
Երկուշաբթի ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է 76-ամյա կնոջը, ով սպիտակ դրոշը ձեռքին փորձել է անցնել Ղարաբաղի տարածք:
Զարիֆա Սաֆարալիևան, ով ութ զավակների մայր է, հաղորդել է, որ ինքը դիմել է այդ քայլին Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող կամայականությունների պատճառով իր հինգ զավակների նկատմամբ, ովքեր հաշմանդամ են դարձել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ:
Կինը բողոքել է, որ ծաղր ու ծանակի են ենթարկում իր հաշմանդամ դարձած որդիներին, իսկ տեղի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում:
«Ես իմ հինգ զավակներին ուղարկել եմ Ղարաբաղյան պատերազմ, և բոլորը հաշմանդամ են դարձել: Նրանք էլ բազմազավակ հայրեր են: Նրանցից մեկը 15 երեխա է մեծացնում: Պատերազմի ժամանակ որդիներիս տարան` փոխհատուցում խոստանալով, իսկ հիմա նույնիսկ իմ ձայնը չեն ուզում լսել: Այդ պատճառով էլ ես ուզում եմ անցնել հայերի կողմը: Կհավաքեմ ամբողջ ընտանիքս և կանցնեմ հայերի մոտ»,- ասել է Գյուզանլի գյուղից տարեց կինը:
Ղարաբաղի և Հայաստանի ռազմական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունները: