Շախմատ. հայ գրոսմայստեր Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում նահանջում է երրորդ տեղ

Մեկ տարի ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում իր համար ռեկորդային` երկրորդ հորիզոնականում մնալուց և մայիսին առավելագույն` 2825 վարկանիշը նվաճելուց հետո Հայաստանի լավագույն գրոսմայստերը մեկ տեղով նահանջեց հունվարի սկզբին շախմատի միջազգային ղեկավար մարմնի հրապարակած վերջին աղյուսակում:

Ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը հանգրվանել է երկրորդ հորիզոնականում (2810 միավոր)` առաջ անցնելով Արոնյանից (2802), իսկ նորվեգացի Մագնուս Կառլսենը շարունակում գլխավորել աղյուսակը. նրա վարկանիշն ամենաբարձր է` 2861:

2012-ի ընթացքում Լևոն Արոնյանը սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականի կազմում երրորդ անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի կոչումը, նաև հունվարի սկզբին անհատապես փայլեց Հոլանդիայի Վեյկ ան Զեեում անցկացված Tata-Steel ներկայացուցչական շախմատային մրցաշարում` դառնալով հաղթող: Իսկ դեկտեմբերին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված համաշխարհային մտավոր խաղերում դարձավ «կույր» շախմատի հաղթող: Սակայն մի քանի անհաջող ելույթները, այդ թվում` Լոնդոնի դասական շախմատի մրցաշարում, թույլ չտվեցին 30-ամյա հայ գրոսմայստերին բարելավել կամ պահպանել իր դիրքը:

Այս ամիս ավելի ուշ Լևոն Արոնյանը պատրաստվում է մասնակցելու Վեյկ ան Զեեի մրցաշարին: Իսկ մարտին նա Լոնդոնում մասնակցելու է շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին:

Շախմատի միջազգային մարմնի 100 լավագույն շախմատիստների աղյուսակում (www.fide.com) ընդգրկվել են նաև չորս այլ հայ գրոսմայստերներ` Վլադիմիր Հակոբյանը (41-րդ հորիզոնական, 2704 միավոր), Սերգեյ Մովսիսյանը (62-րդ հորիզոնական, 2688 միավոր), Գաբրիել Սարգսյանը (79-րդ հորիզոնական, 2666 միավոր) և Հրանտ Մելքումյանը (87-րդ հորիզոնական, 2656 միավոր):

ՖԻԴԵ-ի 100 լավագույն կին շախմատիստների ցուցակում ընդգրկվել են երկու հայ շախմատիստուհիներ` Էլինա Դանիելյանը (29-րդ տեղը, 2466 միավոր) և Լիլիթ Մկրտչյանը (43-րդ հորիզոնական, 2458 միավոր): Հունգարացի Յուդիթ Փոլգարը 2696 միավորով շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակը:

157 շախմատային երկրների թվում, որոնց վարկանիշային դասակարգման համար հիմք է ընդունվել տվյալ երկրի 10 լավագույն շախմատիստների միջին վարկանիշը, Հայաստանը գտնվում է հինգերորդ հորիզոնականում (միջին վարկանիշը 2658, ունի 34 գրոսմայստեր, 25 միջազգային վարպետ, «ընդհանուր տիտղոսակիր» 94 շախմատիստ):

ՖԻԴԵ-ի երկրների վարկանիշային դասակարգման աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը (2743), որին հաջորդում են Ուկրաինան (2707), Չինաստանը (2665) և Ֆրանսիան (2663):

Leave a Reply

css.php