Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ժամանեց Հայաստան. երկկողմ կապերը նոր լիցքեր են ստանում

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ժամանեց Հայաստան. երկկողմ կապերը նոր լիցքեր են ստանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում Բերդիմուհամեդովին դիմավորեց Նախագահ Սերժ Սարգսյանը: Տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողություն:

Թուրքմենստանի նախագահը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Թուրքմենստանի նախագահը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Հայ-թուրքմենական բարձր մակարդակի շփումները նոր թափ են ստանում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, 2010 թվականի նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով գտնվելով Թուրքմենստանում, նշել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հատուկ նշանակություն է տալիս: ՀՀ Նախագահն ընդգծել էր էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում հայ-թուրքմենական համագործակցության լուրջ ներուժի առկայության հանգամանքը:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր հերթին նշել էր, որ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: «Մենք ջերմությամբ ենք վերաբերվում Հայաստանին և նրա աշխատասեր ժողովրդին»,- ասել էր նա:

Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ մինչ օրս ստորագրվել են քառասունյոթ համաձայնագիր, հինգ արձանագրություն, երեք հուշագիր եւ երկու հռչակագիր: Թուրքմենստանից Հայաստան ներմուծվում են շուրջ 2,5 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ, արտահանվում` շուրջ կես միլիոն դոլարի:

Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հորտեմբերի 9-ին: 2008թ. սեպտեմբերից Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է Վլադիմիր Բադալյանը: 2010թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է Աթա Սերդարովը:

Leave a Reply

css.php