ԱՆՈՒՇ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ – Anush Hovhannisyan

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ – ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-09-2014

Տեղադրվել է` 2014-09-18 22:26:24 (GMT +04:00)

ԱՆՈՒՇ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Ա. Կ. Կ., Լոնդոն, Սեպտեմբեր 2014

Երգի միջազգային մրցոյթում գրաւել է առաջին տեղը

Մեծն Բրիտանիայի Արքայական օպերայի երգչուհի, սոպրանօ Անուշ Յովհաննիսեանը արժանացել է Շվէյցարիայի Գշտաադ (Gstaad) եւ Բերն (Bern) քաղաքներում կայացած Էրնստ Հեֆլիգերի (The Concours Suisse Ernst Haefliger) միջազգային մրցոյթի Ա. մրցանակին: Մրցոյթը, որը նախատեսուած է օպերայի երիտասարդ երգիչների համար, կազմակերպել են Քոնցեր Թիաթըր Բերնի տնօրէնութիւնն (Konzert Theater Bern) ու Մենուհին Փառատօնի (Menuhin Festival) վարչութիւնը, որոնք դասւում են Շվէյցարիայի համբաւաւոր գեղարուեստական կազմակերպութիւնների շարքին:

Մրցոյթի նախնական փուլը տեղի է ունեցել Գշտաադում, Մենուհին Փառատօնի ժամանակ, իսկ եզրափակիչ համերգըՙ Բերնում, մասնակցութեամբ Բերնի սիմֆոնիկ նուագախմբի: Յիշեալ միջազգային մրցոյթը նուիրուած էր շվէյցարացի առասպելական տենոր Էրնստ Հեֆլիգերին:

Աւելի քան 300 միջազգային դիմողներից ընտրուել են 85 թեկնածուներ առաջին փուլի համար, 30 երկրորդ, իսկ եզրափակիչ մրցոյթինՙ միայն 10 մրցակիցներ:

Դատական կազմին նախագահել է Միւնիխի երաժշտական եւ կատարողական արուեստի համալսարանի դասախօս, պրոֆ. Քրիստիան Իվէնը (Christiane Iven):

Ստորեւՙ մրցոյթի եզրափակիչ փուլի առիթով մամուլին տրուած յայտարարութիւնից մի հատուած.

«Էրնստ Հեֆլիգերի անուան 5-րդ միջազգային երաժշտական մրցոյթի որակը շատ բարձր էր ու տպաւորիչ: Վերջին տասը մրցակիցները կիրակի օր շարուեցին Քիւլթիւր Քազինոյի (Kultur-Casino) բեմին վրայ եւ Լութց դէ Վիիրի (Lutz de Veer) ղեկավարած Բերն սիմֆոնիկ նուագախմբի ընկերակցութեամբ ելոյթ ունեցան, արժանանալով հանդիսատեսների եւ դատական կազմի բարձր գնահատանքին: Երեքուկէս ժամ տեւող քննարկումից յետոյ միայն դատական կազմին յաջողուեց տալ իր վերջնական որոշումը, ըստ որում Ա. մրցանակին արժանացաւ հայ երգչուհի Անուշ Յովհաննիսեանը (ծնուած Երեւանՙ1986ին): [Անոշ]ՙ ներշնչեալ դուստրը թատերական մի բեմադրիչիՙ համոզեց դատաւորներին եւ հանդիսատեսներին իր տպաւորիչ ձայնով եւ բեմականութեամբ»:

Leave a Reply

css.php