Դաշնակիցները բանակցում են. Սարգսյան-Պուտին հանդիպումը վճռորոշ գործոն հայ-ռուսական հետագա հարաբերություններում

Դաշնակիցները բանակցում են. Սարգսյան-Պուտին հանդիպումը վճռորոշ գործոն հայ-ռուսական հետագա հարաբերություններում
Photo: www.president.am
Photo: www.president.am

Մարտի 12-ին օրվա երկրորդ կեսին նախագահի մերձմոսկովյան Նովո Օգարյովոյի նստավայրում կայացավ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս հանդիպումը վաղուց էր սպասվում, և փորձագետներն առաջ էին քաշում քննարկվելիք հարցերի մի ամբողջ օրակարգ: Սակայն հանդիպումը փակ էր, դրանից հետո հայտարարություններ չարվեցին, իսկ նրա սկզբնական բաց մասում չհնչեցին կոնկրետ հարցեր, որոնց մասին պետք է խոսվեր:

Միակ բանը, որ կարելի է նշել, Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին «մեր վերջին հանդիպումից հետո ռազմական ոլորտում լավ առաջընթացի համար»: Թե կոնկրետ ի՛նչ է նկատի ունեցել, նույնպես անհասկանալի է: Վերջին հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրները չպետք է զինեն տարածաշրջանի այն երկրներին, որոնք պատերազմով են սպառնում ՀԱՊԿ-ի գործընկերներին:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը նոր զինատեսակներ էր մատակարարում Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին: Արդյոք Սերժ Սարգսյանի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը խոստացել է Բաքվին զենք չմատակարարել: Իսկ գուցե Սերժ Սարգսյանն առաջընթաց ասելով նկատի է ունեցել հենց Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության աճը, որի մասին հրապարակավ չի խոսվում:

Ուշագրավ է, որ մամուլի ներկայությամբ ողջույնի խոսքերում նախագահները ոչինչ չասացին հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացների մասին, թեև փորձագետները ենթադրում էին, որ Պուտինը կպնդի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին: Հավանաբար, նման խոսակցություն եղել է, սակայն նախընտրել են հանրությանը չհաղորդել՝ ընդունե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանը Ռուսաստանի առաջարկությունը, թե «ոչ» է ասել:

Հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացները Ռուսաստանը գլխավորել է իր արտաքին քաղաքականության հրամայականով: Սակայն այդ գործընթացները դժվարությամբ են առաջ գնում. հետխորհրդային հանրապետությունները չեն ցանկանում վերադառնալ Խորհրդային Միություն՝ փորձելով ինտեգրվել եվրոպական տարածքին: Սակայն Ռուսաստանն ամեն կերպ խոչընդոտում է եվրաինտեգրումը՝ դրա համար օգտագործելով հին լծակները՝գազը, ռազմակայանները, չլուծված հակամարտությունները, զինատեսակների մատակարարումները:

Ի դեպ, գազի գնի հարցը նույնպես պետք է քննարկվեր Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը: Հավանաբար, հենց սրանով է պայմանավորված Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի օգնությունը տնտեսական հարցերում: Թեև որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Երևանը Ռուսաստանից նորից վարկ է խնդրում: Մի քանի տարի առաջ Մոսկվան արդեն կես միլիարդ դոլար վարկ է տրամադրել:

Սակայն ամենահետաքրքիր հարցերը, որոնք, ինչպես ենթադրվում էր, կլինեին հանդիպման օրակարգում, երկաթուղու աբխազական հատվածի բացումն էր և Ստեփանակերտի օդակայանի բացումը:

Ուշագրավ է, որ հանդիպման օրը Մոսկվայում էր գտնվում նաև Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը, որի հետ Պուտինը նույնպես հանդիպել է: ՌԴ նախագահի խոսքով՝ «նա հույս ունի, որ այսօրվա բանակցությունների ընթացքում կողմերը կարող են քննարկել հարցեր, որոնք կարող են առաջիկայում համատեղ լուծում ստանալ»: Հավանաբար, խոսքը երկաթուղու աբխազական հատվածի բացման մասին է, որը Վրաստանով կապում է Ռուսաստանը և Հայաստանը:

Սակայն նվազ կարևոր չէր Ստեփանակերտի օդակայանը բացելիս Ռուսաստանի հնարավոր երաշխիքների հարցը: Մեկ ամիս առաջ ռուս գեներալ Շամանովը հայտարարել էր, որ ճգնաժամերի ժամանակ ՀԱՊԿ-ի կազմում Ռուսաստանի դեսանտային զորքերը կարող են ուղարկվել կազմակերպության անդամ-երկրներ: Հայաստանում դա գնահատվեց որպես հնարավոր օգնություն սադրանքի դեպքում, եթե ադրբեջանական կողմը փորձի խոչընդոտել Ստեփանակերտի օդակայանից թռիչքները:

Արդյոք քննարկվե՞լ են այս հարցերը, հավանաբար պարզ կլինի Հայաստան Սերժ Սարգսյանի վերադարձից հետո:

Leave a Reply

css.php