Մշակութային մտահոգություն. մշակույթի անշարժ հուշարձանների տեղաշարժը վիճաբանություններ է հարուցում

Մշակութային մտահոգություն. մշակույթի անշարժ հուշարձանների տեղաշարժը վիճաբանություններ է հարուցում
Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Հայաստանի ներգնա տուրիզմի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակում են իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտել կառավարության որոշումներից մեկի առնչությամբ, որով մարզերում գտնվող վեց տասնյակից ավելի հուշարձաններ տեղափոխվում են Երևան:

Համաձայն սեպտեմբերի 13-ին ընդունված վիճահարույց որոշման՝ Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման նպատակով կառավարությունը թույլատրել է Հայաստանի պատմության թանգարանին իր միջոցների հաշվին «Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` դրանք ցուցահանդեսի ավարտից հետո՝ 2016 թվականի սեպտեմբերին իրենց գտնվելու վայրերը վերադարձնելու պայմանով»։ Հուշարձանները, որոնցից 40-ն արդեն Երևանում են, բերվել են Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերից: Հուշարձանների թվում են՝ խաչքարեր, տապանաքարեր, Ք.ա. 3-2-րդ դարերի վիշապաքար, 16-րդ դարի արևի ժամացույց և այլ կոթողներ:

Մինչ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանն ասում է, որ հուշարձանների տեղափոխման նպատակը «դրանց երկրորդ կյանք տալն է», քանի որ դրանք անտերության են մատնված, ներգնա տուրիզմի կազմակերպիչներն ասում են, որ այս որոշմամբ Հայաստան եկող զբոսաշրջիկին զրկում են այդ հուշարձանները հենց իրենց գտնվելու վայրում տեսնելու հնարավորությունից:

«Հայտարարում են, թե այդ հուշարձանները 600 մետր խորության ձորում, լքված վայրերում են: Կուզենայի այդ միտքը հայտնող մարդուն ասել` եթե Ք. ա. 3-րդ դարից վիշապաքարը գոյատևել է մինչ օրս և չի կորցրել իր արտաքին տեսքը, ուրեմն դեռ երկար կգոյատևի, ու պետք չէ այն պաշտպանել, ուղղակի պետք է հոգ տանել: Եթե այդ մարդիկ չգիտեն, թե այդ հուշարձանները որտեղ են գտնվում, ապա դա չի նշանակում, որ դա թաքնված կամ լքված վայրում է, ինչպես իրենք են հայտարարում»,- մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի արած վերջին հայտարարությանն է հակադարձում «Արշավներ» ակումբի նախագահ Ռուբեն Բաղդիշյանը:

«Բնատաճար» արշավային ակումբի նախագահ Ապրես Զոհրաբյանն էլ կարծում է, որ կառավարության որոշումը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:

«Հուշարձաններին պետք չէ երկրորդ կյանք տալ, իրենք հին կյանք ունեն և դրանով են արժեքավոր,- ասում է Զոհրաբյանը՝ վիճահարույց որոշումը համեմատելով կայսրությունների քաղաքականության հետ, որոնք նվաճված ժողովուրդներից ոչ միայն նրանց հողերն էին վերցնում, այլ նաև մշակութային արժեքները: – Դա նաև արդարացվում էր նրանով, որ մարդկությանը պետք է ծանոթացնեին կայսրության մշակութային ժառանգությանը: Նման որոշում կար 20-րդ դարի սկզբին հայտնաբերված Գառնու հեթանոսական տաճարի վերաբերյալ, դա պետք է տեղափոխեին և վերակառուցեին Թիֆլիսում, որն այդ ժամանակ Անդրկովկասի քաղաքական, մշակութային կենտրոնն էր: Մոտեցումն այն էր, թե ինչու այդ սիրուն հուշարձանը մնա այդ կեղտոտ գյուղում, եթե կարող ենք տանել Թիֆլիսում վերակառուցել, թող սպիտակ մարդիկ գան, տեսնեն»:

Զոհրաբյանն ասում է՝ այժմ մոտեցումները փոխվել են՝ տեղում ստեղծում են ենթակառուցվածքներ, որպեսզի կարողանան այդ հուշարձանները նորովի ներկայացնել:

Լոռու մարզից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին էլ մտահոգում է տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Նա անցյալ շաբաթ հարցը բարձրացրել էր ԱԺ-ում, ինչպես նաև նամակ էր հղել վարչապետին:

«Կառավարության 2012-2017 թթ. ծրագրի «Տարածքային համաչափ զարգացում» բաժնում նշված է, որ կառավարությունն իրականացնելու է Երևանի բեռնաթափման համալիր ծրագիր: Ըստ այդ ծրագրի` պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ կտեղափոխվեն հանրապետության մյուս տարածքներ և կբարձրացվեն այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում: Վերոնշյալ որոշումը ոչ մի կերպ չի նպաստում տարածքային համաչափ զարգացմանը. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման դեպքում կնվազի տուրիստների հոսքը դեպի մարզեր, որոնք այցելում էին պատմական վայրեր` նպատակ ունենալով տեսնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, որոնք այլևս գտնվելու են Երևան քաղաքում»,- կարծում է պատգամավորը:

Leave a Reply

css.php