«Մանկական Եվրատեսիլ-2012». հայ «բիթլզները» պատրաստվում են նվաճել եվրոպական բեմահարթակը

Ֆոտոլուր
Ֆոտոլուր

Հայ մերօրյա «բիթլզները», ովքեր մի քանի օրից կհայտնվեն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, արդեն Նիդերլանդների մայրաքաղաքում են, որտեղ այս տարի կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը:

Դեկտեմբերի 1-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում «Մանկական Եվրատեսիլ» տասներորդ երգի մրցույթում, որին մասնակցում է 12 երկիր, Հայաստանը կներկայացնի Compass Band խումբը՝ բոլոր աղջիկներին ժպտալու կոչ անող Sweetie baby երգով:

2011-ի նոյեմբերին Երևանի Չեխովի անվան դպրոցի 13-ամյա 4 աշակերտներից (Դավիթ Պարոնիկյան, Արշավիր Գրիգորյան, Արամ Ծատուրյան և Աբրահամ Ազնաուրյան) կազմված խումբը մեկ տարվա ընթացքում հասցրել է բազմաթիվ համերգներով հանդես գալ:

Իսկ սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2012»-ի հայաստանյան եզրափակիչ փուլում 17 մասնակիցներից հաղթող ճանաչվեց հենց տղաների խումբը:

«Մեծ պատասխանատվություն է, որ մեր երկիրը ներկայացնում ենք նման մեծ մրցույթում: Մեզ համար մրցակից ենք համարում Իսրայելին, Հոլանդիային, Ռուսաստանին, սակայն կարևորը` մենք հաճույք ստանանք մեր կատարումից»,- անցյալ շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էին Compass band խմբի երեխաները՝ հավելելով, որ իրենց խմբին տրվել է compass անվանումը, քանի որ տղաներից յուրաքանչյուրն իրեն համարում է աշխարհի չորս կողմերը:

«Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը անցյալ շաբաթ հայտնեց, որ նոյեմբերի 30-ին կլինի մրցույթի գլխավոր փորձը, իսկ մինչ այդ կնկարահանվեն տեսաբացիկները, որոնցում այս տարի կլինեն նաև վավերագրական կադրեր, ինչի համար նկարահանվելու են նաև մասնակիցների շարժը, փորձերը:

«Կոտրենք սառույցը» կարգախոսով անցկացվող մրցույթին Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան անգլիական «Բիթլզ» խմբի ոճով: Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի նկարահանած Sweetie Baby տեսահոլովակը ևս նրանց ոճով է արված:

«Մենք չենք կրկնօրինակելու նրանց, այլ փորձելու են նմանվել այդ խմբին: Այսպես մենք ուզում ենք ցույց տալ, թե որքան ենք սիրում «Բիթլզին»,- հայտարարել էին պատանիները:
Սակայն աշխարհահռչակ «Բիթլզ» խմբին կրկնօրինակելու գաղափարը Հայաստանում այնքան էլ միանշանակ չի ընդունվել, և երկրում կրկին ծայր են առել արդեն ավանդական դարձած նախաեվրատեսիլյան քննարկումները:

Հանրահայտ ջազ երաժիշտ, «Կատուներ» քառյակի անդամ Վահագն Հայրապետյանը ընդհանուր առմամբ վերապահումով է մոտենում այս մրցույթին, քանի որ այն, ըստ Հայրապետյանի՝ «ոչինչ չի տալիս» և շատ անգամ միայն «կոտրում է երեխաներին»: Նրա կարծիքով` այդ մրցույթների վրա ծախսվող գումարներով կարելի է մի քանի տաղանդավոր երեխաների օգնել ուսում ստանալու, գործիքներ գնել և այլն:

«Երևի պետք է ամեն մեկն իր ոճով հանդես գա` ուրիշի տնազն անելու փոխարեն: «Բիթլզի» տնազն անելով` նրանց ենք գովազդում, մինչդեռ նրանք այդ գովազդի կարիքը հաստատ չունեն,- «ԱրմենիաՆաուին» ասում է երաժիշտը` այնուամենայնիվ ավելացնելով,- Աստված տա` լավ հանդես գան»:

Մինչդեռ հայկական շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներից Սոֆի Մխեյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ բիթլզյան ոճը կարող է լավ «ֆիշկա» լինել, որից երեխաները միայն օգուտ կունենան:

«Չպետք է ամեն քայլի մեջ բացասականը տեսնել, սա լավ հնարավորություն է, որը հնարավորություն կտա աշխարհին ներկայացնելու հայ տաղանդավոր երեխաներին»,-ասում է երիտասարդ երգչուհին:

Leave a Reply

css.php