«Ականատեսը».102-ամյա Հռիփսիմե Հաջին պատմում է Հայոց ցեղասպանության ու Սբ Ստեփանոսի հրաշագործ մասունքի մասին

Click to enlarge

Click to enlarge

«Արմենպրես»-ի նոր` «Ականատեսը» նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` շարունակում է ներկայացնել այդ ոճրագործությունների կենդանի վկաների` վերապրածների կյանքի պատմությունները:

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռիփսիմե Հաջի Սարգսյանը 1915 թվականի Հայոց ցեղասպանության այն ականատեսներից է, ում հիշողությունները չեն սահմանափակվում միայն լսածով: Հռիփսիմե Հաջին այս տարեսկզբին բոլորեց իր 102-ամյակը: Նա ծնվել է Արեւմտյան Հայաստանի Քյութահիա նահանգի Թավշանլի գյուղում:

Գաղթի ճանապարհը նրա ընտանիքին հասցրեց Հունաստան

«Թուրքերը հրացանով եկան մեր դուռը թակեցին, պապիկիս դուրս կանչեցին եւ սպանեցին, տատիկս լսեց այդ աղմուկը, դուրս եկավ տնից եւ նրան էլ սպանեցին: Այդպես երկու դիակ մի քանի րոպեում հայտնվեցին մեր տան բակում` կողք կողքի»,- պատմում է Հռիփսիմե Հաջին, ում հաջողվել է ընտանիքի մի քանի անդամների հետ ողջ մնալ` գաղթելով Հունաստան:

Հռիփսիմե Հաջիի հիշողության մեջ պատկերավոր հետք են թողել հատկապես այն տեսարանները, երբ գաղթի ճանապարհին իրենք տեսել են մահացող, գիտակցությունը կորցնող հազարավոր մարդկանց, չարչարված աղջիկների: «Ես, մայրս, հորաքույրս եւ նրա աղջիկները, բռնելով գաղթի ճամփան, հասանք Բուլղարիա, սակայն որոշ ժամանակ անց հորիցս լուր ստացանք, որ ինքը փախեփախ հասել է Հունաստան: Մենք էլ գնացինք Հունաստան եւ գտանք նրան»,- շարունակում է Հռիփսիմե Հաջին:

Click to enlarge

Click to enlarge

Հունաստանում ծնողների մահից հետո նրա խնամքով զբաղվում է ավագ եղբայրը, ում Հռիփսիմեն հիշում է առանձնակի սիրով: Հռիփսիմեն հայերեն գրել եւ կարդալ չգիտի, քանի որ կրություն է ստացել Հունաստանում: Հենց այստեղ էլ պատմության հերոսուհին հանդիպում է իր երկրորդ կեսին` ապագա ամուսնուն` Վաղարշակին, սիրահարվում է առաջին հայացքից եւ ամուսնանում: «Վաղարշակը տեր ու տիրական չուներ, որբ էր, տեսավ ինձ, հավանեց, ամուսնացա լավ ապրեցա նրա հետ, երեխաներ ունեցա»,-նշում է Հռիփսիմե Հաջին:

Պատմական տեղեկանք

Հունաստանի հայ համայնքի թվաքանակը 20-րդ դարում պարբերաբար ենթարկվել է տատանումների։ 1923թ. այն հասել է գագաթնակետին (120 հազ. մարդ)՝ կապված դեռևս 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածների, 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության եւ հույն-թուրքական պատերազմի (1919-1922թթ.) հետեւանքով հազարավոր հայերի՝ դեպի այդ երկիր զանգվածային գաղթի հետ։ Հետագայում, սակայն, նկատվել է հայ բնակչության արտահոսք Հունաստանից ինչպես Խորհրդային Հայաստան, այնպես էլ եվրոպական ավելի զարգացած երկրներ ու ԱՄՆ։ Դեպի Խորհրդային Հայաստան գաղթը պայմանավորված էր հայրենադարձության քաղաքականությամբ, որին իր ակտիվ եւ ոգեւորված մասնակցությունը բերեց Հունաստանի հայ համայնքը։ 1924-27թթ., 1932-33թթ. եւ 1946-47թթ. Մեծ հայրենադարձության տարիներին Խորհրդային Հայաստանի ճամփան բռնեցին մոտ 60 հազ. հունաստանաբնակ հայեր:

Click to enlarge

Click to enlarge

Հռիփսիմե Հաջիի ընտանիքը Հայաստան է վերադառնում է 1940-ականներին` մշտական բնակություն հաստատելով այստեղ: Ընտանիքն իր հետ հայրենիք է բերում նաեւ Արեւմտյան Հայաստանից մնացած միակ հուշը` Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասունքը, որի առաջ ամեն օր աղոթում է:

Արեւմտյան Հայաստանից բերված Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասունքը ընտանեկան ավանդույթի համաձայն հրաշագործ ուժ ունի

«Երեկոյան պարտադիր աղոթքի ընթացքում մայրս խնդրում է Սուրբ Ստեփանոսից բոլոր մարդկանց համար առողջություն, իսկ աշխարհին` խաղաղություն»,- պատմում է Հռիփսիմեի աղջիկը` Մարոն` վստահեցնելով, որ մոր հավատն առանձնակի է այդ Սուրբ մասունքի` ավանդության համաձայն ունեցած հրաշագործ ուժի հանդեպ. Սուրբ Ստեփանոսը հաջողություն եւ առողջություն է բերում: Հռիփսիմեն, ծերությամբ պայմանավորված, ունի թույլ լսողություն եւ վատ տեսողություն, սակայն ամեն օր խնդրում է Սուրբ Ստեփանոսից, որպեսզի Աստված իրեն ամբողջովին չկուրացնի: Առաջիկայում ընտանիքը ցանկություն ունի մասունքը հանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Պատմական տեղեկանք

Վարքագրական աղբյուրների համաձայն` Ստեփանոսը սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակ էր: Հիսուսի մահվան դատավճռի կայացման ժամանակ, դեռ պատանի լինելով, Կայիափա քահանայապետի ծառան էր: Երբ Տիրոջը տուն են տանում, Ստեփանոսն իր գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ եւ մոտենում նրան` ցույց տալով իր անդավաճան ու անկեղծ սերը: Բայց դա զայրացնում է քահանայապետին, եւ նա Ստեփանոսին վռնդում է: Պատանին ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց Աստվածորդու հրաշափառ հարությամբ վերստին ուրախություն ապրում առաքյալների հետ: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու` սուրբը գնում է առաքյալների մոտ` մկրտվելով Պետրոս եւ Հովհաննես առաքյալների ձեռամբ: Մկրտության պահին ջրի վրա երեւում է մի լուսապսակ, որն էլ գալիս հանգչում է սրբի վրա: Այս զարմանահրաշ դեպքից հետո նրան տալիս են «Ստեփանոս» անունը, որ նշանակում է պսակավոր:

Click to enlarge

Click to enlarge

Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեական մյուս եկեղեցիների նման սրբացրել է Ստեփանոս Նախավկային, եւ ամեն տարի դեկտեմբերի վերջին տասնօրյակում սահմանել է սրբի անմահ հիշատակի ոգեկոչման օր:

Տարիներ անց ցեղասպանություն տեսած ընտանիքի պատմությունը վերհիշելիս` Հռիփսիմեն, ամուր բռնելով ձեռքս, ասաց. «Թուրքերը շատ փիսն են, նրանց ինչպե՞ս սիրեմ…»: Հռիփսիմեն զրույցի ընթացքում մեծ ոգեւորությամբ ներկայացնում էր իր ընտանեկան լուսանկարները: Ինչպես ասում են, տարիներին չի հաջողվել խամրեցնել նրա գեղեցիկ դիմագծերը, իսկ նրա կանացիության մասին վկայում էր օժանելիքի անուշ բույրը: Ընտանիքի անդամների խոսքով` նա, չնայած տարիքին, անտարբեր չէ լավ օծանելիքի եւ ծխախոտի նկատմամբ:

Հռիիփսիմե Հաջի Սարգսյանն ունի 2 երեխա, 6 թոռ, 14 ծոռ եւ 3 կոռ, որոնց շրջապատում էլ վայելում է իր ծերությունը:

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի

Leave a Reply

css.php