նախևառաջ, տարածաշրջանում իրավիճակի պատճառով: Իրանի շուրջ իրավիճակը դանդաղ սրվում է, Ադրբեջանը փոխել է Իրանի հետ դյուրացված վիզային ռեժիմը, նրա հետ դիվանագիտական վեճերի մեջ է, փակել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը: Եվ Հարավային Կովկասում ռուս-իրանական դաշինքի միակ պլատֆորմը մնացել է Հայաստանը:
Հազիվ թե Երևանը ցանկանա Իրանի հետ հարաբերությունները սրվելու դեպքում կորցնել Արևմուտքի հետ կապերը: ԱՄՆ-ը այս տարի արդեն մեկ անգամ մեղադրել է Հայաստանին, որ նրա բանկերը խախտում են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները: Եվ Հայաստանը ստիպված էր բացատրություններ տալու: Սակայն Հայաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները նաև Իրանի հետ:
Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանին հնարավորություն չի տալիս իրանական հարցում չեզոքություն պահպանել: Եվ չի բացառվում, որ Հայաստանը կբարձրացնի Ռուսաստանի ռազմական ներկայության վերանայման մասին հարցը:
Այն մասին, որ դա միանգամայն հնարավոր է, վկայում են արդեն 2013-ի վերջին Ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին Հայաստանի և Ռուսաստանի մտադրությունների մասին տեղեկությունները: Նվազ կարևոր չէ նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ծրագրվող զարգացումը: Արևմուտքը չի թաքցնում Հայաստանում ներդրումներ կատարելու և Ռուսաստանի հետ ինտեգրացիոն հարաբերությունները վերանայելու նրա իշխանությունների հանձնառությանը աջակցելու մտադրությունը: Երբ Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններն այլևս անդառնալի կլինեն, կբարձրացվի Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցը:
Հայաստանը, անկասկած, պետք է հստակ հաշվարկի բոլոր հետևանքները և երաշխիքներ պահանջի, հնարավոր է նույնիսկ` որոշում ընդունի` ոչ թե դուրս բերել ռազմակայանը, այլ միայն դրա դիմաց վարձավճար պահանջել, որը Ռուսաստանն առայժմ չի վճարում: