Որոշում 2013. hազարավոր մարդիկ «Ազատության» հրապարակում Հովհաննիսյանի պահանջն արդարացի են համարում

Նազիկ Արմենակյան ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից
Նազիկ Արմենակյան ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Նախագահի ընտրություններում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն հայտարարել է, որ ինքն է «ընտրված նախագահը», այսօր Երևանի Ազատության հրապարակում իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց, որ մինչև վաղը ժամը 14-ը հրապարակում սպասելու են Սերժ Սարգսյանին, ով այդ ժամին հանրահավաք է անցկացնելու այդտեղ` «իշխանության փոխանցման արարողությունը կազմակերպելու համար»: Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ իրենք պատրաստ են երկարատև պայքարի` ժողովրդի հաղթանակը ավարտին հասցնելու համար:

NAZIK ARMENAKYAN / ArmeniaNow

NAZIK ARMENAKYAN / ArmeniaNow

«Այս անգամ հաղթանակը լինելու է իրական և պատկանելու է մեր պայքարին, մեր ժողովրդին»,- հայտարարեց Հովհաննիսյանը` հարցնելով Ազատության հրապարակում հավաքված իր շուրջ 3000-ից ավելի համակիրներին, թե պատրա՞ստ են արդյոք հրապարակում երկար մնալու:

Վերջիններս «այո» բացականչություններով ողջունեցին նրա առաջարկությունը:

«Վաղը Սերժ Սարգսյանը բրոնյա է վերցրել այս հրապարակը, մենք կմնանք այստեղ և կդիմավորենք այստեղ, կսպասեմ իրեն այստեղ, որ վաղը գա, կուզե` հարցուպատասխան, կուզե` բանավեճ, մենք պիտի մնանք այստեղ մինչև հաղթանակ: Ես կսպասեմ իրեն այստեղ: Մենք պիտի այստեղ մնանք մինչև Հայաստանի հաղթանակը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նկատենք, որ քիչ առաջ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Հանրապետականն այս պահին դեռ քննարկում է վաղը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցը` դա պայմանավորելով Հովհաննիսյանի հայտարարություններով: Իշխող կուսակցությունը նախապես իրազեկել էր Երևանի քաղաքապետարանին` վաղը այդ հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

Մեկ օր առաջ նույն հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե մինչև այսօր ժամը 17.00-ը ժամանակ է տալիս գործող նախագահին «ժողովրդի հաղթանակը ընդունելու համար»: Հայաստանի առաջին արտգործնախարար, ամերիկահայ Հովհաննիսյանը, ով այս ընտրություններում 37 տոկոս ձայն է ստացել, պնդում է, որ վարչական ռեսուրսի չարաշահման, համատարած ընտրակեղծիքների միջոցով է Սերժ Սարգսյանը կարողացել 58 տոկոս ձայն ստանալ: Հովհաննիսյանի հայտարարությանն այսօր արձագանքել էր նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը` ասելով, թե «նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել ևս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձևակերպումների մեջ»: Իսկ իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը փոխանցել էր, թե «Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետ պատրանքների աշխարհ է ընկել»:

Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը

Հովհաննիսյանին այսօր միացել էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՀԱԿ-ից հեռացած Կարապետ Ռուբինյանը, ովքեր ելույթներով հանդես եկան: Հրապարակում էին նաև ՀԱԿ-ի որոշ երիտասարդ ակտիվիստներ, իսկ հարթակից ներքև Հովհաննիսյանի ելույթներին էին հետևում Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը և Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը: Ելույթներով հանդես եկան նաև «Ժառանգություն» խմբակցության ներկա և նախկին պատգամավորներ, քաղաքացիական տարբեր շարժումների մասնակիցներ ընդգրկող Նախախորհրդարանի ներկայացուցիչը:

Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է 2013-ի փետրվարի 18-ի ընտրություններում ընտրված նախագահը, բայց ԿԸՀ-ն, ինչպես միշտ, կեղծել է ընտրությունների արդյունքները: Ընդդիմադիր պատգամավորը, վերհիշելով հինգ տարի առաջվա փետրվարը, շեշտեց, որ Հովհաննիսյանի և նրա թիմի որոշումներից է մեծապես կախված, թե «ինչ կբերի այս փետրվարը», քանի որ նա է ստացել ժողովրդի վստահության քվեն:

«Չի կարելի Հայաստանի լուսավոր ժողովրդին տանել հիասթափություն: Հաղթանակ և ուրիշ ոչինչ: Մաղթենք Րաֆֆի Հովհաննիսյանին բավական կամք, խոհեմություն` Հայաստանի քաղաքացուն դեպի հաղթանակ առաջնորդելու համար»,- ասաց Փաշինյանը:

Հովհաննիսյանն այսօր կրկին բոլոր քաղաքական ուժերին և անկուսակցական մեծամասնությանը կոչ արեց միանալ իրեն: Նկատենք, որ ՀԱԿ-ը և Դաշնակցությունն արդեն հանդես են եկել ընտրություններում տեղ գտած կեղծիքները դատապարտող հայտարարություններով, սակայն ոչինչ չեն ասել Հովհաննիսյանին սատարելու վերաբերյալ: Այսօր Ազատության հրապարակում չէր նաև նախագահի մեկ այլ ընդդիմադիր թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը:

Leave a Reply

css.php