
Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի ղարաբաղյան բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին, երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ՀՀ նախագահի հետ պաշտոնական հանդիպման ավարտից հետո կայացած ճեպազրույցում:
Նա ասել է, որ հանդիպման ընթացքում հիմնականում խոսել են ամենակարևոր հարցի մասին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է, ինչպես նաև անդրադարձ է կատարվել այլ տարածաշրջանային խնդիրների, ինչպիսիք են Սիրիայի և Իրանի ճգնաժամերը և տնտեսական համագործակցության հարցերը:
Քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, նախագահը վերահաստատել է, որ ամեն ինչ կանեն, «որպեսզի բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին։ Դրանք ինչ-որ պահի դադարել էին, պիտի վերսկսվեն և ընթանան մինչև վերջ, ընդ որում՝ մեզ հայտնի սկզբունքների` Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որպեսզի այս հիմնահարցը գտնի տևական, վերջնական լուծում»:
Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ ուշադիր և սկզբունքային դիրքորոշման համար: Նա ասել է, որ գիտի` պարոն Օլանդն էր կանգնած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ակունքներում:
Խոսելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարների մասին` ղեկավարները նշել են հնարավորությունները ընդլայնելու կարևորությունը:
«Մենք, իրոք, կցանկանայինք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվեր Հայաստանում, որովհետև այսօր և՛ Հայաստանն ունի դրա կարիքը, և՛ իհարկե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու համար սա միգուցե շատ փոքր, բայց լավ հնարավորություն է»,- ասել է Սարգսյանը` ըստ իր մամլո ծառայության:
Ֆրանսիայի նախագահն ընդունել է 2013 թ. Հայաստան պետական այց կատարելու Սարգսյանի հրավերը: