Հավասար հնարավորություններ. բրիտանացի պարախումբն աշխատում է հայ հաշմանդամություն ունեցող պարողների հետ

Հավասար հնարավորություններ. բրիտանացի պարախումբն աշխատում է հայ հաշմանդամություն ունեցող պարողների հետ

Նրանց աշխարհում ձայներ չկան, ապրում են լռությամբ, սակայն պարում են ինքնամոռաց, երաժշտության յուրաքանչյուր ազդակը զգալով միայն իրենց հատուկ զգայարաններով: Զգացողությունը վերածվում է ռիթմիկ շարժումների, պարում են միասին, երկխոսում դիմախաղով, համաձայնության գալիս հայացքով:

«Եթե մարդը հաշմանդամություն ունի, դա չի կարող նրա համար արգելք լինել, որ նա չպարի… Մարդը կարող է ունենալ ցանկացած տիպի մարմին, բայց եթե ուզում է պարել`պարում է, և եթե դա անում է սիրով, ապա խնդիրներ չի կարող ունենալ»,- ասում է Միացյալ թագավորությունից Հայաստան ժամանած Candooco պարախմբի անդամ Ուելլի Օ’Բրայենը և շարունակում վարպետության դասընթացը հայ պարողների հետ:

Ուելլի Օ’Բրայենը, որի մի ոտքը ծնկից ներքև անդամահատված է, իր պարընկերոջ` Քրիս Օուենի հետ հերթական վարժության տարրերն է ցույց տալիս: Նրանք Երևանում են Բրիտանական խորհրդի հրավերով և պարի վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Երևանի և Գյումրու խուլ պարողների և «Միհր» թատերախմբի հետ:

Հայ պարողների մեջ են նաև լսողները, ովքեր դասընթացի ընթացքում խուլերի հետ հեշտությամբ հարաբերվում են պարի միջոցով:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարուսույց Ռիմա Պիպոյանը հայ պարողների խմբից է: Ասում է, որ նման ծրագրերը հիանալի միջոց են հաշմանդամություն ունեցող մարդկանց հեշտ հասկանալու համար:

«Հուշում ենք իրար, խոսում և այդ ամենը` պարային շարժումների միջոցով: Հասկանում ենք շարժումներով, ձեռքերով, աչքերով: Դասընթացից 15 րոպե անց արդեն մոռացել էինք, թե մեզանից ով է լսողը, ով` ոչ, այնքան ջերմ միջավայր էր ստեղծվել: Մեր իրականությունում միշտ ավելի հեռու ենք իրարից, չենք շփվում ու հասարակության մեջ ձևավորված այդ բարդույթը կոտրում ենք հենց նման ծրագրերով»,- ասում է Պիպոյանը:

Պարողները փորձում են կատարել միևնույն վարժությունը: Հնչում է երաժշտությունը: Շարժվում են մարմինները, խոսքի են վերածվում ձեռքերի ու ոտքերի պլաստիկ շարժումները, աչքերի արտիստիկ խաղը:

«Նրանք ծանրություն են հաղորդում մեկը մյուսի մարմիներին, որպեսզի հասկանան ու ճանաչեն իրենց մարմինների ֆիզիկական հնարավորությունները: Սա լավ միջոց է, որպեսզի իրար հասկանան խուլերն և լսողները»,- բացատրում է Օ’Բրայենը:

Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանն ասում է, որ իր սկզբունքներին հավատարիմ` Բրիտանական խորհուրդը շարունակում է աշխատանքները «Հավասար հնարավորություններ բոլորի համար» տիրույթում:

«Զարմացած են, թե որքան արագ իրենց ու մեր պարողների միջև ստեղծվեց այդ ներդաշնակությունը: Մեր պարողները տարբեր խմբերից են, նրանց մեջ են և´ լսողները, և´ չլսողները: Մենք ստեղծել ենք այդ բալանսը, որպեսզի ստանան միմյանց հետ աշխատելու այդ հմտությունները,- ասում է Թովմասյանը: – Նման ծրագրերը մեր երեխաներին հույս են տալիս հասկանալ, որ ունենալով հաշմանդամության խնդիրներ, իրենք չեն տարբերվում հաշմանդամություն չունեցողներից: Այս մարդիկ նրանց համար հիանալի օրինակ են` ինչպես հաղթահարել բարդույթները, ու ինչպես են լիարժեք կյանքով ապրում: Այս դասընթացը հիանալի թերապիա է, բալասան`հոգու համար»:

Candoco ներառական պարային ընկերությունը հիմնվել է 1991-ին, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ: Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները և արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին: Այս պարախումբը Միացյալ Թագավորությունում ներառական պարարվեստի ոլորտի առաջատարներից է:

24-ամյա Էլեն Խաչատրյանը խուլ է: Պարուհու պլաստիկ մարմին ունի: Ուշադիր հետևում է Ուելլի Օ’Բրայենի և Քրիս Օուենի շարժումներին, իսկ հետո փորձում նույնը կատարել:

«Հայկական պարից հետո հեշտությամբ ընտելացանք մեզ անծանոթ այս շարժումներին: Սկզբում դժվար էր, հետո տաքացանք ու սովորեցինք, ես լսում եմ երաժշտությունը»,- ասում է Էլենը:

Ազգային բալետի արտիստուհի Մարիաննա Պողոսյանի համար վարպետության դասընթացը երկխոսության հնարավորություն է մարդկանց տարբեր տիպերի միջև:

«Առօրյա կյանքում մենք սովորաբար շփվում ենք այն մարդկանց հետ, որոնք հետ առնչվում ենք, բայց նման նախագծերը հնարավորություն են տալիս մարդկանց ճանաչելու, որոնց հետ միշտ չես շփվում ու միշտ չես կարողանում օգտակար լինել: Առաջին անգամ եմ պարում հաշմանդամություն ունեցող մարսկանց հետ, աշխատում ավելի նրբանկատ լինել, ավելի ուշադիր: Հասկանում ենք իրար, ի վերջո, մենք բոլորս միևնույն մարդիկ ենք, տարբեր կարողություններով ու հնարավորություններով»,- ասում է Պողոսյանը:

Բալետի պարուհին անկեղծանալով խոստովանում է, որ լսողներն էլ իրենց հերթին շատ բան են սովորում չլսողներից:

«Իրենք մեկ այլ աշխարհի, այլ ազդակների կրող են, որոնք հաճախ մեզ չեն հասնում, որովհետև մեր շուրջը շատ աղմուկ է, որը նրանք չեն լսում, ու նրանք հաստատ շատ բան ավելի զտված են ընկալում: Կարծում եմ` միշտ հարկավոր է, որ մարդկանց աշխարհները կարողանան երկխոսության մեջ մտնել, դա է ներդաշնակության գրավականը»,- բացատրում է պարուհին:

Պարողներից է նաև Գյումրուց ժամանած մասնագիտությամբ հոգեբան Քրիստինա Աղանյանը: Ասում է, որ ծրագրում բոլորը իրար հավասար են, անկախ ունեցած ֆիզիկական խնդիրներից:

«Ստեղծված ազատության մեջ մարդիկ դրևորում են իրենց ունակությունները, իրենք իրենց համար բացահայտվում: Մթնոլորտը տրամադրող է, իրենց չեն նայում, ազատ են, ազատվում են բարդույթներից: Եվ հենց այս ազատությունն է մարդկանց օգնում փոխելու իրենց կյանքը»,- ասում է Աղանյանը:

Ուելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենը Հայաստան են եկել Վրաստանից, որտեղ նույնպես վարպետության դասընթաց են անցկացրել: Ասում են, որ երկու երկրներում էլ ուսուցանել են ժամանակակից պարային տեխնիկաներ`հնարավորություն տալով մասնակիցներին բացահայտելու նոր գաղափարներ և բեմադրելու սեփական համարները: Ներառական պարի դասընթացներից հետո բրիտանական պարախմբի անդամները մարտին Երևանում հանդես կգան համերգներով:

Ուելլի Օ’Բրայենը համագործակցում է Candoco-ի հետ 1998 թվականից, իսկ 2000-ին դարձել է ընկերության լիիրավ անդամը: Նա Candoco-ի հետ համագործակցությամբ հանդես է եկել միջազգային ճանաչում ունեցող բեմադրություններում և կարևոր դեր է կատարել ընկերության լայնածավալ կրթական ծրագրերի տարածման գործում: Քրիս Օուենը ուսանել է ժամանակակից պարի Հյուսիսային դպրոցում, այնուհետև` Լոնդոնի ժամանակակից պարի դպրոցում: Ավարտելուց հետո աշխատել է բազմաթիվ պարային ընկերությունների հետ: Քրիս Օուենը Candoco-ի գործընկերներից է և վերապատրաստման դասընթացներ է անցկացնում տարբեր երկրներում:

Leave a Reply

css.php