
Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները կեղծելու մասին ընդդիմության դիմումները: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում սա արդեն չորրորդ անգամ տեղի է ունենում. ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները, Սահմանադրական դատարանը մերժում է հայցը, իսկ մարդկանց անվստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ աճում է:
Ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանում ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, որը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի խոսքով, հնարավորություն տվեց քաղաքացիներին վերահսկելու ընտրությունները: Սակայն նա էլ, այնուամենայնիվ, խոստովանել է, որ ՀՀԿ-ն պետք է նախաձեռնի օրենսգրքի նոր փոփոխություններ:
Դեռ Ընտրական օրենսգրքի քվեարկության ժամանակ ընդդիմությունը ներկայիս ընտրական համակարգի թերություններից մեկը համարում էր ընտրություններից հետո քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակելու պարտավորության բացակայությունը: Իշխող կուսակցությունը դրան համառորեն դիմադրում էր, իսկ Վենետիկի հանձնաժողովը խրախուսում էր այս մոտեցումը՝ նշելով, որ դա կարող է լինել քվեարկության գաղտնիության խախտում:
Այս ընտրություններում, ինչպես նաև 2012 թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում, ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին այնպիսի խախտումների մեջ, որոնք հնարավոր է ստուգել միայն ընտրողների ցուցակը հրապարակելով: Ընդդիմությունը պնդում է, որ իշխանություններն օգտագործում են Հայաստանից հեռացած, սակայն այստեղ գրանցված աշխատանքային միգրանտների, ինչպես նաև ընտրատեղամասեր չեկած ընտրողների ձայները: Ընդդիմությունը վստահ է, որ իշխանությունների ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի անունով նշված հարյուրավոր քվեաթերթիկներ են լցոնել:
«Թե իրավապահ մարմինները, ինչպես նաև ԿԸՀ-ն և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները բացարձակ անգործություն են դրսևորել: Եթե դատարանը չի հովանավորում Սերժ Սարգսյանին, ապա ստիպված էր բավարարել մեր միջնորդությունը՝ բացել բոլոր ընտրապարկերը և տեսնել՝ ինչն ինչոց է»,- ասել է «Ժառանգություն» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ներկայացնում էր Րաֆֆի Հովհաննիսյանին դատարանում:
Կասկածները փարատելու համար իշխանությունները պետք է միայն բացեն քվեաթերթիկներով քվեատուփերը, սակայն իշխող կուսակցությունը և ԿԸՀ-ն կտրականապես հրաժարվում են դա անելուց, և Սահմանադրական դատարանը նրանց չպարտադրեց դա անել:
Մինչդեռ, նույնիսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում նշվել է, որ Սերժ Սարգսյանը հաղթել է հիմնականում այն ընտրատեղամասերում, որտեղ աներևակայելի բարձր է եղել մասնակցությունը` 80-100%: Մյուս բոլոր ընտրատեղամասերում ձայների մեծ մասը հիմնականում ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նույնիսկ այս դեպքում ստացել մոտ 37% ձայն:
Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը երկրում հետընտրական իրավիճակը գնահատել է մեկ բառով՝ ճգնաժամ: «Խոսքը վստահության ճգնաժամի մասին է, ընդ որում ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության նկատմամբ, որի առջև ծառացած են որոշակի խնդիրներ»,- կարծում է քաղաքագետը:
Իշխանությունները մեղադրում են ընդդիմությանն այն բանում, որ քվեարկության ընթացքում խախտումների մասին բավարար ահազանգեր չեն հնչել, և Սահմանադրական դատարանին նույնպես փաստեր չի ներկայացրել: Ընդդիմության ներկայացուցիչները ընտրական հանձնաժողովներում իրոք ստորագրել են քվեարկության վերջնական արձանագրությունները: Ինչպես պարզվեց, օրենսդրության համաձայն՝ արձանագրությունը չստորագրած ընտրական հանձնաժողովի անդամին չի չի տրվում նրան հասնող աշխատավարձը: Եվ իրենց աշխատանքի դիմաց գումարը ստանալու համար հանձնաժողովի անդամները ստորագրել են արձանագրությունները:
Մեկնաբանելով դատարանի այն դիտարկումը, որ Հովհաննիսյանի կուսակցության վստահված անձինք չեն ապահովել քվեարկության գործընթացի պատշաճ վերահսկողություն և չեն օգտվել քվեարկության արդյունքները վիճարկելու իրենց հնարավորություններից, «Ժառանգության» ընտրական շտաբի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարել է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ Հովհաննիսյանի ներկայացուցիչները կարողացել են հետևել գործընթացին, «Ժառանգության» առաջնորդը հաղթել է: «Այնտեղ, որտեղ բավարար վերահսկողություն չի եղել, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է 90-100% ձայն»,- ասել է նա:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանն այս ընտրությունները համարում է ավարտված, սակայն փորձագետները չեն բացառում, որ իր պաշտոնավարման երկրորդ և ըստ Սահմանադրության՝ վերջին ժամկետի ժամանակ նա կնախաձեռնի հիմնարար օրենսդրական բարեփոխում: Նույնիսկ կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանը կարող է համաձայնել խորհրդարանական կառավարման անցնելու «Ժառանգության» պահանջին՝ նախագահական ժամկետի ավարտից հետո դառնալու խորհրդարանական հանրապետության վարչապետ: