Դժվար ընտրություն. տարածաշրջանային լարվածության աճին զուգընթաց «չեզոք» Հայաստանին կոչ է արվում դատապարտել Սիրիայում քիմիական զենքի կիրառումը

Դժվար ընտրություն. տարածաշրջանային լարվածության աճին զուգընթաց «չեզոք» Հայաստանին կոչ է արվում դատապարտել Սիրիայում քիմիական զենքի կիրառումը

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ապրիլի 1-ին ընդունել է Երևանում այցով գտնվող Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին: Պաշտոնական տեղեկատվության մեջ տրվում են ընդհանուր ձևակերպումներ երկու երկրների հազարամյա պատմության, տնտեսության և մշակույթի ոլորտներում համագործակցության մասին: Սակայն տեղեկատվության մեջ նաև մի այսպիսի տող կա. «Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային խնդիրները, ընդգծվեց դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»:

Հայտնի չէ, թե ինչո՛ւ է Մեհմանփարաստը ժամանել Հայաստան, և արդյոք նա մեր երկրի իշխանություններին փոխանցե՞լ է ինչ-որ ուղերձներ: Հայտնի է միայն, որ նրա այցից մեկ օր առաջ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին կոչ էր արել Հայաստանին «դատապարտել Սիրիայի հյուսիսարևմտյան քաղաքի՝ Հալեպի մոտակայքում վերջին մահացու քիմիական հարձակումը, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել»: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսի հետ մարտի 31-ի հանդիպման ընթացքում վերջինս փոխանցել է իր հայ գործընկերոջը Սալեհիի ուղերձը, որում կատարվածը բնութագրվել է «անմարդկային քայլ», և այս հանցագործության համար ողջ պատասխանատվությունը դրվել սիրիացի ապստամբների և նրանց օտարերկրյա «հովանավորների» վրա:

Մարտի 19-ին Դամասկոսից տեղեկատվություն ստացվեց Սիրիայի Հալեպ նահանգի Խան ալ Ասալ բնակավայրում կիրառված քիմիական զենքի մասին, ինչի հետևանքով զոհվել էր 25 մարդ, 110-ը ստացել էին լուրջ վնասվածքներ: Սիրիան դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով դատապարտել այս ակտը: Ընդդիմությունը պնդում է, թե զենքը կիրառել են իշխանությունները: ՄԱԿ-ն այս շաբաթ նշանակել է հետաքննություն:

Քիմիական զենքի կիրառումն այն պայմանն է, որի դեպքում համաշխարհային գերտերությունները իրենց իրավունք են վերապահում Սիրիայում ռազմական ներխուժում իրականացնել: Համաշխարհային ԶԼՄ-ները լի են տագնապալի հաղորդումներով այն մասին, որ առաջիկայում նման միջամտությունը միանգամայն հնարավոր է, և դա չի կարող չանհանգստացնել Իրանին, որը, թերևս, Սիրիայի ղեկավարության միակ դաշնակիցն է:

Քաղաքագետները ենթադրում են, որ Մեհմանփարաստի այցը, հավանաբար, պայմանավորված է Սիրիայում ստեղծված իրավիճակով, որտեղ դեռևս ոչ քիչ թվով հայեր են մնում: Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն Սիրիայում հայ համայնքի պաշտպանության ուղղությամբ, առավել ևս, որ «ընդդիմությանը զինատեսակները տրամադրվել է Թուրքիայի կողմից»: Հովհաննիսյանը նշել է, որ մեր չեզոքությունը պահպանելու բոլոր փորձերը, որոնք ուղղված են ներքին կոնֆլիկտում հայերի նկատմամբ ֆիզիկական ճնշումներից և բռնություններից ապահովագրելուն, հաջողությամբ չեն պսակվել:

Սակայն քաղաքագետները նաև ենթադրում են, որ Մեհմանփարաստի այցը կարող է պայմանավորված լինել ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձություններով: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական հատուկ զորքերի ակտիվության մասին, Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը, իսկ վերջերս Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել են համագործակցության առանցքի ստեղծման մասին: Լարվածությունը շիկանում է նաև Իրանի և Ադրբեջանի միջև, և այս իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական սահմանին աճում է դիվերսիաների հավանականությունը, Իրանն ու Հայաստանը պետք է համաձայնեցնեն գործողությունները: Առավել ևս Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Leave a Reply

css.php