
Զինվորական խիստ համազգեստն ընդգծում է Վիկտորյայի կանացի հմայքը: Հմայիչ է, ժպիտը ծորում է հայացքի խորքից ու խմորվում փայլող աչքերում: Քայլվածքը մեղմ է, բայց խրոխտ: Խոսում է հանգիստ, կենտրոնացած: Եղունգները խնամված ու ներկված են, մազերը` գեղեցիկ հարդարված, դիմահարդարումը նուրբ է ու ճաշակով:
«Մենք էլ ենք ապրում ինչպես մյուս կանայք, բայց եթե կրակելիս թափված մազերդ խանգարում են`հավաքում ես, զենքը մաքրելիս եղունգներդ խանգարում են` կտրում ես: Ինքնըստինքյան գալիս ես այն վիճակին, ինչն անհրաժեշտ է զինվորականին: Հաճախ մեր հագուստը փոխելիս ենք հիշում, որ կին ենք, բայց սա է մեր կյանքը`ծառայության մեջ ենք»,- ասում է 26-ամյա դիպուկահար Վիկտորյա Գևորգյանը:
Նշաձև սև աչքերի ինքնատիպ փայլն ու դիպուկ հայացքը ամբողջացնում են դիպուկահարի նրա մասնագիտությունը: Հիշում է առաջին կրակոցը, երբ սովորում էր մանկավարժական համալսարանում ու ժպտալով ասում է. «Կալաշնիկովի ավտոմատից էր: Առաջին երկու թիրախն էլ խոցել եմ հենց առաջին գնդակից: Մեր ամբիոնի վարիչը նայեց ու ասաց` դու լավ դիպուկահար կլինես: Երբ արդեն ընդունվեցի ՊՆ հատուկ նշանակության զորքեր, զանգահարեցի ու ասացի. «Գիտեք` ձեր ասածով եղավ…» Հենց սկզբից չեմ վախեցել զենքից, չէ՞ որ զենքն ունի հետհարված, բարձր աղմուկ, ինչը վախեցնում ու շփոթեցնում է մարդկանց: Սկզբից էլ կարողացել եմ այդ ամենը հաղթահարել, ինչը տարիներ առաջ զգացել էր մեր ամբիոնի վարիչը»,- պատմում է Վիկտորյան:
Ընտանիքը դեմ է լինում աղջկա ընտրած մասնագիտությանը, սակայն աստիճանաբար սկսում են հարմարվել: Հատուկ նշանակության զորքերում ընտրվում է նախընտրական փուլում: Բանակում, որտեղ տղամարդկանց հասարակությունն է, Վիկտորյան փորձում է չզիջել դիրքերը:
«Հենց սկզբից մտնում ես զորամաս, որտեղ տղամարդիկ են, ու դու պետք է նրանց հետ վազես, լինես նրանց հավասար, ձգումներ անես… Մի տեսակ վախենում ես, որ քեզ չես արդարացնի, բայց ես միշտ կարծել եմ, որ կանայք ավելի մեծ ձգտում ունեն ու ամեն ինչ անում են, որ արդյունքի հասնեն ու ոչ մի բանով չզիջեն»,- բացատրում է Վիկտորյան:
Իրենց գործում կարևորում է ուժեղ կամքը: Թույլերը հատուկ նշանակության զորքերում տեղ չունեն: Այստեղ կարգախոսը մեկն է`ունենալ մեծ ձգտում ու երկաթե կամք:
«Ինչ խոսք, կանայք թուլություններ ունեն: Ես աշխատում եմ ցույց չտալ, իմ թուլությունն ինձ համար է: Ամաչում եմ թույլ լինելուց, շատ բաներ կան, որ իրոք ինքս դժվարությամբ եմ հաղթահարում, թեկուզ այդ երկար տարածությունների քայլքը, որ մենք գնում ենք,- պատմում է Վիկտորյան: – Ոտքով 15 օրում հասանք մինչև Ղարաբաղ, մեր ուսերին տանում էինք 20 կգ-ոց ուսապարկեր` ամեն օր քայլելով 30-40 կմ: Տղաների մեծ մասը տեղ չհասավ: Մեր ուժերն ենք ստուգում` կարո՞ղ ենք ամեն ինչ հաղթահարել: Մեկ անգամ ևս հաստատեցինք, որ հատուկ նշանակության զորքերի համար չկա առաջադրանք, որ չկատարվի»:
Վախի մասին խոսում է հանգիստ, անկաշկանդ: Դիպուկահարը վախից ձերբազատված պետք է լինի: Կարծում է, որ վախը հաճախ սեփական ուժերին չվստահելու հետևանք է: Կրակելիս միայն թիրախի մասին է մտածում:
«Նպատակը մեկն է` խոցել թիրախին: Այդ պահին չես մտածում, որ դիմացդ մարդ է: Դիպուկահարից սառնասրտությունն է պահանջվում, նա պարտավոր է հաղթահարել մարդկային շատ զգացողություններ: Մի բան պետք է հասկանաս` եթե դու չխփեցիր, ինքն է խփելու»,- ասում է նա:
Վիկտորյան խոստովանում է, որ դիպուկահարի մասնագիտությունն օգնում է իրեն առօրյա կյանքում: Հույզերն ու զգացողությունները վաղուց մի կողմ է թողել, քանի որ համոզված է, որ սրտի թելադրանքը հաճախ սխալ ճանապարհով է տանում: Նրա համար առաջնային է սթափ դատողությունը` գնահատում է իրավիճակը ուղեղով և նոր միայն քայլ անում:
«Դիպուկահար, իհարկե, չեն ծնվում, դառնում են: Բայց պետք է սուր աչք ունենաս, կարողանաս հարմարվել տեղանքին: Հնարավոր է` պառկես ահավոր անհարթ քարերին, գուցե տակդ փուշ կամ կոտրված ապակի լինի, կարճ ժամանակում պետք է հարմարվես այդ ամենին, անջատես զգայարաններդ, անգամ եթե վրայովդ օձ է սողում: Կենտրոնանում ես միայն կրակելու վրա, այդ դեպքում միայն արդյունքի կհասնես»,- բացատրում է Վիկտորյան:
Երբևէ չի մտածում մահվան մասին:
«Եթե աշխատում ես թշնամու հետ, պետք է իմանաս, որ գուցե դիմացից էլ մի 5-6 հոգի աշխատում են քեզ վրա: Զգուշավորությունը խիստ կարևոր է, որպեսզի քո քողարկված տեղը չբացահայտես: Ամեն մանրուքի պետք է հետևել: Ամենակարևորը` չմտածել մեռնելու մասին: Հենց մտածեցիր, որ կարող է հիմա խփեն, այդ պահից արդեն իսկ խուճապի ես մատնվում… Մտածում ես միայն քո առաջադրանքի մասին,-ասում է նա: – Մինչև սահման հասնելը բազմաթիվ փորձությունների միջով ենք անցնում, կարևորը հոգեբանորեն պատրաստ լինելն է: Մեռնելու մասին մտածեցիր, հաստատ մինչև սահման չես հասնի: Սահման հասնում են պրոֆեսիոնալները, ամենապատրաստվածները»:
Վիկտորյան խրախուսում է կանանց մուտքը բանակ, ողջունում է Իսրայելի օրինակը և ասում, որ շատ կուզեր, որ Հայաստանում էլ զինվորական ծառայությունը կանանց համար պարտադիր լիներ: Կարծում է, որ հատուկ նշանակության զորքերում կանանց ներկայությունը կոտրում է այդ կարծրատիպը:
«Մեր աշխատանքով ենք ապացուցում, որ չենք զիջում տղամարդկանց: Հայ կինը, եթե կարողանում է ընտանիքի հոգսն իր վրա վերցնել, բանակը դրա դիմաց շատ թեթև բան է, միայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է: Չեմ կարծում, որ ինչ-որ բան պայմանավորված է սեռով: Անգամ վատ եմ զգում, երբ ասում են` այսինչ բանը մի արա, դու կին ես, թեկուզ հենց ծառայության մեջ: Այդ պահին ներքին վիրավորանք եմ ապրում և ուզում եմ ապացուցել, որ կարող եմ դա անել, ու չպետք է տարբերակում մտցնել»,- ասում է նա:
Վիկտորյան ակնածանքով է վերաբերվում հատուկ նշանակության զորքերում կապույտ բերետավորներին, ովքեր համարվում են ոլորտի լավագույններն ու ամենապատրաստվածները:
«Ես առաջին կինը կլինեմ, ով կհանձնի այդ քննությունը, այն իր մեջ ներառում է 20 կգ-ոց ուսապարկով 10 կմ վազք, ձգումներ, արգելագոտու հաղթահարում, լող, ու այդ ամբողջ ընթացում 20 կիլոգրամը քեզ վրա է, ու այդ ամենը որոշակի ժամանակում: Տղամարդկանց մեծ մասն անգամ չի կարողանում հանձնել: Եզակի մարդիկ են կրում այդ բերետը, ու նրանց նկատմամբ մեծ հարգանք ենք տածում»:
Վիկտորյայի գոտին ամուր ձգված է: Զինվորական ճտքակոշիկները փայլում են մաքրությունից, խոստովանում է, որ զինվորական համազգեստով իրեն ավելի լավ է զգում, քան քաղաքացիականով: Կարոտում է բարձրակրունկ կանացի կոշիկներին, բայց այդ ամենը` միայն ծառայությունից հետո:
«Զինվորականներն իմ մեջ միշտ հարգանք են առաջացրել: Սիրում եմ այս գործը, հաճախ անձնականս էլ ստիպված եմ լինում զոհաբերել, բայց չեմ ափսոսում, որովհետև դա ինձ պետք է ու ես դա անում եմ հայրենիքիս համար: Ապագա ամուսինս էլ պետք է հարգի ու ընդունի իմ որոշումները, եթե սիրում է ինձ»,- ասում է նա:
Երազանքը մեկն է` իր գործում հասնել մասնագիտական բարձունքների և օրինակ ծառայել, որ ավելի շատ կանայք բանակ մուտք գործեն: