Ուելսի արքայազնը Հայաստանում մասնակցում է բարեգործական միջոցառումների, մինչդեռ բնապահպանները բողոքում են

Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Մի խումբ հայ բնապահպաններ Ուելսի արքայազն Չարլզի մասնավոր այցի երկրորդ օրը ևս բողոքի սակավաթիվ ակցիա էին կազմակերպել Օպերայի շենքի մոտ, երբ վերջինս Հայաստանի իշխող վերնախավի ուղեկցությամբ գնաց մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին:

Բնապահպանները բողոքում են Հայաստանը էկոգաղութի վերածելու դեմ: Նրանք իրենց բողոքը հասցեագրում են «Երևան, իմ սեր» հիմնադրամի հրավերով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի արքայազնին, քանի որ Հայաստանում բացվելիք ոսկու հանքերից մեկը` Ամուլսարի հանքը (Վայոց ձոր), շահագործման կհանձնվի բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» կազմակերպության ներդրումներով:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե արքայազնը մասնակցելու է հանքի բացմանը, քանի որ «Երևան, իմ սեր» ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը «Լիդիան ինթերնեյշնլի» խորհրդի անդամ է: Սակայն ինչպես «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում վստահեցրեց հիմնադրամի մամուլի խորհրդատու Թոնի Հալփինը, այս տեղեկությունը բնավ չի համապատասխանում իրականությանը:

«Դա բացարձակ հերյուրանք է, չգիտեմ էլ, թե որտեղի՛ց է ծագել այդ միտքը: Ոչ մի կապ չկա արքայազնի այցելության և հանքի գոյության միջև: Արքայազնն անգամ որևէ հանքի մոտ չի գնալու, դա հաստատ է»,- ասաց Հալփինը:

Հետաքրքրական է, որ Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետամշակութային ժառանգության վերականգնմանն ուղղված «Երևան, իմ սեր» հիմնադրամի ստեղծումը կապ ունի արքայազն Չարլզի գործունեության հետ: Ինչպես պատմեց Հալփինը, Արմեն Սարգսյանին ոգեշնչել է Շոտլանդիայում Դամֆրիների տան վերականգնումը, որին անմիջականորեն մասնակցել է Ուելսի արքայազնը:

18-րդ դարում կառուցված Դամֆրիների պատմական տան 18-րդ դարի կահույքը աճուրդով վաճառքի էր հանվել, երբ 2007 թվականին և՛ տունը, և՛ դրա ողջ գույքը 45 միլիոն ֆունտ ստեռլինգով գնեց արքայազն Չարլզի ղեկավարած կոնսորցիումը: Այժմ Դամֆրիների տունը զբոսաշրջիկների այցելության սիրված վայրերից է, ինչպես նաև հարսանիքներ և տարբեր տոնախմբություններ է հյուրընկալում:

1996-1997 թվականներին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանին ոգևորել էր պատմական շինության վերականգնման այս փորձը, դրա համար էլ նա արքայազնին հրավիրել էր ծանոթանալու «Երևան, իմ սեր» հիմնադրամի գործունեությանը և Հայաստանին: Հալփինի խոսքով` ծրագրի ստեղծման խթան է նաև Երևանի ներկայիս ճարտարապետական աղավաղված դիմագիծը, որը մտահոգել է նախկին վարչապետին:

«Այո՛, նա երեկ պատմեց, որ Երևանում իրեն շատ էր զայրացրել այն հանգամանքը, որ այգում, որտեղ ինքն ապրում էր, ծառեր էին հատել սրճարանի համար տարածք ազատելու համար: Եվ նա այդ մասին բողոքել էր իր կնոջ մոտ, ով ասել էր` մի՛ բողոքիր, դու բավականաչափ հարուստ ես ինչ-որ բան անելու համար»,- պատմեց Հալփինը:

«Երևան, իմ սեր» հիմնադրամը նպատակ ունի պահպանելու Երևանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը, և կրկին կիրառելի դարձնելով դրանք` բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների և անապահով ընտանիքների կենսապայմանները: Ըստ այդմ` հիմնադրամը Երևանի Կոնդ թաղամասում վերակառուցելու է պատմական երեք շենք, որոնք մոր և մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:

«Երևան, իմ սերը» նպատակ ունի նաև «Ժառանգության օազիս» ստեղծել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:

Հիմնադրամի երրորդ ծրագիրը վերաբերում է Ազգային զբոսայգի ստեղծելուն, որն իր մեջ ներառելու է սփյուռքի թանգարանը` նպատակ ունենալով սերտացնել սփյուռքահայերի կապը հայրենիքի հետ:

Ինչպես փոխանցեց Հալփինը, պատմական շենքերի վերականգնման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, ծրագրին իրենց ֆինանսական աջակցությունն են ցուցաբերում աշխարհով մեկ սփռված մի քանի տասնյակ հայեր, ինչպես նաև օտարերկրացիներ:

Leave a Reply

css.php