
Այսօր կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայ փորձագետները չեն կասկածում, որ Մոսկվան ամեն ինչ կանի`Հայաստանին հետ պահելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց: Դեկտեմբերի 17-ին Հայաստանը և ԵՄ-ն արդեն ստորագրել են վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը, իսկ Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերը նախատեսվում են ստորագրել 2013-ի նոյեմբերին: Եվ մինչ այդ Պուտինը, հավանաբար, փորձելու է իր կողմը ձգել Հայաստանը:
Եվրաինտեգրման և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու միջև տարբերությունը նախևառաջ ինտեգրման մեթոդներն են: Եթե Մաքսային միության մեջ փորձում են Հայաստանին ուժով ներքաշել` բառացիորեն ստիպելով ինչ-որ փաստաթղթեր ստորագրել` բարձրացնելով գազի գինը և այլ ուժային մեթոդներով, ապա Հայաստանը կամավոր է գնում դեպի Եվրոպա, ավելին` համաձայնելով կատարել կոշտ պահանջները:
ՀԱՊԿ գագաթնաժողովից մի քանի օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելել էր Ուզբեկստան, որտեղ փորձել էր համոզել նախագահ Քարիմովին` հետ կանչել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին իր հայտարարությունը: Սակայն Քարիմովը չհամաձայնեց, և Լավրովը ստիպված էր միայն հայտարարել, որ Ուզբեկստանը այդուհանդերձ մնում է Մոսկվայի դաշնակիցը:
Գագաթնաժողովից մեկ օր առաջ Մոսկվա իր այցելությունը հետաձգեց նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Հայտարարվել էր, որ Յանուկովիչը Պուտինի հետ քննարկելու գազի գինը, Ռուսաստանը Ուկրաինայի համար զեղչ կանի, և Յանուկովիչը կստորագրի Մաքսային միությանը վերաբերող ինչ-որ փաստաթղթեր: Սակայն փոխարենը հաղորդում հայտնվեց, որ Ուկրաինան մտադիր է շուտով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել:
Գագաթնաժողովից մի քանի օր առաջ նախագահ Լուկաշենկոն կարողացավ Մոսկվայից հերթական խոշոր վարկը ստանալ Բելառուսի համար: Ընդ որում, ինչպես նշում են վերլուծաբանները, նա շանտաժի էր ենթարկել Մոսկվային` Մաքսային միությունից դուրս գալու և իր հայացքը Եվրոպայի կողմը շրջելու մտադրությամբ, որի մեջտեղում գտնվում է:
ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հանդես գալով Բրյուսելում Հայաստան-ԵՄ նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, նշելով կառավարման և մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ջանքերը, ընդգծել է, որ խնդիր են մնում դատական համակարգի ոչ բավարար անկախությունը և կոռուպցիայի դրսևորումները:
Նա ընդգծել է, որ հաջող արդյունքի հասնելու համար, որը հնարավորություն կտա օգտագործելու Հայաստանի և ԵՄ-ի միջ հարաբերությունների ողջ ներուժը, անհրաժեշտ են ջանքեր` հաջորդ տարի շարունակական բարեփոխումներ անցկացնելու համար:
Ընդ որում, Հայաստանում արդեն կանխատեսումներ են հնչում, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանին կպնդեն ստորագրել փաստաթղթեր, որոնցով նա պարտավորվելու է ավելի սերտորեն համագործակցել Մաքսային միության հետ: Այն, որ Մաքսային միությունը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության փաստաթղթեր ստորագրել 2013-ի սկզբին, հայտարարել է դեկտեմբերի սկզբին Հայաստան այցելած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
«Հայաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներին համագործակցության ձևաչափերի քննարկման ժամանակ մենք պայմանավորվել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի կառավարության համագործակցության մասին փաստաթուղթ պատրաստել: Այժմ աշխատում ենք այդ փաստաթղթի վրա: Հավանաբար, այն կստորագրվի մյուս տարվա սկզբին»,- հաղորդել է նա:
Խոսելով Հայաստանի հետ հետագա պայմանավորվածությունների մասին` Խրիստենկոն նշել է, որ դրանք նույնպես կհիմնվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավունակության վրա: «Մինչ այժմ մեր իրավասության տակ է այն ամենը, ինչ կապված է առևտրային քաղաքականության հետ, սակագնային և ոչ սակագնային միջոցների, տեխնիկական կարգավորման միջոցների, անվտանգության միջոցների և այլն»,- նշել է նա: