Ընտրություններ 2013. Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է մրցակցային նախագահական ընտրություններ

Ընտրություններ 2013. Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է մրցակցային նախագահական ընտրություններ
Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ է համարում տարածված այն տեսակետը, որ առաջիկա ընտրությունների ելքը կանխորոշված է [հօգուտ գործող նախագահի], և ընտրապայքարը մրցակցային չի լինելու:

Երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի առաջին արտգործնախարարը, ով, համապատասխանելով Հայաստանից տասը տարի չբացակայելու սահմանադրական պահանջին, առաջին անգամ հնարավորություն է ստացել մասնակցելու նախագահական ընտրություններին, ասաց` այդ տեսակետը «կեղծ, սուտ կատեգորիա է, որը կապ չունի ճշմարտության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքի և առաջիկա ընտրության նշանակության հետ»:

Փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել յոթ թեկնածու` գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո Հայի» տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով չի աշխատում: Այսօր ԿԸՀ-ն ևս 48 ժամ է հատկացրել ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրած այն ութ թեկնածուներին, որոնք դեռ չեն վճարել անհրաժեշտ 8 միլիոն դրամ (մոտ 19.700 դոլար) ընտրագրավը: Առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը հունվարի 4-14-ն է:

Ընտրություններում մրցակցություն ապահովելու համար «Ժառանգության» առաջնորդը այսօր կոչ արեց հասարակության բոլոր հատվածներին, քաղաքական ուժերին, անկուսակցականներին` անպայման մասնակցել ընտրություններին:

«Ով տանը մնա մինչև փետրվարի 18-ը և հատկապես այդ օրը, ինքը մասնակցում է քաղաքական, քաղաքացիական հնազանդության հաղթարշավին և ինքն ուզում է չմասնակցելով ապահովել այս իշխանության, այս նախագահության վերարտադրումը,- հայտարարեց Հովհաննիսյանը` միաժամանակ դրական արտահայտվելով թեկնածուներ Հայրիկյանի և Բագրատյանի մասին.- Տանը նստելը ամենահեշտն է, նրանք որոշեցին մասնակցել և կարող են արժանի մրցակից լինել և´ գործող նախագահին, և´ ինձ»:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահին կրկին կոչ արեց լրջորեն վերաբերվել անցյալ տարվա ընթացքում իր ուղարկած երկու նամակներին, որոնցով նա պահանջում էր բացառել քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահումը իշխող ուժի կողմից: Հովհաննիսյանի խոսքով` եթե նախագահը կարողանա կատարել իր նամակում առկա պահանջները, ապա տեղի կունենա մրցակցային, արդար ընտրություն:

«Ազատ, արդար ընտրությունների դեպքում ես պատրաստ եմ թե´ շնորհավորել հաղթողին, թե´ շնորհավորանք ընդունել: Եթե հերթական կեղծված ընտրություններ են լինելու, ես ակնկալում եմ, որ քաղաքական, քաղաքացիական պայքարը կշարունակվի փետրվարի 18-ից հետո»,- ասաց Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ եթե այս պահին նախագահի ընդդիմադիր թեկնածուների համախմբում չկա, ապա դա գոնե տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլում [եթե երկրորդ փուլ լինի]:

«Ես չեմ պատրաստվում մրցակցել պարոն Հայրիկյանի կամ պարոն Բագրատյանի հետ»,- ասաց նա:

Ի դեպ, Հովհաննիսյանը նաև ակնարկեց, որ իր նախընտրական կարգախոսը լինելու է` «Հնարավոր է»:

Leave a Reply

css.php