Ապրիլի 24. հայերը նշում են Ցեղասպանության 98-րդ տարելիցը

Ապրիլի 24. հայերը նշում են Ցեղասպանության 98-րդ տարելիցը
Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Հայերը Հայաստանում և ողջ աշխարհում այսօր ոգեկոչում են Օսմանյան կայսրությունում շուրջ մեկ դար առաջ հայերի դեմ իրագործված Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ավելի քան 1,5 միլիոն հայ է կոտորվել 1915-1918 թթ., հարյուր հազարավորնեը տեղահանվել ու հայրենազրկվել են:

Ամեն տարի ապրիլի 24-ին տասնյակ հազարավոր մարդիկ են այցելում Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

«Մեր պարտքն է գիտակցել, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, և այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է»,- Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եվ մենք՝ որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ` ազգատյացության սերմանումից մինչև բնաջնջում, անտարբեր լռությունից մինչև ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը»,- ընդգծել է նա:

Սարգսյանը, կառավարության անդամներ, պետական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ` ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Leave a Reply

css.php