Ընտրություններ 2013. քարոզարշավի երրորդ օրը` «նույնի կրկնությամբ»

 

Հանդիպումներ մարզային քաղաքների մշակույթի տան դահլիճներում ու հրապարակներում, մայրաքաղաքի շուկաներում ու վարսավիրանոցներում, գրկախառնություններ փողոցներում պատահական անցորդների հետ, շարունակվող հացադուլ, լեզվական փոխհրաձգություն երկու թեկնածուների միջև` այսպիսին էր Հայաստանում առաջիկա ընտրություններից առաջ անցկացվող քարոզարշավի երրորդ օրը:

Փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների թեկնածուներից քարոզարշավի երրորդ օրվա ֆավորիտները շարունակեցին մնալ գործող նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն ու Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր քարոզարշավի մեկնարկից ի վեր պարբերաբար հանդիպում են քաղաքացիների հետ:

Նախագահի թեկնածուներից Սերժ Սարգսյանը «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ներքո շարունակեց իր քարոզչությունը Հայաստանի հարավային դարպասում ՝ Սյունիքի մարզում:

Հանդիպելով Մեղրի և Ագարակ համայնքների բնակիչների հետ` Սարգսյանը ներկայացրել է այդ տարածաշրջանի և ամբողջ Հայաստանի համար կարևորագույն երկու խոշորամասշտաբ ծրագրերի՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Իսկ Հայաստանի հանքարդյունաբերության կենտրոններից մեկում՝ Քաջարանում, նախընտրական հանդիպման ժամանակ թեկնածուն առանձնահատուկ կարևորել է բնապահպանական խնդիրները:

«Արտադրությունը և մասնավորապես արդյունաբերությունը` հանքաարդյունաբերությունն իհարկե, շատ լավ բան են, բայց անցել են այն ժամանակները, երբ դա արվում էր ամեն գնով, այդ թվում և՝ մարդկանց առողջության ու բնությունն անվերադարձ քայքայելու գնով: Այսօր այս հարցերում մենք որդեգրել ենք ավելի հեռատես քաղաքականություն, որ հիմնված չէ այսրոպեական շահի վրա, այն նկատի է առնում մեր ունեցած բնական համեստ ռեսուրսները խելամտորեն տնօրինելու և շահագործելու կարևորությունը»,- ասել է Սարգսյանը:

Նախագահի թեկնածուի` Սյունիքի մարզ կատարած այցելության վերջին քաղաքը Կապանն էր, որի կենտրոնում` Սյունիքի մարզպետարանի հարակից հրապարակում, Սարգսյանն իր ելույթում առանձնահատուկ ուշադրություն դարձրեց խաղաղության և երկրի բնական սահմանների անվտանգության հարցերին:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Էրեբունի վարչական շրջանում էր, որտեղ մտնում էր խանութից խանութ, շուկա և, անցորդների ձեռքը սեղմելով, հորդորում անպայման մասնակցել փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին։

Հովհաննիսյանը քարոզարշավի ժամանակ չի ներկայացնում իր նախընտրական ծրագիրը, այլ նախընտրում է շփվել ժողովրդի հետ, իսկ ծրագիրը ներկայացնելով զբաղվում են ակտիվիստները:

«Ցանկացած նախընտրական ծրագիր այդպես էլ թղթի վրա կմնա, եթե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն իր երկրի մասնիկը չզգա: Ես նախընտրական քարոզարշավի ընթացքում ցանկանում եմ շփվել իմ համաքաղաքացիների հետ, իմանալ նրանց անհանգստացնող խնդիրների մասին, որպեսզի այս ընտրություններից հետո փոխվի նրանց կյանքը»,- ասել է Հովհաննիսյանը, ով լրագրողների ուղեկցությամբ այցելել է նաև համայնքի վարսավիրանոցներից մեկն ու հարդարել մազերը:

Թեկնածուներից «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբից հայտնել են, որ թեկնածուն չորեքշաբթի հանդիպել է ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախագահի թեկնածուն ներկայացրել է նախընտրական ծրագիրը, խոսել իր նպատակների և մոտեցումների մասին:

Իսկ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբից հայտնել են, որ թեկնածուն հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության վերլուծաբանների հետ և քննարկել ընտրացուցակներին ու քարոզարշավին առնչվող հարցեր:

Ավելի վաղ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նախընտրական շտաբի հայտարարությունը, որը վերաբերում էր էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին, ով օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «Բագրատյանը պատրաստվում է նախագահ դառնալ, երբ եթերով ասում է, թե անցած 10 տարում 4700 շիշ կոնյակ է խմել, այն դեպքում, երբ վարչապետ եղած ժամանակ նույնիսկ Marlboro-ի փող չուներ»:

Ի պատասխան` Բագրատյանի շտաբից ասել են, որ նախագահի էպոսագետ թեկնածուն իր յուրաքանչյուր ասուլիսի ընթացքում խոսում է ՀՀ նախագահի թեկնածուներից հենց Հրանտ Բագրատյանի մասին, և հետաքրքրվել են, թե էպոսագետն ո՞ւմ խաղերն է խաղում:

Սեդրակյանն էլ հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ «Բագրատյանը հիվանդ ա մեծամտությամբ, ինքնասիրահարված անձնավորություն է, և ես բոլոր ասուլիսներում չեմ անդրադարձել նրա թշվառ, ողորմելի կերպարին»:

Էպոսագետն ինչպես երեքշաբթի, այնպես էլ չորեքշաբթի քարոզարշավային որևէ հանդիպում չի ունեցել:

ՀՀ ազգային գիտությունների ակադեմիայի մոտ հացադուլը շարունակում է նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը, ում չորեքշաբթի այցելել են շտապօգնության աշխատակիցները, ստուգել են թեկնածուի ընդհանուր առողջական վիճակն ու հայտնել են, որ առողջական որևէ խնդիր չկա:

 

Leave a Reply

css.php