ՀՀ արտահանումը. բաց թողնված շանսեր և իրականություն

Հայտնի է, որ ներկայիս գլոբալացման պայմաններում տնտեսական աճի ապահովման ներքին գործոններից զատ մեծ կարևորություն են ստանում արտաքին գործոնները: Առավել ևս Հայաստանի նման ներքին սահմանափակ պահանջարկ ունեցող երկրների համար երկարատև զարգացման շարժիչ ուժ է արտաքին պահանջարկը՝ արտահանումը: Սակայն, Հայաստանի պարագայում պետք է նկատել, որ արտահանման կառուցվածքը դեռևս հեռու է երկարատև տնտեսական աճի ապահովման հիմք լինելուց: Առևտրային հաշվեկշռի պակասորդը դիտարկվող ժամանակահատվածում (2000-2011թթ.) կազմել է ՀՆԱ-ի ավելի քան 20%-ը, ինչն արդեն իսկ ցույց է տալիս արտաքին առևտրի զգալի անկատարությունը:

Արտահանման և ներմուծման ազդեցությունը ազգային տնտեսության վրա արտացոլվում է ՀՆԱ-ում դրանց տեսակարար կշիռների միջոցով: ՀՆԱ-ում արտահանման մեծ տեսակարար կշիռը վկայում է համապատասխան արտադրանքով ազգային տնտեսության հագեցվածության մասին, ինչպես նաև միջազգային շուկայում հայրենական արտադրանքի մրցունակության մասին: ՀՀ-ում 2011թ. տվյալ ցուցանիշը կազմել է 13%, իսկ 2000-2011թթ. տվյալ ցուցանիշի միջինը կազմել է 14.4%, որը համաշխարհային մակարդակով համարվում է բավականին լավ ցուցանիշ, սակայն, եթե հաշվի առնենք, որ արտահանումը հիմնականում ապահովվում է մի քանի ոչ հեռանկարային ճյուղերի միջոցով, պատկերը կտրուկ կփոխվի:

Մասնավորապես, վերոնշյալ ցուցանիշը հաշվարկելով առանձին ոլորտներում՝ հետաքրքրություն է ներկայացնում թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների ոլորտը, որտեղ նշված ցուցանիշը 34% է (հաշվի առնելով, որ ընդհանուր տնտեսության համար նույն ցուցանիշը 14.4% է, կարելի է պնդել, որ ՀՀ-ն մասնագիտացած է մետաղների արտահանման մեջ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում արտահանման մասնագիտացված միակ ոլորտը հումքի արտահանման ոլորտն է):

Դիտարկելով ՀՀ արտահանումը ըստ ապրանքախմբերի՝ կարող ենք փաստել, որ 2000-2011թթ. ՀՀ-ում արտահանումը բավականին բարձր աստիճանի կենտրոնացվածություն ուներ՝ 4 ապրանքախմբերի (թանկարժեք քարեր և մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ, պատրաստի սնունդ, հանքահումքային ապրանքներ) միջինում բաժին էր ընկնում արտահանման 84%-ը:

Ընդ որում, արտահանման կենտրոնացվածությունից զատ հարկ է նշել, որ արտահանման մեջ գերակշռում է միջանկյալ հումքը, որի արտադրությունում ստեղծվող ավելացված արժեքի կշիռը խիստ սահմանափակ է: Բացի այդ, այն ենթակա է միջազգային գների նշանակալի տատանումներին, ինչն էլ ավելի է մեծացնում արտահանման խոցելիությունը: Ուստի, անհրաժեշտ է լրջորեն մտածել տնտեսական աճի ապահովման աղբյուրների, ինչպես նաև՝ ՀՀ արտահանման մրցունակության բարձրացման և տեսականու բազմազանեցման մասին:

Ընդ որում, միջազգային փորձը վկայում է, որ ներկայումս տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովում են այն երկրները, որոնց արտահանման կառուցվածքը փոփոխվել է ցածր տեխնոլոգիատարության ապրանքներից դեպի բարձր տեխնոլոգիատարության ապրանքներ: Իսկ բնական ռեսուրսների վրա հիմնված ապրանքների արտահանման ուղղությամբ մասնագիտացումը ամենևին էլ բարձր տնտեսական աճի գրավական չէ: Ուստի, հարկ ենք համարում արտահանման ու տնտեսական աճի կապը բացահայտելու համար վերլուծել ՀՀ արտահանումը տեխնոլոգիատարության տեսանկյունից:

Ըստ տեխնոլոգիատարության՝ մենք առանձնացնում ենք 3 ապրանքախումբ՝ ռեսուրսատար (հանքահումքային արտադրանք, գյուղատնտեսական արտադրանք, կենդանական և բուսական արտադրանք՝ բացառությամբ պատրաստի սննդի արտադրանքը), ցածր տեխնոլոգիատար (վերամշակող արդյունաբերություն, ներառյալ՝ թանկարժեք և ոչ թանկարժեք քարերից ու մետաղներից իրեր, փայտյա և թղթե արտադրանք, սնունդ, խմիչք, ծխախոտ, տեքստիլ արդյունաբերություն, կաշվե իրեր, կոշկեղեն) և միջին ու բարձր տեխնոլոգիատար ապրանքներ (քիմիական արդյունաբերություն՝ ներառյալ դեղագործություն, պլաստմասե իրեր, ռետին, կաուչուկ, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, սարքեր և ապարատներ, վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտ):

Ինչպես վկայում են ՀՀ ԱՎԾ վիճակագրական տվյալները, ՀՀ արտահանման մեջ ցածր, միջին և բարձր տեխնոլոգիատարության ապրանքների տեսակարար կշիռը 2011թ. 2001-ի համեմատ նվազել է, փոխարենն աճել է ռեսուրսատար ապրանքների տեսակարար կշիռը: Չնայած դրան՝ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ արտահանման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ցածր տեխնոլոգիատարության ապրանքները (նշված ժամանակահատվածում՝ ավելի քան 60%):

Ընդ որում, ռեսուրսատար ապրանքներ ենթախմբում նշված ժամանակահատվածում արտահանման աճ գրանցվել է բոլոր ապրանքախմբերում, սակայն այս ենթախմբի հիմնական մասը բաժին է ընկնում հանքահումքային մթերքներին (2011թ.՝ 30%): Ցածր տեխնոլոգիատարության ապրանքների մեջ հիմնական տեսակարար կշիռն ունեն թանկարժեք քարեր և մետաղներ (միջինում՝ 32%), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր (միջինում՝ 23.5%) և պատրաստի սնունդ (միջինում՝ 12%) ապրանքախմբերը:

Փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ տարեցտարի ներքին արտադրության աճ է գրանցվել, ՀՀ արտահանումը նշված ժամանակահատվածում տնտեսական աճին նպաստելու տեսանկյունից զարգացել է բավականին վատ սցենարով՝ գրանցելով տնտեսության զարգացման համար մի շարք բաց թողնված շանսեր: Ուստի, միայն արտադրելը բավարար չէ, անհրաժեշտ է թողարկել միջազգային շուկայում մրցունակ արտադրանք: Արտադրության և արտահանման ի՞նչ պոտենցիալ ունի Հայաստանը: Այս հարցերի պատասխանը՝ հաջորդիվ:

Leave a Reply

css.php