
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարծում, որ անցյալ շաբաթ իր Բաքու կատարած այցելությունը սխրանք է: Չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի առաջին արտգործնախարարը հայտարարեց, որ հնարավորության դեպքում նորից կգնա Ադրբեջան, քանի որ դա ծառայություն է, որը պետք է մատուցի յուրաքանչյուր հայ` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայկական տեսակետը ներկայացնելու համար:
Փետրվարին նախագահական ընտրություններին առաջադրվելու հայտ ներկայացրած Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 22-23-ը մեկնել էր Բաքու` Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին (ICAPP) մասնակցելու: Նա Բաքվում կոչ էր արել Ադրբեջանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` հայտարարելով, որ դա նույնպիսի հետխորհրդային պետություն է, ինչպիսին նույն Ադրբեջանը: Նրա մասնակցությունը համաժողովին ուղեկցվեց սկանդալով, քանի որ համաժողովի վերջին օրը Հովհաննիսյանը, ցանկանալով պատասխանել ադրբեջանցիների հակահայկական ելույթներին, ելույթի հնարավորություն խնդրեց, սակայն նրան մերժեցին: Ավելին` թուրք և ադրբեջանցի մասնակիցները աղմկելով, սեղաններին հարվածելով, խանգարեցին, որ նրա խոսքը լսելի լիներ մյուսների համար:
Հովհաննիսյանն իր այցը կարևոր համարեց Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից` ասելով, որ համաժողովին մասնակցող բազմաթիվ երկրների ներկայացուցիչներն առաջին անգամ Ղարաբաղի հարցի շուրջ հայկական տեսակետ լսեցին, նրանք նախկինում տեղյակ էին միայն ադրբեջանական տեսակետին:
«Ադրբեջանում եթե 1000 հոգով աշխատում են, բոլորը մի բան են ասում, իսկ մեզ մոտ տարբեր տեսակետներ են հնչում: Իսկ ես ասում եմ` որտեղ հնարավոր է, Հայաստանի պետությունը` իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը պետք է ներկա լինի, ոչ թե բացակա: Մեր ներկայությամբ պետք է կարողանանք ոչ միայն հավասարակշռել այս տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական ձախողումները, այլ նաև այնպես անել, որ մի ամբողջ պետություն լծվի մեր ազգային շահերի հետապնդման գործին` դուրս գալով այս ահավոր, հատվածապաշտ, ծույլ, խոսող, բայց ոչինչ չանող անդունդից»,- ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև պատմեց, որ ցանկություն է հայտնել տեսնել Բաքվում ապրող գոնե մեկ հայ ընտանիքի, սակայն դա նրան չի հաջողվել:
«Իրենք տարբեր թվեր են օգտագործում, մերթ ասում են` Ադրբեջանում այժմ 12 հազար հայ է ապրում, մերթ` 30, մերթ` 60 հազար, և մարտահրավեր նետելու համար այդ թվաբանական զեղծարարություններին, ասել եմ, որ ես թեկուզ մի հայի հետ եմ ուզում հանդիպել: Այդ հանդիպումը տեղի չունեցավ, փոխարենը դրսից տեսա անխաչ, պարսպված հայոց եկեղեցին, որ հիմա ծառայում է այլ նպատակների»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: