Բյուջե 2013. Հայաստանի ընդդիմությունը քննադատում է կառավարությանը գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի առնչությամբ

Գագիկ Մինասյան - Ֆոտոլուր
Գագիկ Մինասյան - Ֆոտոլուր

Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը շարունակում է մնալ թե իշխանության և թե ընդդիմության ուշադրության կենտրոնում, մինչ Ազգային ժողովում շարունակվում են թեժ բյուջետային քննարկումները:

Վահագն Խաչատրյան

Վահագն Խաչատրյան

Իշխանությունները պնդում են, որ հաջորդ տարվա բյուջեն «սոցիալական» է, ինչպես բնորոշել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ընդդիմադիրների որակումները խիստ հոռետեսական են: «Էստեղ բյուջե չկա»,- հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բյուջետային քննարկումները, կարելի է ասել, Բագրատյանի «աստեղային ժամն» էին, քանի որ որպես տնտեսագետ՝ նա վերջին երկու շաբաթների ընթացքում հանդես է եկել կառավարության ներկայացրած փաստաթղթի [փորձագետների համոզմամբ իրավացի] քննդատությամբ:

ԱԺ-ի ընդդիմադիրները և «այլընտրանքային» «Բարգավաճ Հայաստանը» արդեն հայտարարել են, որ դեմ կքվեարկեն բյուջեի օրենքի նախագծին, սակայն պարզ է, որ կոալիցիոն երկու խմբակցությունների՝ Հանրապետականի և «Օրինաց երկրի» ձայները բավարար են, որ նախագիծը հաջորդ շաբաթ հաստատվի: Կառավարությունը բյուջեի նախագծով սահմանել է, որ հաջորդ տարի կարձանագրվի մոտ 6 տոկոս տնտեսական աճ, գնաճը կկազմի 4 պլյուս-մինուս 1,5 տոկոս, աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի սպասվում: Վերջին փաստը և գնաճի կանխատեսումը հիմք ընդունելով՝ ընդդիմադիրները հայտարարում են, որ Հայաստանի բնակչությունը հաջորդ տարի 4 պլյուս-մինուս 1,5 տոկոսով վատ կապրի:

Մինչդեռ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց, որ 2013-ի բյուջեն բավականին հավասարակշռված է և պատասխանում է այն մարտահրավերներին, որոնք ծառացած են երկրի առջև: Ըստ Մինասյանի՝ բյուջեն հնարավորություն է տալիս դինամիկ զարգացում ապահովելու արդյունաբերության և գյուղատնտեսության համար, իսկ կառավարությունն էլ մարդկանց հնարավորություն է տալիս ինքնուրույն լուծելու իրենց սոցիալական խնդիրները:

«Եթե մարդը գտնվում է կարիքի մեջ, ապա երկու ճանապարհ կա նրա խնդիրները լուծելու՝ կամ դուք նրան պարբերաբար ձուկ եք տալիս, կամ նրան կարթ եք տալիս և սովորեցնում եք ձուկ բռնել: Երկրորդ ճանապարհը միակ արդյունավետն է, որովհետև ապահովում է արժանապատիվ կյանք: Նա այլևս կախված չի լինելու կառավարության որոշումներից և ինքն է հոգալու իր խնդիրների լուծումը: Իսկ պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցնում դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար»,- ասաց Մինասյանը:

Մինչդեռ ՀԱԿ-ի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ բյուջեն ոչ մի հեռանկար չի խոստանում Հայաստանի քաղաքացիներին, նույնիսկ պետական ծառայողներին:

«Կառավարությունը մեզ հերթական անգամ մեսիջ է ուղարկում, թե ինքներդ յոլա գնացեք, ոնց ուզում եք ձեր խնդիրները լուծեք, մենք ձեր խնդիրի լուծման մեջ մասնակցություն չունենք կամ, եթե ունենք, այդ մասնակցությունը շատ չնչին է»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խաչատրյանը՝ հավելելով, թե այդ բյուջեով կառավարությունը կարծես ասում է՝ ինձ մի ընտրեք:

Լրագրողների այն դիտարկմանը, որ եթե կառավարության վարած տնտեսական քաղաքականությունն այդքան վատն է, ապա ինչպե՞ս են իշխանությունները վստահորեն պնդում, թե գործող նախագահը 2013-ի ընտրություններում միակ ֆավորիտն է, Խաչատրյանը պատասխանեց, որ իշխանությունը Հայաստանում չի ընտրվում բյուջեով կամ էլ հասարակության ձայներով:

«Ստվերային տնտեսությունը գնում է իշխանությունների գրպանը, որոնք հինգ տարին մեկ 5-10 հազար դրամ կանխիկ գումար են տալիս մարդկանց: Իրենց ինչի՞ն է պետք թոշակ ավելացնելը կամ ինչ-որ ծրագիր իրականացնելը, [ընտրությունների օրը] գումարը տալիս են, ասում են՝ Սերժ Սարգսյանից լավը չկա, էսօր ձեզ 5 հազար է տվել, գնացեք սեղան գցեք, իրա կենացն էլ խմեք»,- ասաց տնտեսագետը:

Leave a Reply

css.php