Ղարաբաղը ցանկանում է լիարժեք մասնակցություն բանակցային գործընթացում, մինչ ԵՄ-ն ափսոսանք է հայտնում «առաջընթացի բացակայության» առնչությամբ

Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Ստեփանակերտը ձգտում է ավելի ծանրակշիռ դերակատարում ունենալ տարածաշրջանում խաղաղության ցանկացած ապագա նախաձեռնության մեջ` նոյեմբերի 29-ին Երևանում հայտարարել է Ղարաբաղի բարձրաստիճան դիվանագետը:

«Տարածաշրջանային անվտանգության ցանկացած մոդել պետք է նկատի ունենա Լեռնային Ղարաբաղի գործոնը», – ասել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպված միջազգային համաժողովի ընթացքում:

Ելույթ ունենալով «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով ամենամյա միջազգային ֆորումում` նա խոսել է խաղաղ գործընթացն անբեկանելի դարձնելու, նաև՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու ուղղությամբ ջանքեր ձեռնարկելու մասին:

Միրզոյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկա միջնորդական ձևաչափի ներուժը սպառված չէ, սակայն անհրաժեշտ է բանակցային գործընթացում ապահովել պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը:

«Ադրբեջանը շարունակում է իր ավանդական քաղաքականությունը, որը հիմնված է ուժի կիրառման սպառնալիքի վրա: Բաքուն նաև կոպտորեն խախտում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու իր ստանձնած պարտականությունը»,- ընդգծել է նա:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ևս կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը: Նույն օրը իր թուրքմեն գործընկերոջը Երևանում հյուրընկալած նախագահը, անդրադառնալով հակամարտության կարգավորմանը, արտահայտել է Հայաստանի դիրքորոշումը : «Հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքների նորմերի համաձայն»,- ընդգծել է Սարգսյանը:

Ողջունելով Երևանում մեկնարկած միջազգային գիտաժողովի մասնակիցներին` նախագահ Սարգսյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի վերադարձը որպես բանակցային կողմ հակամարտության կարգավորման գործընթաց:

Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ընդունելով Եվրամիության Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ «Եթե Հայաստանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները, ապա պետք է համաձայնի ստորագրել խաղաղության համապարփակ համաձայնագիրը»:

Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 13-րդ նիստի ընթացքում հանձնաժողովն ամփոփիչ հայտարարություն և առաջարկներ է ընդունել Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»` միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով «բանակցություններում առաջընթացի բացակայության» առնչությամբ և ընդգծելով «առկա ստատուս քվոյի շրջանակներից դուրս գալու կարևորությունը, որն ուղղված կլինի անվտանգ և բարգավաճող ապագա կառուցելուն»:

Leave a Reply

css.php