Անիի մշակութային ժառանգություն. հայ մասնագետները ցանկանում են մասնակցել հայոց հին մայրաքաղաքի վերականգնմանը

Անիի մշակութային ժառանգություն. հայ մասնագետները ցանկանում են մասնակցել հայոց հին մայրաքաղաքի վերականգնմանը
Անիի Սուրբ Փրկչի եկեղեցի
Անիի Սուրբ Փրկչի եկեղեցի

Թուրքիայում գտնվող Հայաստանի հնագույն ու ամենագեղեցիկ մայրաքաղաք Անիում վերականգնման աշխատանքների առաջին փուլն ավարտված է, սակայն չորս եկեղեցիների վերանորոգման եռամյա ծրագրին հայ մասնագետների մասնակցության հարցը դեռևս լուծված չէ:

Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյան

Արդեն մի քանի տարի է` թուրքական մամուլը թմբկահարում է, թե Թուրքիայի կառավարությունը հսկայական գումարներ է ներդնելու միջնադարյան Անի քաղաքը վերականգնելու համար:

Սակայն միայն այս տարվա օգոստոսին սկսվեցին աշխատանքները, որոնք իրականացվում են հիմնականում Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի և ԱՄՆ Կոնգրեսի կողմից ստեղծված և պետքարտուղարության կազմում գործող «ԱՄՆ դեսպանների մշակութային պահպանության հիմնադրամի» շուրջ 1 մլն դոլարի ֆինանսական աջակցությամբ:

Նախատեսվում են վերանորոգել ու ամրացնել հնագույն քաղաքի Մայր տաճարն ու կիսավեր Սուրբ Փրկչի եկեղեցին, բարեկարգել դեպի հուշարձաններ տանող ճանապարհներն ու հետազոտական պեղումներ իրականացնել:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստան կազմակերպության ղեկավար Գագիկ Գյուրջյանը համոզված է, որ այս անգամ հայ մասնագետների մուտքը վերականգնման հանձնաժողով հնարավոր կլինի:

«Դեռ անցյալ տարի ԻԿՕՄՕՍ-ի գլխավոր ասամբլեայի նիստում բանաձև ընդունվեց, որի պահանջն էր Անիի վերանորոգման աշխատանքներում ընդգրկել միջազգային փորձագետների: Առայժմ խումբը չի ձևավորվել, սակայն ես գրեթե վստահ եմ, որ հայ մասնագետները կմասնակցեն հետագա աշխատանքներին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Գյուրջյանը:

Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցում հայերեն «արձանագրություններ» հազարամյա որմնանկարների կողքին

Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցում հայերեն «արձանագրություններ» հազարամյա որմնանկարների կողքին

Գյուրջյանը կարծում է, որ հաջորդ տարի սպասվող աշխատանքներին հայ մասնագետների մասնակցությունն առավել կարևոր է, քանի որ առայժմ իրականացվել է ավելի շատ տեխնիկական աշխատանք, բարեկարգվել են ճանապարհները, հավաքվել ու համարակալվել են եկեղեցիների քանդված բեկորները:

Դեռ հայտնի չէ, թե վերանորոգման ինչ աստիճան է նախատեսված, քանի որ Սուրբ Փրկչի եկեղեցին կիսով չափ քանդված է և պարզ չէ` ամբողջությա՞մբ կվերականգնվի, թե՞ միայն ամրացման աշխատանքներ կիրականացվեն:

«Վերանորոգման միջամտության չափը կախված է բեկորների քանակից. միջազգային չափանիշներով` եթե բեկորները բավարարում են հուշարձանի գոնե 60-70 տոկոսը վերականգնելուն, ապա հնարավոր է ամբողջական վերականգնում, սակայն գուցե ավելի լավ կլինի չմիջամտել` աղավաղումներից խուսափելու համար»,- ասում է Գյուրջյանը:

Հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Թուրքիայի կառավարության ուշադրությունն ունի մի քանի նպատակ: Ինչպես թուրքագետներն են հաճախ շեշտում, դա արվում է զուտ քաղաքական շահադիտական նպատակներով` միջազգային հանրությանը ցույց տալու, թե թուրքերը որքան հոգատար են քրիստոնեական ժառանգության նկատմամբ:

Սակայն ճարտարապետներն ու հնագետները դիտարկում են մեկ այլ նպատակ ևս` հայկականության հետքերը մաքրելու վտանգավոր միտումը:

«Թուրքիայի կառավարությունը դեռևս 90-ականներից Անիում տարբեր պեղումներ, ուսումնասիրություններ է իրականացնում, սակայն այն, ինչ հայտնաբերվում է, շատ արագ ոչնչացվում է` կորցնելու համար հայկական հետքերը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

1051 տարի առաջ հայոց 11-րդ մայրաքաղաքը հռչակված Անիի ավերակների թանգարանի մուտքի մոտ տեղեկատվական հսկայական վահանակի երկարաշունչ տեքստում որևէ հիշատակություն հայերի մասին չկա, Անիի հայկական լինելու կամ պատմության ինչ-որ հատվածում հայերի մայրաքաղաք լինելու փաստի վերաբերյալ Անիում առկա այլ վահանակներում ևս որևէ տեղեկություն չկա:

«Այս իրավիճակը ոչ միայն Անիում է, այլ Թուրքիայի գրեթե բոլոր հայկական հուշարձանների վահանակներին, դրանք ոչ միայն ուղղակի չեն նշում հայերի կապը, այլև հայկական անունները, թագավորների անունները նենգափոխում են` մոլորեցնելով թե օտարերկրյա այցելուներին և թե հենց իրենց ժողովրդին»,- ասում է հուշարձանագետ Կարապետյանը:

Մեծացնել նկարը

Մեծացնել նկարը

Հուշարձանագետը հիշում է, որ դեռ 2004 թվականին, երբ մեկնել էր Անի, Մայր տաճարի արևելյան ճակատին կից Կատրանիդե թագուհու և հարակից ամբողջ դամբարանային համալիրում պեղումներ էին իրականացվում, ու հայտնաբերվել էին երկու հայ հոգևորականների տապանաքարերը` հայերեն արձանագրություններով:

«Հաջորդ տարում այդ նույն տապանաքարերը գտանք ամբողջովին ջարդոտված, անգամ աճյունները հանված ու թափված էին շուրջբոլորը, և սա ոչ թե ուղղակի սարերում էր տեղի ունեցել, որ արդարանան, թե գանձագողերն են արել, այլ հսկայական պահակախմբի կողմից հսկվող թանգարանում»,- ասում է Կարապետյանը:

Սակայն նա հիշեցնում է, նաև, որ շատ հաճախ Անիի մասին խոսելիս հայերի «լեզուն կարճ է», քանի որ տարիներ շարունակ «նպաստել ենք Անիի կործանմանը»:

Հայաստան-Թուրքիա սահմանին` Ախուրյան գետի ափին, գտնվող Անիի ավերակների մոտ, հայաստանյան սահմանին մինչև 2004 թվականը օրական մի քանի անգամ պայթեցումներով շահագործվում էր տուֆի քարհանք, թուրքական կողմը պարբերաբար քննադատում էր` կոչ անելով դադարեցնել պայթեցումները:

«Իրականում մենք սարսափելի վնասում էինք մեր իսկ պատմական ամենահարուստ ժառանգությանը: Պայթեցումներ անել այնտեղ, որտեղ Անիի ուսումնասիրող Նիկողայոս Մառը խստիվ արգելում էր անգամ հրացանի կրակոց արձակել, քանի որ այդ ձայնի ալիքը վնաս էր պատճառելու կիսավեր հուշարձաններին, սա մեր անտարբերության դրսևորումն է, որն առկա է նաև մեր բոլոր սրբատեղիներում»,- ասում է Կարապետյանը:

Մինչ Թուրքիայի կառավարությունը երկու տարի առաջ վերանորոգում և, մասնագետների կարծիքով, բավական լավ ամրացնում էր Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցին, հայ զբոսաշրջիկներն իրենց պարտքն էին համարում թողնել իրենց հետքը` հազարամյա որմնանկարների կողքին «անմահացնելով» իրենց անուններն ու այցելության տարեթվերը:

«Այս ամենի կողքին մեր ձայնն արդեն թույլ է` աղավաղումների մասին բարձրաձայնելու համար»,- ասում է Կարապետյանը, սակայն հավաստիացնում, որ պետք է հետամուտ լինեն վերանորոգման աշխատանքների պատշաճ որակ ապահովելու համար:

Leave a Reply

css.php