«Ես արդեն Ղարաբաղի քաղաքացի եմ»,- ասում է սիրիահայ Կարոն

«Մինչ այդ գալիս-գնում էի: Առաջին անգամ Ղարաբաղ եմ եկել 1992 թվականին, բայց երկար չեմ մնացել»,- ասում է սիրիահայ Կարո Կարապետյանը, ով այժմ բնակվում է Ստեփանակերտում:

Կարոյի մեծ գերդաստանի մի մասը այժմ Լիբանանում է, մի մասն էլ` Ղամիշլիում: Նրա խոսքերով` օր չկա, որ նա չմտածի նրանց մասին. «Քանի որ մեծ վտանգ չկա Ղամիշլիում, նրանք` քույրերս ու եղբայրներս, դեռ այնտեղ են: Հետագայում չեմ կարող ասել, թե ինչ են անելու, դեռ ամեն ինչ անորոշ է: Շատ ենք անհագստանում նրանց համար, ամեն օր ու ժամ Սիրիայի մասին լուրերն ենք լսում»:

Այժմ Քաշաթաղի շրջանում սիրիահայ 28 ընտանիք է ապրում` 74 հոգի: Դրա մասին մեզ հայտնեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը:

Նրանց մեծ մասը Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքից են, ինչպես Կարո Կարապետյանը:

«Եթե կինս ղարաբաղցի չլիներ, հնարավոր է այստեղ չկարողանայի ապրել: Իսկ ահա Ղարաբաղ նոր ժամանածների համար ավելի դժվար է: Ի համեմատ նոր եկած սիրիահայերի` ես շատ ավելի մեծ առավելություններ ունեմ»,- ասում է Կարոն:

Նման առավելություններից մեկը, ըստ Կարոյի, երեխաների ղարաբաղյան բարբառի իմացությունն է: Ինքը` Կարոն, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, նա արևելահայերենի հետ խնդիրներ չունի:

«Երեխաներս ղարաբաղյան բարբառն ավելի լավ գիտեն, իմ ականջս էլ է արդեն վարժվել ղարաբաղյան բարբառին»,- կատակելով ասում է Կարոն:

Կարո Կարապետյանը 15 տարի առաջ հանդիպել է Գայանեյին ու ամուսնացել նրա հետ: Այժմ նրանք չորս դուստր ունեն. Համեստը 9-րդ դասարանում է, Մարիամը` 5-րդ, իսկ Կարոլինն ու Ալվինան մանկապարտեզ են հաճախում:

Կարոն աշխատել է Լիբանանում, Եմենում ու Արաբական Միացյալ Էմիրաություններում: Ընթացքում գալով Արցախ` աշխատանք չի գտել ու նորից հետ է գնացել արաբական երկրներ: Մի կարճ ժամանակաշրջան որպես ճարտարապետ աշխատել է Սիրիայում, իսկ ավելի ուշ Լիբանանում հորեղբոր մետաղաձուլման գործարանում էր աշխատում, որտեղ տարբեր մետաղյա գործիքներ էինք պատրաստում:

Կարոն այժմ Ստեփանակերտում երկու խանութի տարածք ունի, որոնք հանձնել է վարձով: Նա կցանկանար, որ իր մասնագիտությամբ աշխատանք ունենար. «Ղարաբաղում աշխատանք գտնելն է դժվար, սակայն ամեն տեղ էլ դժվարություններ կան, ոչ մի տեղ էլ հեշտ չէ, այդպիսի տեղ չկա, որտեղ ամեն ինչ հեշտությամբ տրվում է, ամեն տեղ էլ պետք է աշխատել»:

«Իմ ապագան այստեղ նորմալ եմ տեսնում, փառք աստծո, ապրուստս նորմալ է: Սակայն ի՞նչ իմաստ կա, երբ տղամարդը չի աշխատում կամ տանը նստած ոչինչ չի անում»: Թեև այդպես է ասում Կարոն, բայց նա իրենց մեծ բնակարանն ամբողջությամբ իր ձեռքերով է ձևափոխել ու վերանորոգել. «Չափագրությունն իմ մասնագիտությունն է, բայց ահա ցեխ անելիս բարեկամներիցս ու ծանոթներիցս էի խորհուրդ հարցնում»:

Կարոն գտնում է, որ բազմազգ Սիրիայում մահմեդականները, ալեւիները, քրդերը, ասորիները ու մնացածը հավասար էին, իսկ այժմ սուննիները ամեն ինչին ուզում են տիրանալ:

Ինչ վերաբերում է Սիրիայում տեղի ունեցողին, նա գտնում է, որ ոչ ոք չգիտի, թե այն ինչով է ավարտվելու. «Այն շատ խորը արմատներ ու տարբեր գործոններ ունի, նեռարյալ՝ տնտեսականը` նավթը, գազը և այլն»:

Կարոն, ինչպես շատ հայեր, Բաշար Ասսադի կողմնակիցն է. «Եթե հենց հիմա Սիրիայում արտահերթ ընտրություններ անցկացնեն, Ասսադը նորից կընտրվի: Այսօր էլ ժողովուրդի մեծ մասը Ասադի կողմից է»:

Նա համարում է, որ Ասադի ռեժիմն անհրաժեշտ էր Սիրիային, որի շնորհիվ Սիրիայում ապրող փոքրամասնություններին ոչ ոք չէր կարող վիրավորել. «Համ էլ ինչպիսին էլ լիներ այդ ռեժիմը, այնտեղ պարզապես ընդունված չէր իշխանություններին փնովել»:

Սիրիայում խաղաղության հաստատման դեպքում, Կարոն չի պատրաստվում վերադառնալ այնտեղ. «Ես մինչև պատերազմն եմ որոշել այստեղ ապրել: Ես հայ եմ կոչվում իմ հողի անվամբ: Ես միշտ էլ երազում էի իմ մայր հողի վրա ապրել, և իմ երազանքը կատարվել է: Ես արդեն Ղարաբաղի քաղաքացի եմ»:

Քանի որ Կարոն 1992 թվականին Ղարաբաղում էր, խնդրեցի զուգահեռներ անցկացնել Ղարաբաղի ու Սիրիայի պատերազմների միջև, եթե դա, իհարկե, հնարավոր է: «Ղարաբաղում պարզ էր, թե ով է թշնամին, իսկ Սիրիայում չգիտես: Համ էլ Սիրիայում հիմնականում քաղաքային մարտեր են տեղի ունենում»:

Վերջում` Կարապետյանների տնից դուրս գալուց առաջ, Գայանեն ու Կարոն հետաքրքրվեցին Քաշաթաղի շրջան տեղափոխված սիրիահայերով: Նրանք շատ ուրախացան, երբ հայտնեցի, որ նրանցից շատերն արդեն աշխատանք ունեն: Ղամիշլիից նոր եկած շատ հայերի Կարոն ճանաչեց, երբ թվարկեցի նրանց անունները:

Leave a Reply

css.php