Հայաստան-ՆԱՏՕ. համագործակցությունը խորանում է

Հայաստան-ՆԱՏՕ. համագործակցությունը խորանում է
Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Ամեն տարի Հայաստանում ավանդաբար անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությունը:

Երեքշաբթի Ջեյմս Ապատուրայի հետ հանդիպման ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի, մասնավորապես` Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը, Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին:

Արտգործնախարարը հյուրին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի և պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանի հետ:

Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա մակարդակին՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ գործընկերային այդ հարաբերություններն արձանագրում են կայուն առաջընթաց և խոստանում նոր հեռանկարներ: Այդ համագործակցությունը խարսխված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ազատության և արդարության ապահովման, ժողովրդավարության շրջանակներում խաղաղության հաստատման ու համամարդկային այլ արժեքների և սկզբունքների վրա: Նա կարևորել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շարունակականությունը, Ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համագործակցությունը, միջազգային խաղաղարար առաքելությանը Հայաստանի մասնակցությունը:

Նահապետյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և հերոսացնելու՝ միջազգային նորմերին հակասող ու աղաղակող փաստին, այդ առնչությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի մտահոգություններին՝ հույս հայտնելով, որ այս փաստի առնչությամբ հնչած արձագանքներին կհաջորդեն համապատասխան գործողություններ:

Ջեյմս Ապատուրայը գոհունակությամբ արձանագրել է, որ ՆԱՏՕ-Հայաստան տարբեր ձևաչափերով համագործակցությունն ավելի ու ավելի է աշխուժանում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացումն ու խաղաղապահ ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցությունը շարունակական կլինեն:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցեր: Կորյուն Նահապետյանը և Վարդան Օսկանյանը հավաստիացրել են, որ ԼՂՀ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հիմնված միջազգային նորմերի ու սկզբունքների վրա, որոնց շարքում իր կարևոր տեղն ունի ազգերի ինքնորոշման սկզբունքը:

Leave a Reply

css.php