Առաջին քա՞յլ. միջկուսակցական խորհրդակցություններ Եվրասիական միության գաղափարի քննարկման շուրջ

Առաջին քա՞յլ. միջկուսակցական խորհրդակցություններ Եվրասիական միության գաղափարի քննարկման շուրջ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունների մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունների մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին

Եվրասիական միության գաղափարի քննարկմանը նվիրված միջկուսակցական խորհրդակցությունները Երևանում անցան առանց մամուլի մեծ ուշադրության, թեև Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի իշխող կուսակցությունների ներկայացուցիչները, քննարկումներից զատ, առանձին հանդիպումներ ունեցան նաև Հայաստանի վարչապետի և Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ:

Նոյեմբերի 12-13-ն անցկացված խորհրդակցություններին մասնակցում էին Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ուկրաինայի Տարածաշրջանների, Ղազախստանի «Նուր Օթան» կուսակցությունների, Բելառուսի խորհրդարանի, ինչպես նաև Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունների ներկայացուցիչներ: Ու մինչ Երևանում ընթանում էին այս խորհրդակցությունները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում հանդիպում էր երկրի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հիմք տալով ենթադրությունների, թե չի ցանկանում մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրասիական միությունը կյանքի կոչելուն միտված հանդիպումներին:

Հայաստանում Եվրասիական միությանը միանալու գաղափարին առավել հակված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Իսկ իշխանության ներկայացուցիչները մերթ բացասական, մերթ դրական են արտահայտվում Եվրասիական միության հիմքը հանդիսացող Մաքսային միությանն անդամակցելու պուտինյան գաղափարի մասին:

Թեև այս խորհրդակցությունները լայնորեն չլուսաբանվեցին, սակայն դրանց ընթացքում որոշ հետաքրքիր ու կարևոր հայտարարություններ արվեցին: Մասնավորապես, երկուշաբթի «Եդինայի Ռոսիայի» արտաքին կապերի ղեկավար Անդրեյ Կլիմովը առանձին հանդիպում էր ունեցել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների հետ: Կլիմովն ասել էր, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունն ու երկխոսությունը, նաև՝ վերջինիս գործընկերային դիրքորոշումները միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում: Անդրադառնալով Եվրասիական միությանը և տնտեսական համագործակցությանը՝ «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ առաջիկայում Բրյուսելում այս հարցին նվիրված քննարկումներ են նախատեսված: Կլիմովը շեշտել էր, որ այդ հարցում Ռուսաստանն առաջնորդվելու է ոչ միայն սեփական շահերով, այլ նաև «պաշտպանելու է իր ռազմավարական գործընկերների հետաքրքրությունները»:

Երեքշաբթի Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ընդունել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մեր երկրները համատեղ գործում են ԱՊՀ շրջանակներում, ունեն միանման խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասին: Այս տեսանկյունից կուսակցությունների մակարդակով քաղաքական համագործակցությունը ևս կարող է լրջորեն նպաստել տարբեր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը»,- հանդիպմանն ասել էր Սարգսյանը:

«Եդինայա Ռոսիայի» գլխավոր քարտուղարի տեղակալ, Պետական Դումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակն էլ ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած միջկուսակցական քննարկումները ամուր հիմքեր են ստեղծել միջկուսակցական համագործակցությունը շարունակելու, մի շարք ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:

Leave a Reply

css.php