Րաֆֆի Հովհաննիսյանը` որպես հետընտրական Հայաստանում ֆենոմեն և գործոն

Նազիկ Արմենակյան ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Նազիկ Արմենակյան ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Փետրվարի 18-ի կայացած նախագահական ընտրություններն անակնկալ մատուցեցին, որ Սերժ Սարգսյանը կստանար նման «համեստ» ցուցանիշ` մոտ 59 տոկոս` հաշվի առնելով ընտրություններին նախորդող կանխատեսումները, թե նա կհաղթի մեծ տարբերությամբ: Անակնկալ էր նաև, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկը կստանա նման մեծ վստահության քվե (մոտ 37 տոկոս):

Բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ ասում են, որ դա աննախադեպ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր թեկնածուն ստիպված էր անհավասար պայքար մղել ընտրակեղծիքի, ինչպես նաև իշխանությունների վերահսկողության տակ գտնվող վարչական ռեսուրսի դեմ:

Նույնիսկ քվեարկության առաջին նախնական արդյունքները հրապարակելուց հետո նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ակնարկել էր, որ իշխանությունները սկզբում խրախուսում էին Րաֆֆիի օգտին քվեարկելը, սակայն ինչ-որ պահի ստիպված էին կասեցնել նրա հաղթարշավը:

Իշխանություններին իրոք անհրաժեշտ էր արժանի «թիվ երկրորդ», և պատահական չէ, որ երեքշաբթի, վկայակոչելով Րաֆֆի Հովհաննիսյանի հենց 37%-ը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հերքեց միջազգային դիտորդների մեղադրանքները, թե ընտրությունները մրցակցային չէին: Սակայն հազիվ թե իշխանություններն ակնկալեին իրենց ձայնը Րաֆֆի Հովհաննիսյանին տալու պատրաստ այդքան թվով մարդ:

Հայաստանում 60% մասնակցության և արդար ընտրությունների պարագայում, ըստ պաշտոնական տվյալների` 2,5 մլն, իսկ ըստ ոչ պաշտոնականի` 1,8 մլն ընտրողների ավելի քան 500 հազար ձայները Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է անվերապահ հաղթանակ բերեին: Եվ նա, փաստորեն, իրեն հայտարարեց ընտրված նախագահ` ասելով, որ կպայքարի մինչև վերջ:

Րաֆֆիի ֆենոմենը հաճելիորեն բոլորին զարմացրեց: Մի մարդ, որի նախընտրական քարոզարշավը լուսաբանվում էր բացառապես թեթև հեգնական լույսի ներքո, իսկ Սերժ Սարգսյանն այն գնահատեց որպես «ձեռքսեղմումների քարոզարշավ», անսպասելիորեն ցույց տվեց, որ Հայաստանում ոչ միայն բողոքող զանգվածն է պատրաստ արդար ընտրությունների: Քաղտեխնոլոգները դեռ պետք է հաշվարկեն, սակայն ակնհայտ է, որ իրենց ձայները Րաֆֆիին են տվել նաև ընտրություններին չմասնակցող ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ-ի համակիրներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Եվ դրա հետ Հայաստանում բոլորը պետք է հաշվի նստեն: Թեև Վլադիմիր Պուտինն արդեն իսկ շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ, Հայաստանում հնարավոր են հետընտրական զարգացումներ: Փետրվարի 19-ին Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հրավիրել էր մամուլի ասուլիս, որին եկել էին հարյուրավոր մարդիկ: Փետրվարի 20-ին նա հանրահավաք է անցկացնելու, և հավանաբար հազարավոր մարդիկ կգան: Փետրվարի 19-ին Րաֆֆին արդեն առաջարկել է Սերժ Սարգսյանին ընդունել պարտությունը և իրեն փոխանցել իշխանությունը: Հակառակ դեպքում «համապատասխան միջոցներ» կձեռնարկվեն:

Թե ինչո´վ կավարտվի Րաֆֆիի ֆենոմենը, դժվար է կանխատեսել: Միանգամայն հնարավոր են անժամկետ հանրահավաքներ, չի բացառվում, որ Հովհաննիսյանին բարձր պաշտոն առաջարկեն, ասենք` վարչապետի, հնարավոր է նրա շուրջը այլ ընդդիմադիր ուժերի համախմբում: Սակայն ակնհայտ է, որ Րաֆֆիի ֆենոմենը դեռ իրեն ցույց կտա:

Leave a Reply

css.php