Երկու ընտրողի և մեկ ընտրական պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել Հայաստանում անցյալ շաբաթ կայացած նախագահական ընտրություններում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի անչությամբ, հաղորդում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Փետրվարի 18-ին Շենգավիթ վարչական շրջանի ընտրատեղամասում Գ. Միքայելյանը և Հ. Մովսիսյանը փորձել են կրկնակի քվեարկել, սակայն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նկատել է և կանխել:
Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ռ.Ղազարյանը, ով Գ.Միքայելյանին և Հ.Մովսիսյանին գրանցել է և թույլատրել ընտրողների ցուցակում այլ անձանց փոխարեն ստորագրել, ասվում է գլխավոր դատախազի գրասենյակի հայտարարության մեջ:
Հայաստանի ընդդիմությունը և որոշ դիտորդներ պնդում են, որ փետրվարի 18- ընտրություններում կրկնակի քվեարկությունը տարածված գործելաոճ է եղել և համակարգված բնույթ ունեցել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իշխանությունները հերքել են ընտրախախտումների համակարգված բնույթի մասին մեղադրանքները` ընդունելով, սակայն, որ եղել են առանձին խախտումներ, որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Ընտրություններից առաջ և հետո իշխանությունները պարտավորվել են իրականացնել ընտրությունների հետ կապված բողոքների համակողմանի քննություն և պատժել ընտրախախտումների համար բոլոր մեղավորներին: