Գարեգին Բ կաթողիկոսը հորդոր հղեց հայ ժողովրդին հայրենի իշխանությունների հետ միասնական ջանքեր գործադրել հանուն Հայրենիքի

Գարեգին Բ կաթողիկոսը հորդոր հղեց հայ ժողովրդին հայրենի իշխանությունների հետ միասնական ջանքեր գործադրել հանուն Հայրենիքի

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության առթիվ հանդես է եկել ուղերձով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Հարգարժան Նախագահ Ազգային Ժողովի, Մեծահարգ վաստակյալ Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Բարձրաշնորհ և Գերաշնորհ հոգևոր հայրեր, Պատվարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Սիրելի հյուրեր և ներկաներ.

Հայրենիքի լուսաճեմ կյանքի աղոթքն ու մաղթանքը մեր շուրթերին` ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի երդմնակալության առիթով:

Փառք և գոհություն ենք մատուցում Երկնավորին մեր ժողովրդին պարգևած անպատում շնորհների համար, որոնցով ապրել, ստեղծել ու մաքառել է և այսօր աննկուն ու լավատես` հայրենյաց սիրով կերտում է իր ազատ կյանքի նոր օրը:

Անկախ պետականության վերականգնումից ի վեր մեր երկիրը ահռելի դժվարություններ է հաղթահարել, վերակառուցումների ու բարեփոխումների ոչ դյուրին ճանապարհ անցել: Այս պահին գնահատանքով և աղոթքով ենք հիշում հայրենի անկախ պետականության հաստատման և կայացման գործին իրենց նվիրյալ ծառայությունը բերած ազգի բոլոր զավակներին: Պետականաշինության ընթացքներում Դուք, Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ, ծանրագին ավանդ եք բերել` լինելով կերտողներից մեկը մեր պատմության այս հուսաբեր ժամանակաշրջանի: Ձեր նվիրյալ ծառայությունը Հայրենիքին ու ժողովրդին առաջնորդեց Ձեզ պետական ամենաբարձր պատասխանատվության: Նախագահի պաշտոնը հինգ տարիներ առաջ Դուք ստանձնեցիք երկրում ներքին լարվածության բարդ պայմաններում և, սակայն, աներեր կամքով և հաստատուն քայլերով ամենայն ջանք գործադրեցիք, որպեսզի պահպանվի կայունությունը և շարունակվեն բարեփոխումներն ու բնականոն զարգացման ընթացքը մեր Հայրենիքի: Ձեր նախագահության շրջանը եղավ պայքար և ծառայություն դժվարությունների և մարտահրավերների դիմագրավման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ և արդար կարգավորման, արտաքին քաղաքականության ոլորտում այլ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման և գործակցության արդյունավորման:

Այսօր Վեհամոր Ավետարանի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա երդվելով` Դուք նորոգեցիք ծառայական Ձեր ուխտը ազգին և Հայրենիքին: Նախագահական նոր շրջան է սկսվում` որոշակի նոր պահանջներով ու ակնկալիքներով: Մեր երկրում նախորդ տարիներին արձանագրված դրական տեղաշարժերով ու բարի արդյունքներով հանդերձ` տակավին կենսական նշանակություն ունեցող և վճիռների կարոտ բազում խնդիրներ ու հարցեր կան, որոնք այսօր ևս պահանջում են հայրենի իշխանությունների և համայն մեր ժողովրդի հետևողական ջանքերը` պահպանելու համար մեր խաղաղ ու ապահով կյանքը և առաջընթացի հույսն ու հեռանկարը: Ամենքիս տեսիլքն է, որ մեր անկախ պետականության ուղին պարգևի արգասիքներ շեն ու ծաղկուն կյանքի` բարօրությամբ ու բարեկարգությամբ լեցուն, զարգացող տնտեսությամբ, գիտությամբ ու մշակույթով: Նախագահի բարձր առաքելությամբ Դուք կոչված եք իրագործման առաջնորդելու այս տեսլականը: Անտարակույս է, որ ժողովրդի բարօրությունը, օրենքի և իրավունքի գերակայությունը, հոգևոր-բարոյական արժեքներով հասարակական կյանքի առաջընթացը առավել ամրություն պիտի բերեն մեր երկրին, հեղինակություն` մեր պետության վարկին և առավել զորություն` մեր ազգային կյանքին: Մեր Եկեղեցին ինչպես միշտ իր զորակցությունն է բերելու հայրենի պետությանը և Ձեզ` հայրենաշեն ու ազգանվեր առաքելության իրականացման գործում:

Երդմնակալության այս առիթով Մեր հորդորն ենք ուղղում մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս` հայրենի իշխանությունների հետ միասնական ջանքեր գործադրել հանուն մեր Հայրենիքի և ազգային մեր կյանքի պայծառության, մեր հույսերի մարմնավորման: Միակամ ու միախորհուրդ ձգտենք ավելիով իրագործել այն, ինչ ազգի և հայրենի երկրի հանդեպ մեր նվիրական պարտքն ու պարտականությունն է: Չտկարանանք դժվարությունների առջև: Առաքյալի խոսքի համաձայն` «հոգ տանենք միմյանց` սիրո և բարի գործերի հորդորելով», որպեսզի օր օրի շենանա ու բարգավաճի մեր Հայրենիքը` այսօր և միշտ մնալով ամուր պատվարն ու զորության ակունքը աշխարհասփյուռ հայության:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված մեր Հայրենիքի անսասանության, մեր ժողովրդի խաղաղ ու երջանիկ կյանքի հայցով: Աղոթում ենք Ձեզ համար, մեծարգո Նախագահ. թող Բարձրյալի օրհնությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը միշտ լինեն Ձեզ հետ, զորացնեն Ձեզ, պահպանեն հաստատուն ու վճռակամ` կյանքի կոչելու Ձեր և մեր ժողովրդի բարի սպասումներն ու հույսերը: Թող Տերը օրհնի ազգս աշխարհասփյուռ, միշտ պահպանի Իր շնորհների մեջ` հավատքով հայցելու. «Տեր Աստված մեր, առաջնորդիր մեզ և ուսուցանիր մեզ արդարությամբ գնալ Քո ճանապարհներով, պահիր մեր կյանքը խաղաղության մեջ և մեր ընթացքը` Քեզ հաճելի. Ամեն»:

Leave a Reply

css.php