Մայիսի 28-ը արձանագրումն էր հայերի ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի. Սերժ Սարգսյան (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնակատարությունը ավանդույթի համաձայն անցկացվեց Սարդարապատում, որտեղ էլ 95 տարի առաջ 1918թ. մայիսյան հաղթանակներով՝ Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, պայմանավորեց Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը։

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում էր նաև ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի պետական և հոգևոր իշխանության ներկայացուցիչները։

Ողջույնի իր խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը կերտվեց միասնականության շնորհիվ՝ դաշնակցականով ու կոմունիստով, շինականով, բոլորով։ «Մի փոքր մասի համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը։ Դիմագրավեցինք և հետ շպրտեցինք թշնամուն, որի հակահայ ծրագրերի մասին չունեինք ոչ պատրանքներ և ոչ էլ կասկածներ։ Հայաստանի Հանրապետությունը փրկվեց վերահաս աղետից»,- ասաց նա։

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ Եղեռնը կասեցվեց հենց Սարդարապատում՝շնորհիվ հայերի միասնական ոգու։ «Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ է, և նույնիսկ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար ծանր երկունք է։ Մենք չգիտեինք, որ մայիսյան հաղթանակներից մեկ-երկու օր անց անկախություն էինք կերտելու, որը կերտում էինք ուղղակի մարտի դաշտում»,- նշեց նախագահը։

ՀՀ նախագահը նշեց, որ 1918թ.-ի մայիսի 28-ը արձանագրումն էր հայերի ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի, մեր ժողովրդի արիության և փառքի ուժի, ինչն ըստ նրա, իր շարունակությունն ունեցավ Արցախյան գոյամարտում։

«Այսօր հայ զինվորի խրոխտ ոգին ու քայլերը լավագույն ապացույցն են մեր լինելու և հաղթելու բանաձևի համար։ Սևակն ասում էր՝ «սերունդներ, դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։ Կարևոր պատգամ է, որ մեզ թողել են։ Եղե՛ք միասնական, եղե՛ք պետականորեն կազմակերպված, ապավինեք սեփական ուժերին։ Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել պետականությունը, այլ դրանք տանել դեպի լուրջ բարձունքներ։ Այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով, որպես ազատ և անկախ պետության հպարտ քաղաքացիներ։ Շնորհավորում եմ այս փառահեղ տոնի կապակցությամբ։ Մեր ժողովրդին հաջողություններ, իսկ մեր երկրին խաղաղություն և վերելք։ Փառք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին, Փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք ՀՀ զինված ուժերին»,- եզրափակեց նա։

Leave a Reply

css.php