
Եվրոպայի ամենամեծ սուպերմարքեթների ցանցը տնօրինող «Կարֆուր» ընկերությունը դեռ ուսումնասիրում է հայաստանյան շուկան: Թեև երևանցիները սպասում էին, որ արդեն այս տարի Հայաստանի մայրաքաղաքը կունենա իր առաջին միջազգային սուպերմարքեթը, սակայն ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ դա դեռ կարող է մեկ տարի տևել:
Ֆրանսիական հայտնի «Կարֆուր» սուպերմարքեթը տարածք ունի Երևանի նորաբաց «Դալմա գարդեն մոլում», որտեղ ապագա սուպերմարքեթի դռների վրա հոկտեմբերից գրված է` «Բացումը շուտով»: Քանի որ սուպերմարքեթի բացումը տեղի չէր ունենում (և մանավանդ որ հարևան Վրաստանում սեպտեմբերին արդեն բացվել էր այդ սուպերմարքեթը), մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որ դրա բացմանը խոչընդոտում են հայ օլիգարխները: Մամուլը պնդում էր, որ իր անհամեմատ էժան ապրանքների և սեփական արտադրանքը ներմուծելու շնորհիվ «Կարֆուրը» մեծ վնաս կհասցնի հատկապես «Երևան սիթի» սուպերմարքեթների ցանցի սեփականատեր, գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
«Հայկական ժամանակ» օրաթերթն անցյալ շաբաթ գրել է, որ իրենց հավաստի տեղեկությունների համաձայն` «Կարֆուր» հիպերմարքեթների ֆրանսիական ցանցի բարձրաստիճան ներկայացուցիչները արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում են հանդիպում ունենալ ՀՀ ամենաբարձր ղեկավարության հետ, սակայն դա նրանց ոչ մի կերպ չի հաջողվում:
«Կարֆուրի» ներկայացուցիչներին մերոնք «ցրում» են` ասելով, որ նախագահական ընտրություններ են, և թե´ Սերժ Սարգսյանը, թե´ Տիգրան Սարգսյանը խիստ զբաղված են: Սակայն «Կարֆուրի» ներկայացուցիչների հետ հանդիպումները հնարավորինս ձգձգելը պայմանավորված է նրանով, որ այստեղ չեն կարող առայժմ պատասխանել նրանց հարցերին»,- գրել էր թերթը:
Այս հրապարակմանը հաջորդեց Emedia.am-ի հրապարակումը այն մասին, որ «Կարֆուրի» փոխարեն «Դալմա գարդեն մոլում» հավանաբար «Երևան սիթի» կբացվի:
Սակայն «ԱրմենիաՆաուի»` «Կարֆուր գրուփին» ուղղված գրավոր տեղեկատվության հարցմանն ի պատասխան խմբի լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ «Մաջիդ ալ Ֆութթաիմ գրուփը», «Կարֆուրի» բրենդը զարգացնելու իր ռազմավարության համաձայն, շարունակում է ուսումնասիրել հայկական շուկան և նպատակ ունի իր առաջին խանութը բացել առաջիկա 12 ամիսների ընթացքում»:
Արաբ միլիարդատեր Մաջիդ ալ Ֆութթաիմին պատկանող և նրա անունը կրող ընկերությունը «Կարֆուրի» բրենդը զարգացնում է Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում:
Տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ եթե «Կարֆուրը» իսկապես մուտք գործի հայկական շուկա, ապա շուկայում մրցակցությունը միանշանակ կաշխուժանա:
«Ցանկացած նման խոշորագույն բրենդի մուտք գործելը որոշակիորեն կաշխուժացնի մրցակցությունը, բայց ամբողջ հարցն այն է, որ մեր խոշոր տնտեսավարողներից մեկը [նկատի ունի Սամվել Ալեքսանյանին] այնքան էլ մաքուր հարկային դաշտում չի գործում: Թե նման պայմաններում որքանո´վ կկարողանա «Կարֆուրը» մրցակցել, դժվար է ասել, բայց եթե նման բրենդ է գալիս, չի բացառվում նախօրոք արդեն իշխանությունների հետ պայմանավորվածություններ ունենալ»,- ասում է Չատինյանը:
Ի դեպ, Civilnet.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ «Կարֆուրը» «Դալմա գարդեն մոլից» բացի նախատեսում է Երևանում ևս երկու հիպերմարքեթ բացել` մեկը Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, մյուսը` Ավանում՝ Երևան-Սևան ճանապարհին: