
Առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը պատրաստվում է մասնակցելու դեկտեմբերի 1-10-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում անցկացվող ամենամյա հեղինակավոր Chess Classic մրցաշարին:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երկրորդն է, ասել է, որ իր հիմնական մրցակիցը Մագնուս Կառլսենն է (Նորվեգիայից), որը երկու անգամ` 2009 և 2010 թվականներին, հաղթել է այս մրցաշարում:
Անցյալ շաբաթ խոսելով PanArmenian.net-ի հետ` Արոնյանն ասել է. «London Chess Classic-ին միշտ ուժեղ շախմատիստներ են մասնակցում: Մրցաշարին ես մեկ ամիս պատրաստվել եմ Հայաստանում և, ինչպես միշտ, կպայքարեմ մրցանակային տեղի համար»:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն վերջերս արժանացել է «Դե ֆակտո» ամսագրի սահմանած «Տարվա մարդ» մրցանակին:
30-ամյա շախմատիստի գլխավորությամբ Հայաստանը 2012 թ. սեպտեմբերին Ստամբուլում երրորդ անգամ նվաճեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալը: