
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրիի հավանական նշանակումը երկրի պետքարտուղարի պաշտոնում բուռն քննարկումների առիթ է դարձել Հարավային Կովկասում. ադրբեջանցի վերլուծաբանները կանխատեսում են, որ իր հայամետ գործունեությամբ հայտնի Քերրիի կողմից պաշտոնի ստանձնումը կմեծացնի «հակաադրբեջանական» տրամադրությունները, մինչդեռ Հայաստանում «մեծ հույսեր» չեն կապում նոր պետքարտուղարի հետ:
Դեկտեմբերի 21-ին Օբաման առաջադրեց Քերրիի թեկնածությունը երկրի երկրորդ պաշտոնի համար` շեշտելով, որ Վիետնամի պատերազմի վետերանը, 2004-ին նախագահական ընտրությունների թեկնածուն «հոյակապ ընտրություն է ամերիկյան դիվանագիտությունն առաջնորդելու համար»:
69-ամյա սենատոր, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին ընտրվել է հայաշատ Մասաչուսեթսի նահանգից, դեռ 90-ականներին նա համահեղինակն էր 907-րդ «դրույթի», որը սահմանափակում էր ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին`«այնքան ժամանակ, որքան այն շրջափակման մեջ է պահում Հայաստանը»:
Քերրին նաև ակտիվորեն աջակցում էր Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին` պարբերաբար հայտարարելով, որ Թուրքիան պետք է ընդունի պատմության սխալները:
Իսկ սեպտեմբերի 5-ին Քերրին, անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և ներման խնդրին, ասել էր, որ «ցնցված» է, և «այդ սադրիչ քայլը ոչ միայն վտանգում է երկու երկրների միջև առկա խաղաղությունը, այլև խաթարում է Ադրբեջանի կառավարության նկատմամբ վստահությունը»:
Քերրիի նշանակման հնարավորությունը ողջունել է Հայ դատի հանձնախումբը` նշելով, որ նա «շուրջ 3 տասնամյակ աջակցել է ամերիկահայ համայնքին՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում»:
Չնայած Քերրիի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու դրական դիրքորոշմանը, Թուրքիան ողջունել է նրա առաջադրումը, և, ըստ «Զաման» օրաթերթի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն շնորհավորական նամակ է ուղարկել: Թերթը պարզաբանում է, որ Թուրքիայի համար առավել «անցանկալի» կլիներ մյուս հավանական թեկնածուի`ՄԱԿ-ի դեսպան Սյուզան Ռայսի առաջադրումը:
Սակայն հարևան Ադրբեջանում սկսվել են հոռետեսական կանխատեսումները: vesti.az թերթը գրում է, որ Քերրիի` պետքարտուղար դառնալուց հետո «ղարաբաղյան հակամարտության բանակցություններում Ադրբեջանը ստիպված կլինի դիմագրավել նաև ամերիկյան ճնշմանը»:
Ըստ vesti.az-ի` ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Ռիզվան Հուսեյնովը կարծում է, որ «Քերրիի ակտիվությունը կհանգեցնի ղարաբաղյան խնդրում ռուսական գործոնի մեծացման», քանի որ «հնարավոր է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի հետ «սակարկել»` Հարավային Կովկասի հարցերը զիջելով` աջակցություն ստանալ Իրանի և Սիրիայի խնդիրների վերաբերյալ»:
Քաղաքագետ Ռովշան Իբրագիմովն էլ մտավախություն ունի, որ «նման բարձր պաշտոն զբաղեցնող էլիտար գործչի անձնական համակրանքները հնարավոր է` ազդեցություն ունենան երկրի արտաքին քաղաքականության վրա»:
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ևս կարծում է, որ «զուտ անձնական վերաբերմունքը հայերի նկատմամբ կարող է քաղաքականության վրա որոշակի ազդեցություն ունենալ»:
Սակայն Կովկասի ինտիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Քերրիի նշանակումը «բեկումնային չի լինի», քանի որ «պաշտոնը ստանձնելուց հետո անձնական համակրանքները սովորաբար հետին պլան են մղվում»
«Առաջին հայացքից իսկապես ցանկալի նշանակում է, սակայն յուրաքանչյուր պաշտոնյա իրականացնում է իր երկրի վարչակազմի նախանշած քաղաքականությունը: Այո´, գուցե Հայաստանի համար նպաստավոր մթնոլորտ ստեղծվի, իսկ Ադրբեջանի ղեկավարության կողմից էլ որոշակի կաշկանդվածություն լինի, սակայն դա չի կարող վճռորոշ դեր ունենալ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մինասյանը:
Քերրիի նշանակման դեպքում հնարավոր է` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնի մեկ այլ հայամետ սենատոր` Ռոբերտ Մենենդեսը: