
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, տասնյակ հազարավոր մարդիկ պետական մարմիններին հիշեցնում են, որ իրենք զրկված են մատչելիությունից, որի հետևանքով էլ չեն կարողանում իրականացնել Սահմանադրությամբ երաշխավորված կրթության, աշխատանքի, ազատ տեղաշարժվելու, ընտրելու և այլ իրավունքները:
Հայաստանում ապրում է 180 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ, որոնցից 8 հազարը, պաշտոնական տվյալներով` երեխաներ են: Սակայն ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալների` այդ երեխաների թիվը կարող է հասնել մինչև 12 հազարի, քանի որ որոշ դեպքերում հաշմանդամությունը գրանցված չէ: Մանկական հիմնադրամի կատարած հետազոտության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների 33 տոկոսը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին:
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» անդամ կազմակերպությունները տարակուսած են. ասում են` 2010-ին Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, և այժմ՝ երկու տարի անց, և´ իրենք, և´ համապատասխան պետական գերատեսչությունը պետք է զեկույց ներկայացնեն, թե որքանո´վ են Հայաստանում իրականություն դարձել կոնվենցիայի դրույթները:
«Մեզ համար անհասկանալի է, թե Հայաստանն ի´նչ պետք է զեկուցի ՄԱԿ-ի կոնվենցիայի մասով, եթե մենք առաջընթաց, ըստ էության, չունենք: Պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն առաջընթացի, այլև բացթողումների համար: 20 տարի է՝ միայն խոսում ենք, և սայլը տեղից չի շարժվում»,- ասում է «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը:
Օհանյանը, ով սայլակով է տեղաշարժվում, և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող մյուս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հիշում են մինչև տարեվերջ առնվազն տասը քաղաքային ավտոբուս հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու Երևանի քաղաքապետարանի խոստումը, որը դեռ իրականություն չի դարձել:
«Տարեվերջին բան չմնաց»,- ասում է «Հույսի կամուրջ» ՀԿ շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը:
Օհանյանը հոռետես է, ասում է, թե տարիներ շարունակ բարձրացրել են տրանսպորտի հարցը և ամեն անգամ ստացել «մինչև տարեվերջ» լուծելու խոստումներ:
«Համոզված եմ` մյուս տարի նույն օրը հանդիպենք, նորից նույն խնդիրների մասին ենք խոսելու»,- ասում է Օհանյանը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը այսօր «ԱրմենիաՆաուինի» փոխանցեց, որ չեն հասցնի մինչև այս տարվա վերջ կատարել իրենց խոստումը: Նավասարդյանը ասում է` իրենք ցանկություն ունեն, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավոր է հարմարեցնել միայն Չինաստանից ներկրված մանուշակագույն ավտոբուսները, որոնք մինչև ապրիլ երաշխիքի մեջ են:
«Միայն այդ ավտոբուսները ունեն համապատասխան հարթակ, դրա համար մենք դիմեցինք չինական կողմին, որպեսզի կարողանանք այդ փոփոխությունները կատարել, սակայն նրանք չթույլատրեցին: Ապրիլից ավտոբուսները արդեն երաշխիքի մեջ չեն լինի, և հավանաբար 10-15 ավտոբուս կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց համար», – ասաց Նավասարդյանը:
Սակայն հաշմանդամություն ունեցող անձինք կարողանում են հիշել նաև հատուկենտ դրական դեպքեր, երբ իրենց մասնակցությամբ լուծվել է այս կամ այն շենքի մատչելիության հարցը:
Սայլակով տեղաշարժվող «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը, ով Ազգային ժողովում փորձագետ է աշխատում, ասում է, որ իր խորհրդով վերջերս ԱԺ մուտքի մոտ կառուցված թեքահարթակը «երևի ամենամատչելին է»: Օհանյանն էլ հիշում է վերջերս կառուցված Ապարան քաղաքի մշակութային կենտրոնի թեքահարթակը, որ ևս համապատասխանում է «միջազգային չափանիշներին»:
«Հույսի կամուրջի» ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանն էլ ասում է, որ երբ իրենք լսում են, որ կառուցվել է «միջազգային չափանիշներին համապատասխան որևէ շինություն», անպայման այցելում են, որպեսզի գնահատեն այդ կառույցների մատչելիությունը: Բաթոյանը վերջերս այցելել է վերանորոգված «Հրազդան» մարզադաշտ և «Դալմա գարդեն մոլ» առևտրի սրահ:
Հաշմանդամություն ունեցող անձինք մարզադաշտի վերանորոգումից գոհ են. Բաթոյանն ասում է՝ սանհանգույցները, մուտքը, նստարանները հարմարեցված են, իսկ «Դալմա գարդեն մոլում» բազմաթիվ թերություններ է հայտնաբերել:
«Ես սայլակով գնացի իմ աչքով տեսնելու և ցավով պիտի նշեմ, որ ֆինանսական լուրջ ներդրումներ չպահանջող բաներ բաց են թողնվել, օրինակ` ավտոկայանատեղիում տեղ չկա հաշմանադամություն ունեցող վարորդների համար: Կամ` սանհանգույցները, կա առանձին ընդարձակ սանհանգույց սայլակով տեղաշարժվողների համար, այսինքն` ի սկզբանե նախատեսված եղել է, բայց չկան բռնակներ, կամ` լվացարաններն այնքան բարձր են, որ սայլակին նստած մարդը չի կարող օգտվել, կամ` տեղեկատվական վահանակը բրայլյան համակարգով չկա, կույր մարդը չի կարող կողմնորոշվել»,- ասում է Բաթոյանը: