Սերժ Սարգսյանը մասնակցել է բրիտանահայ համայնքի կազմակերպած ընդունելությանը

President Serzh Sargsyan delivering his speech at the reception organised by the Armenian Community & Church Council of Great Britain in honour of the Olympian athletes
President Serzh Sargsyan delivering his speech at the reception organised by the Armenian Community & Church Council of Great Britain in honour of the Olympian athletes
vt_resizevt_resizevt_resizevt_resizevt_resizevt_resize

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից«Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Ստորև ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անչափ ուրախ եմ նման ջերմ մթնոլորտում ողջունելու Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Կարծում եմ՝ չափազանց հաճելի և օգտակար է, որ մենք կարողացանք այսօր հանդիպել, զրուցել իրար հետ, կարծիքներ փոխանակել այս ջերմ մթնոլորտում:

Աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր ներկայացուցիչ մեր ազգային միասնության կերտողն է: Ձեզնից յուրաքանչյուրը մեր ընդհանուր ազգային ապագայի սերմնացանն է առանց չափազանցության: Մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծման մեր հաստատակամությամբ` հաղթահարելով մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները: Պարզապես պիտի կոփենք մեր կամքը, հավատանք ինքներս մեզ և գործենք վճռականորեն:

Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միայն իրար հետ ուս ուսի տված: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ գիտակցելով մեր սփյուռքի ուժը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի Հանրապետության ներկայությունը:

Ձեր կազմակերպված ու հետևողական համայնքը մեր կողքին է եղել 20-ամյա անկախ Հանրապետության բոլոր օրհասական պահերին: Արցախյան գոյամարտի, երկրաշարժի, արհավիրքների ու դժվարությունների պահերին դուք զորավիգ եղաք և աջակցեցիք Հայաստանին: Դուք նպաստեցիք նրա կայացմանը, աջակցեցիք երկրի տնտեսական-քաղաքական առաջընթացին: Այսօր էլ բազում հայորդիներ սատար են կանգնում Հայրենիքին իրենց գիտելիքով ու կարողություններով, գաղափարներով և ֆինանսական ներդրումներով:

Հայ-անգլիական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դեռ Կիլիկիայի հայ արքաները ջերմ բարեկամական հարաբերություն ունեին Անգլիայի թագավորների հետ: Նրանք անգամ խաղաղարար առաքելություն են իրականացրել Ֆրանսիայի և Անգլիայի միջև: Իսկ դրանից մի քանի դար հետո, Հնդկաստանում անգլիական առևտրական ընկերություններին հայ վաճառականների մատուցած ծառայությունները բարձր գնահատելով, թագավորական հրովարտակով նրանց շնորհվել էր «Անգլիայի ազատ քաղաքացիների» կարգավիճակ:

President Sargsyan giving his speech of the evening

President Sargsyan giving his speech of the evening

Ձեր համայնքը այդ փառահեղ պատմության իրավատերն է: Մենք երախտապարտ ենք բոլոր այն նվիրյալներին, ում անխոնջ գործունեության, համառ ջանքերի շնորհիվ այս՝ համեմատաբար փոքր համայնքում գործում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ և կառույցներ, եկեղեցիներ ու կրթօջախներ, երիտասարդական ու մարզական, բարեգործական և կանանց միություններ, հայագիտական կենտրոններ: Հայկական խանդավառությամբ ու բրիտանական հետևողականությամբ դուք պահպանում և զարգացնում եք համայնքը, ձեռք մեկնում Արցախին ու Հայաստանին: Գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում բազմաթիվ հայ անհատներ հասել են բացառիկ բարձունքների` չմոռանալով իրենց հայկական արմատները, բարձր պահելով ազգի պատիվը:

Մենք անկարող ենք մոռանալ հայության մորմոքը: Կարծում եմ, ձեր համայնքը մեծ ներուժ ունի, որի լիարժեք և արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա արձանագրել նոր հաջողություններ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին: Մենք շարունակելու ենք մեր միասնական գործողությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Վստահ եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն այս առումով լինելու է շրջադարձային:

Մեծ Բրիտանիայի համայնքն ունի միասնաբար և համառորեն դժվարությունները հաղթահարելու մեծ փորձ և հմտություններ: Վստահ եմ, որ շարունակելով ու զարգացնելով հայրերի ու պապերի լավագույն ավանդույթները՝ նոր սերունդը պիտի գիտակցի, որ նաև իր ուսերին է դրված հայրենիքը զորացնելու և համազգային հիմնախնդիրները լուծելու ծանր բեռը:

Մենք պետք է կարողանանք համաքայլ ընթանալ ժամանակի հետ և կարողանանք ներկայում կերտել մեր սերունդների հայկական ապագան: Իսկ այդ ապագայում Սփյուռքը և Հայրենիքը միասնական են` մեկ հոգի ու մեկ մարմին:

Հայրենիք-Սփյուռք գործակցությունն այսօր նոր ձև ու բովանդակություն է ստացել, դարձել է Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկը: Սփյուռքի ներկայությունը առկա է բոլոր բնագավառներում: Մեր անկախ պետականության բոլոր նվաճումները տասը միլիոն հայության աշխատանքի, պայքարի, ներդրման ու ջանքերի պտուղ են:

Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում: Այն պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է մեխանիզմներ, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից անդին՝ դեպի փոխադարձ շահութաբեր գործընկերություն:

Ասել եմ ու այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարե՛ք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղեր ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Վերջիվերջո, հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Դուք ձեր հզոր մասնագիտական, տնտեսական, մարդկային հնարավորություններով ի սկզբանե միացել եք հայոց մեծ երթին: Սակայն այսօր ձեզ տրված է նոր հնարավորություն` երկքաղաքացիության ինստիտուտը: Ես չգիտեմ, այս դահլիճում քանի երկքաղաքացի կա: Ձեզ կոչ եմ անում դառնալ նաև Հայաստանի քաղաքացիներ և անմիջականորեն մասնակցել հայրենիքի կառուցման բոլոր գործընթացներին:

Մեր ազգային ինքնության առհավատչյան Հայաստանն է: Նրա հետ է կապված հայ մարդու ապագայի տեսլականը: Նրա անցյալն իբրև մասունք հայրենի հողում է ամփոփված: Նրա ներկան բոլոր թելերով հայրենիքի հետ է կապված:

Մեզնից յուրաքանչյուրի ուժն ու մեծությունն ուղիղ համեմատական են հայրենիքի հզորությանն ու բարեկեցությանը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է մասնակցի նրա հզորացմանը: Հավատացեք, սա է հայ ժողովրդի կենսունակության միակ բանաձևը, նրա հավերժության բանալին:

Հզոր և ուժեղ Հայաստան ունենալով՝ ունենում ենք նաև հպարտ և կազմակերպված Սփյուռք:

Շնորհակալ եմ այս ընդունելության, ջերմ մթնոլորտի և ձեր ջանքերի համար: Շնորհակալ եմ, որ հայ եք մնացել ու շարունակում եք պահպանել ձեր ինքնությունը: Լինել Միացյալ Թագավորության քաղաքացի՝ բարձր պատիվ է, բայց դրա հետ միասին լինել հայ՝ երջանկություն է:

President Sargsyan giving his speech of the evening
Group photo with the Community & Church Council member along with Ambassador Kazinian
Lucine Hakobyan performing an Armenian dance
Happy to meet Baroness Cox
Meeting Council and Community members who were instrumental in putting together the reception
President Serzh Sargsyan delivering his speech at the reception organised by the Armenian Community & Church Council of Great Britain in honour of the Olympian athletes

 

Leave a Reply

css.php