Հայաստան-Վրաստան. հակասական հայտարարությունները կողմերի միջև լարվածություն են ստեղծում Իվանիշվիլու այցի նախօրեին

Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Վրաստանի նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլու Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցն ուղեկցվում է հայ-վրացական հարաբերությունների որոշակի լարվածությամբ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանի երկու բարձրաստիճան դեմքերի` արտգործնախարար Մայա Փանջիկիձեի և Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որով հիմնականում շեշտվում էր, որ Վրաստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Հայաստանում առաջ բերեց հակավրացական տրամադրություններ:

Հակառակ կողմից էլ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հակավրացական հայտարարությունները, որոնք թեև Հայաստանում այնքան էլ լուրջ չեն ընդունվում, Վրաստանում լուրջ արձագանք ստացան` առիթ դառնալով հակահայկական լարվածության սրման:

Սեդրակյանն իր արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագրերը ներկայացնելիս հայտարարել էր, որ «Հայաստանը պետք է վերամիավորի Ջավախքը և ճանաչի Աբխազիայի անկախությունը», վերլուծել էր, որ «Սիրիայի ոչնչացումից հետո Արևմուտքն անցնելու է Հայաստանի վերացման երկար պլանավորված ծրագրին «եղբայր» վրացիների աջակցությամբ»:

Չնայած այս հայտարարությունները որևէ կերպ չեն արտացոլում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, սակայն Վրաստանում դրանք ունենում են որոշակի արձագանք, որոնք, ինչպես դժգոհում են վրացահայերը, ստեղծում են «ավելորդ լարվածություն և հակահայկական տրամադրություններ»:

«Անպատասխանատու հայտարարությունները գուցե Հայաստանում ուշադրության չեն արժանանում, բայց այստեղ առանձնապես չեն իմանում` այդ մարդը լու՞րջ է, քաղաքական գործի՞չ է, թե՞ ոչ: Նա նախագահի թեկնածու է, ու նրա խոսքերը որոշակի կարևորություն են ունենում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը:

Հայաստանի անմիջական հարևան Վրաստանում ապրում են ավելի քան 200.000 հայեր: Իվանիշվիլին իր հետընտրական առաջին հարցազրույցներից մեկում զարմանք էր հայտնել, թե ինչո´ւ հայերը չեն գնում իրենց հայրենիք:

«Մենք` վրացիներս, այնքան տարօրինակ ենք, կապված ենք մեր հողին: Այդպիսին է մեր բնույթը: Օրինակ` մեզ մոտ հայեր են բնակվում. զարմանում եմ` հայրենիքը կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում: Ձեր մեջ երևի նման հարց չի ծագում: Իսկ ինձ համար անհասկանալի է»,- Newtimes.ru ռուսական պարբերականին ասել էր Իվանիշվիլին:

Այս հարցազրույցը ջավախահայերի շրջանում զայրույթի նոր ալիք բարձրացրեց, որոնք չնայած քաղաքական դրդապատճառներով ձերբակալված երեք հայերի հետապնդումից հետո (երկուսն այս շաբաթ Վրաստանի կառավարության հայտարարած համաներմամբ ազատ արձակվեցին) առավել զգուշավոր էին դարձել, սակայն հայտարարում էին, թե պետք է Իվանիշվիլուն բացատրել, որ հայերն ապրում են իրենց պատմական հողերի վրա:

Վրացագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս Հայկազուն Ալվրցյանը կարծում է, որ Վրաստանը շատ ավելի պահանջատիրական և հակահայկական քարոզչություն է իրականացնում, քան անգամ Թուրքիան կամ Ադրբեջանը:

«Սա, իհարկե, առավել քողարկված քարոզչություն է, սակայն անգամ պետության հաստատած դասագրքերում ակնհայտ է, որ Վրաստանը Հայաստանից տարածքային պահանջներ ունի, այնպիսի քարտեզներ են պատկերված, իբրև թե Հայաստանի շատ տարածքներ պատկանել են Վրաստանին, այդ թվում` անգամ պատմական Հայաստանի տարածքներ, օրինակ` Անիի (այժմ Արևելյան Թուրքիայի տարածք) ողջ հատվածը»,- ասում է Ալվրցյանն ու շեշտում, որ Հայաստանի կառավարությունը պետք է առավել մեծ ուշադրության արժանացնի Ջավախքի խնդրին:

Հայ-վրացական հարաբերությունների լարվածության մեկ այլ պատճառ է Վրաստանում հայկական եկեղեցիների պատկանելության հարցն ու անմխիթար վիճակը և, ինչպես պնդում են հայ մասնագետները, հուշարձանների վրացականացումը:

Անցյալ տարվա մայիսին Թբիլիսիում հեղեղների հետևանքով լրջորեն վնասվեց Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցու ճակատային հատվածը, տարիների ընթացքում տարբեր այլ եկեղեցիներ ևս ոչնչացվել են, ինչպես ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը. «Վրաստանում անձրևներից, հրդեհներից, չգիտես ինչու, տուժում են միայն հայկական հուշարձանները, չգիտես` ինչպե´ս է պատահում, որ անձրևը քաղաքի համայնապատկերից միայն հայկական հուշարձաններն է հավաքում-տանում»:

Հայաստանում առանձնապես հույս չունեն, թե Իվանիշվիլու այցը պատասխաններ կտա երկար տարիներ հնչող հարցերին` ջավախահայության ուսման, լեզվի և ազգային ինքնության ազատություններին, հուշարձանների պահպանությանն ու դրանց իրավական կարգավիճակ տալուն:

Leave a Reply

css.php