
Երևանից շուրջ 200 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի 1150 բնակչություն ունեցող սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով բաժանվում է ընդամենը 500 մետրով:
Չնայած հրադադարից շուրջ 20 տարի է անցել, սակայն գյուղացիները մինչ այսօր ապրում են ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակահերթերի տակ:
Գյուղացիներն արդեն սովորել են կրակոցներին, ու կյանքն այստեղ նույնիսկ ամենաուժեղ կրակոցից հետո էլ կարճ ժամանակ անց վերադառնում է բնականոն հուն, սակայն կրակոցներն անհետևանք չեն մնում:
«Կրակոցների ժամանակ ինձ ավելի շատ հետաքրքրում են ոչ թե գնդակներից ծակվող տանիքները, այլ այն մարդկանց, այն երեխաների առողջությունը, ովքեր լսում են այդ կրակոցները»,- ասում է գյուղապետ Մանվել Կամենդատյանը` հավելելով, որ կրակոցների թիրախ չդառնալու համար գյուղում չեն վառվում փողոցային լույսերը, որոնք անցյալ տարի ամբողջությամբ վերանորոգվել են:
Արդեն սկսվել են գարնանացանի աշխատանքները, սակայն սահմանամերձ գյուղում, որի մշակվող հողատարածքների 80 տոկոսն ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ է, գյուղացիները խուսափում են այդ հողերը մշակելուց, անասնապահությունը նույնպես վտանգավոր է: Միայն 2012-ին գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ գյուղում 2 մարդ է վիրավորվել:
Այնուամենայնիվ, գյուղաբնակներն ամուր կանգնած են հայրենի հողի վրա ու արդեն սովորական դարձած կրակոցների տակ շարունակում են զբաղվել առօրյա բանուգործով:
Գյուղի նախկին բաղնիքում այս տարվա հունվարից 32-ամյա Լևոն Առաքելյանը լվացամիջոցների արտադրություն է հիմնել` ապահովելով 3 աշխատատեղ: Առաջիկայում նախատեսվում է արտադրությունն ընդլայնել և աշխատողների թիվը հասցնել 12-ի:
Այսօր գյուղում կառուցվում է նաև համայնքային կենտրոն` գրադարան, դահլիճ և այլն, քանի որ նախկինը պատերազմի տարիներին ամբողջությամբ այրվել էր ու քանդվել: