Համանախագահները խոսում են «նոր գաղափարների», իսկ կողմերը` պաշտպանական և հարձակողական սպառազինությունների մասին

Համանախագահները խոսում են «նոր գաղափարների», իսկ կողմերը` պաշտպանական և հարձակողական սպառազինությունների մասին
Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո հայտարարություններ արվեցին, որոնցում առանցքայինը «նոր գաղափարներ» արտահայտությունն է: Համանախագահները մշակել են նոր գաղափարներ և դրանք ներկայացրել են կողմերին: Սակայն այդ գաղափարներն ամուր պատված են գաղտնիության շղարշով, և դրանց մասին նույնիսկ ենթադրություններ չեն արվում:

Դրան զուգահեռ` ղարաբաղյան հակամարտության գոտում նկատվում են երկու կարևոր գործընթացներ. կարծես թե տրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մեկնարկը, և երկրորդ` Հայաստանն ու Ադրբեջանը հավաստիացնում են, որ տիրապետում են հարձակողական և պաշտպանական անհրաժեշտ սպառազինությամբ:

Առաջին գործընթացն աշխուժացավ, երբ Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր խորհուրդը բանաձև ընդունեց, որում «ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Հայաստանում, չնայած համընդհանուր ոգևորությանը և նույնիսկ Ղարաբաղի ղեկավարության կողմից երախտագիտության խոսքերին, այդ ճանաչումը փոքր-ինչ թերահավատորեն ընդունվեց: Նախ` դա դեռ պետության կողմից ճանաչում չէ, և բանաձևն իրական արժեք կունենա այն դեպքում, երբ դաշնային կառավարությունը ականջալուր կլինի դրան և ինքն էլ կճանաչի Ղարաբաղը:

Ճանաչումն ինչ-որ չափով ուղղված էր Ադրբեջանի դեմ, կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Չի բացառվում, որ դա պայմանավորված է պաշտոնական Բաքվի և British Petroleum ընկերության միջև տարաձայնություններով և նախազգուշացում է Ադրբեջանին, ասում է նա: Արման Մելիքյանը կոչ է արել չդադարեցնել Ղարաբաղի միջազգային ճանաչման գծով համընդհանուր ջանքերը` վստահություն հայտնելով, որ գործընթացն սկսված է և անդարձելի է` հավելելով, որ Սիդնեյում, որտեղ մեծ հայկական համայնք է ապրում, արդեն երկար ժամանակ գործում է ԼՂՀ ներկայացուցիչ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվության վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը նկատել է. «Նոր Հարավային Ուելսի ճանաչումը, որը հետևեց Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդի և Մասաչուսեթսի օրենսդիր մարմինների համանման գործողություններին, կրկնակի արժեքավոր է, քանի որ Նոր Հարավային Ուելսը եղել է այն հիմնաքարը, որի շուրջ ձևավորվել է ժամանակակից ավստրալական պետությունը: Երբ այդ ամենախիտ բնակեցված, պատմականորեն ամենահին նահանգը ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունը, դա շատ կարևոր է: Դրան կհետևի ԼՂՀ-ի անկախության ճանաչումը ոչ միայն ավստրալական մնացած նահանգների, այլև աշխարհի այլ երկրների կողմից»: Հիշեցնենք, որ տեղեկատվություն է հայտնվել Ուրուգվայի կողմից ԼՂՀ հնարավոր ճանաչման մասին:

Հայաստանը տվել է միջազգային մակարդակով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մեկնարկը, Թուրքիայի հատուկ ծառայություններին վկայակոչելով` հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքական հատուկ ծառայությունների տվյալներով` Հայաստանն սկսել է այդ ուղղությամբ աշխատել Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Օկեանիայի պետությունների հետ, և դրա վկայությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցելություններն էին Լատինական և Կենտրոնական Ամերիկայի, երկրներ: Հայաստանի առավելագույն ծրագիրը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի սփյուռքի խոստացված աջակցությամբ, Հայոց Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն է, հայտարարում են Թուրքիայի ԶԼՄ-ները:

Զուգահեռ հնչել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում մեր ռազմաօդային ուժերը կաշխատեն նավթային և էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման ուղղությամբ: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս մասնակցել է գերժամանակակից սպառազինությամբ հագեցած հակաօդային պաշտպանության նոր ստորաբաժանման բացման արարողությանը:

Այս ֆոնի վրա համանախագահների հայտարարությունները նոր գաղափարների մասին փոքր-ինչ տարօրինակ են հնչում, առավել ևս, այս անգամ այդ գաղափարների բովանդակության մասին տեղեկատվության «արտահոսք» չի եղել: Փորձագետների կարծիքով` համանախագահող երկրներից յուրաքանչյուրը` Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, փորձում է կարգավորումն իր կողմը ձգել, որպեսզի պայմաններ թելադրելու հնարավորություն ունենա: Սակայն համանախագահությունում փոխզսպման համակարգը, թեպետ արգելակում է խնդրի կարգավորումը, սակայն հնարավորություն է տալիս պահպանելու խաղաղությունը:

Leave a Reply

css.php